Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։ Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։ Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։ Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։
Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։ Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։
Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:
Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։ Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:
Կարդացեք նաև
Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր: Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։