Լրահոս
Օրվա լրահոսը

Անխուսափելի հարց է ծագում, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա. «Փաստ»

Հունվար 09,2025 09:00

Ո՞րն էր Տիրան Խաչատրյանին Նոր տարվա առաջին օրերին, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին ձերբակալելու, ապա կալանավորելու հրատապությունը: Սա իսկապես հետաքրքիր է: Իսկ փաշինյանական Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արծարծվող հանգամանքներն ավելի են ուժգնացնում այդ հետաքրքրականությունը:

Նախ՝ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել նախկին բարձրաստիճան զինվորականին: Պաշտոնական վարկածը այս է. «…2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն, նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ապա նկարագրվում են ծանր հետևանքները, որոնց հանրագումարային շեշտադրումն այն է, որ պատերազմը տանուլ է տրվել գերազանցապես ու բացառապես Տիրան Խաչատրյանի մեղքով:

Եվ այստեղ է, որ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից կշեշտենք մի քանի, մեր կարծիքով՝ առավել էականները:

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի քան 4 տարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած մինչև 2025 թ. հունվարի 3-ը, երբ Տիրան Խաչատրյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննել է 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառները, բայց միայն «երեկ չէ առաջին օրն» է տեղեկացել այն մասին, որ Տիրան Խաչատրյանը ինչ-որ շատ կարևոր բան չի արել, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել: Այսինքն, 4 տարի չգիտեին, միայն երե՞կ իմացան:

Երկրորդ, և սա առանցքային պահ է: Նիկոլ Փաշինյանը, որի մասին նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը պատերազմի սկզբին շեշտում էր, թե «հանկարծ չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», ՔԿ քննած «գործի» մեջ նշված 2020 թ. հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածի (ու ոչ միայն) Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բառացիորեն գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրեն անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»։

Տեղին կլիներ՝ «այ քեզ բա՜ն» արտահայտությունը, բայց՝ ավելի լուրջ: Ստացվում է, որ Քննչական կոմիտեն, հասկանալի է, թե ում պահանջով, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրում ու հետապնդում է մի բանի համար, ինչի համար նա դեռ 4 տարի ու երկու ամիս առաջ նույն «գերագույն-գլխավորի» կողմից արժանացել է մեծ դրվատանքի ու… Ազգային հերոսի կոչման:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի գրառման մեջ հիշատակված Անդրանիկ Փիլոյանը, որ նույնպես արժանացել է Ազգային հերոսի կոչման, իսկ պատերազմից հետո էլ նշանակվել էր ԱԻՆ ղեկավար, մոտ մեկ տարի առաջ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման… «խոշոր չափերով կաշառքի», խարդախության և մի քանի այլ մեղադրանքներով՝ այն ժամանակ աղմուկ հանած «ջեռուցման կաթսայի» գործով:

Սա, միջանկյալ նկատենք, որպես դաս բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Փաշինյանի հետ կարելի է կամ կարող են անհետևանք համագործակցել: Փաշինյանին սատարած, նրան ենթարկված, նրա իշխանությանը ծառայած ոչ մի գործող անձ անպատիժ չի մնալու և, որպես ճակատագրի դառը հեգնանք, նախ՝ հենց Փաշինյանի կողմից է պախարակվելու ու պատժվելու: Ու պատժվում են… Դե, իսկ Տիրան Խաչատրյանի դեմ էլ երևի այլ բան չեն կարողացել գտնել, որոշել են պատժել այն բանի համար, ինչի համար նրան Ազգային հերոսի կոչում են շնորհել: Ու այստեղ անխուսափելի հարց է ծագում առ այն, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա: Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել: Ինչի՞ց ելնելով է Փաշինյանը խոսել «փառքով պսակելու» մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031