JAMnews. «Ադրբեջանի նախագահի հերթական հոխորտանքը և այն, որ նշում է, թե մեզ խաղաղության պայմանագիր պետք չէ, ՀՀ-ն ֆաշիստական պետություն է, ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ալիևը պատրաստվում է նոր ժամանակին, նոր ժամանակը կսկսվի մոտ 10 օր հետո, երբ Թրամփը իշխանություն կունենա ԱՄՆ-ում։ Հայաստանը ևս պատրաստվում է դրան, և Ալիևը տեսնում է դա»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքներն ուղղված են Հայաստանի զարգացումը թույլ չտալուն, քանի որ Ալիևը տեսնում է՝ չի ստացվում «մաշեցնել Հայաստանի ներուժը»։ Ղևոնդյանի տեղեկությունների համաձայն՝ խոսքը միայն սպառազինությունների ձեռքբերումը կանխելու մասին չէ։ Ասում է՝ սպասվում է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն՝ խորացնելով գործակցությունը տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Ալիևը փորձում է իր մասին հիշեցնել ոչ թե Հայաստանին, այլ ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը։ Ասում է՝ պատճառը ոչ միայն Երևանի կողմից սպառազինությունների ձեռքբերումն է, այլև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը։ Ըստ Ղևոնյանի՝ հաջորդ շաբաթ Նահանգներում ստորագրվելու է ռազմավարական գործընկերության համաձայնագիր․
«Շատ մեծ համոզմունք ունեմ, որ այդ համաձայնագիրը ոչ թե բայդենյան, այլ թրամփյան ԱՄՆ-ի և ՀՀ միջև է լինելու, թեև կարծես թե ստորագրվելու է մինչև Թրամփի երդմնակալության արարողությունը։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում Բայդենի վարչակազմն ու թրամփականները համաձայնեցված են գործում արտաքին քաղաքական դաշտում»։
Կարդացեք նաև
Ասում է՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործակցությունը նույնը չի լինելու, ինչ ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցությունն էր նախքան 2020 թ․-ը և փաստաթղթային մակարդակում՝ մինչ օրս, պարզապես փոխհարաբերությունները բարձրանալու են այլ մակարդակի․
«Սա նշանակում է՝ ՀՀ-ն ավելի մեծ ակնկալիքներ կարող է ունենալ Նահանգներից՝ առաջին հերթին, տնտեսության ոլորտում, անվտանգության ոլորտում, բայց այլ ոլորտներում ևս, ինչն անհանգստացնում է տարածաշրջանի որոշ խաղացողների»։
Քաղաքագետի խոսքով՝ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի առաջընթացը, զարգացումը թույլ չտալուն։
«Ալիևը տեսնում է՝ անկախ նրանից, որ երկար ժամանակ փորձում է «մաշեցնել» ՀՀ ներուժը, օրինակ՝ ստանալ ենթակառուցվածքներ, բայց Հայաստանը դրանցից չօգտվի, չի ստացվում, այդ մարտավարությունը չի աշխատում։ ՌԴ դրդմամբ Ադրբեջանն անընդհատ խոսում է «միջանցքի» մասին, բայց դա էլ չի ստացվում անել այնպես, ինչպես ուզում է ՌԴ-ն, և ինչին դեմ չէ Ադրբեջանը։ Այս ամենը բերում է նրան, որ Ադրբեջանի հռետորաբանությունը կոշտանում է, սպառնալիքներն ավելանում են»,- պարզաբանում է նա։
«Արևմտյան ադրբեջանցիների» հետ բանակցելու պահանջ
Ինչ վերաբերում է Հայաստանի «ֆաշիստական երկիր» լինելու մասին պնդումներին, ըստ նրա, դրանց արձագանքելու բազմաթիվ օրինակներ կան։ Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը, 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մասսայական ոչնչացման զենքի օգտագործումը, հայկական մշակութային կոթողների ոչնչացումը։
Կարծում է՝ առանց խաղաղության պայմանագրի «քաղաքականություն իրականացնելու» Բաքվի ուղերձն ուղղված է ոչ թե ՀՀ-ին, այլ Արևմուտքին՝ առաջին հերթին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային․
«Փաստացի Ալիևը կոչ է անում ուժեղացնել ՀՀ հանդեպ ճնշումը, որպեսզի Հայաստանը բավարարի իր պահանջները։ Չզինել Հայաստանին՝ հակառակ դեպքում Բաքուն ամեն ինչից կհրաժարվի։ Այս շանտաժը դժվար թե իր նպատակին հասնի»։
Ռոբերտ Ղևոնդյանի պնդմամբ՝ ակնհայտ է, որ այն երկրները, որոնք ՀՀ հետ ունեն պայմանագրեր, հետ չեն կանգնելու իրենց աշխարհաքաղաքական շահերից այն պատճառով, որ Ալիևը Բաքվից հայտարարել է, թե պայմանագրերը պետք է չեղյալ համարվեն։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Բաքուն ուզում է զբաղեցնել Ռուսաստանի տեղը, որպեսզի Երևանի հետ կնքվելիք բոլոր գործարքները նախևառաջ համաձայնեցվեն իր հետ․
«Ադրբեջանն ուզում է, որպեսզի այդ հարցերն իր հետ քննարկի ոչ թե Հայաստանը, այլ այն երկրները, որոնք ցանկանում են ՀՀ հետ փոխհարաբերություններ ունենալ։ Իսկ հետո ինքը որոշի՝ թույլ տալ այս կամ այն գործարքն իրականացնել, թե՝ ոչ»։
Ղևոնդյանը կարծում է՝ Բաքվից հնչող սպառնալիքները Երևանը չպետք է ընկալի որպես «կրակոցներ օդում»։ Շեշտում է՝ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դիմակայելու հնարավոր ագրեսիային։
Ներկա պահին քաղաքագետը նոր էսկալացիան հավանական չի համարում, բայց չի բացառում, որ իրավիճակը կարող է սրվել Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։
«Եթե ԱՄՆ նոր ղեկավարությունը որոշի, որ Հարավային Կովկասում իրենք շահեր չունեն և դուրս գա Կովկասից, այսինքն՝ ծայրահեղ բևեռացված տարբերակի դեպքում, ապա Բաքուն կարող է փորձել էսկալացիայի, ուժի միջոցով վերցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», նույնիսկ ամբողջ Սյունիքը։ Կարող է նաև դաշնակիցներ գտնել՝ առաջին հերթին, ի դեմս Ռուսաստանի, հետո նաև Թուրքիայի»,- ամփոփել է փորձագետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: