Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես արգելափակեցին Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների վերաբնակեցումը

Հունվար 09,2025 22:30

ՄԱՍ 2.

Սկիզբը` այստեղ

Ու այսպիսով, հայկական իշխանությունները «ահաբեկված» Ադրբեջանի կողմից քարոզվող «Հայաստանը օկուպանտ է» և «գրավյալ հողերի վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն է տանում» թեզերից, ու արտաքին քաղաքականության ռազմավարության բացարձակ բացակայության պայմաններում ոչ միայն չտարան արդյունավետ վերաբնակեցում Արցախի ազատագրված 7 շրջաններում, այլև  կասեցվեց Արցախի Հանրապետության ազգաբնակչության աճը: Մեկ անգամ չէ, որ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելության ընթացքում չեն թաքցրել իրենց զարմանքն Արցախի, հատկապես` ազատագրված տարածքների բարձիթողի վիճակի հետ կապված:
2011-2012 թթ. արցախյան իշխանությունները որոշակիորեն աջակցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների վերաբնակեցմանը: Այդ օրերին վերադարձան 2004 թվականին հեռացած շատ փախստականներ, արդյունքում Քաշաթաղում վերաբնակիչների թիվը ավելի քան 10 000 էր, իսկ Քարվաճառում`շուրջ 3 500:

2011 թվականի նոյեմբերին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը ներկայացրել էր Հակարի գետի հովտում փախստականների համար Բագվան (Բագարան) քաղաքի կառուցման նախագիծը. ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես տեխնիկական մտավորականության մոտ։ Բայց 2012 թվականի աշնանը մեզ հաղորդեցին, որ քաղաքի կառուցման նախագծին եղել է արձագանք Բաքվից` ոչ միայն մամուլում, այլև եղել է զանգ Բաղրամյան 26-ին, որտեղից հետևել է պատասխան, թե «հանգիստ եղեք, ինչ-որ փախստականներ ինչ-որ բաներ են խոսում…»: Երևի հենց նման մի զանգն էլ կոտրեց ու կանխեց 2011-2012 թթ. վերաբնակեցման նոր թափը…

2012 թվականի օգոստոսի վերջին այցելեցինք Արցախ, Տիգրանակերտում նռան բաղերին հարակից նախկին թրքական գյուղում բնակվող հայ փախստականից իմացանք, որ իրենց գյուղում, ընդհանրապես, էլեկտրականություն չկա, ու բացատրությունը մեկն էր, որ փախստականները չմնան այդ գյուղում, հեռանան ու չխանգարեն նռան բաղերին ու նրանց գեներալ-տերերին:

2014 թվականին Բաքվից փախստականի ընտանիքը` ամուսինները և երկու որդիները, ցանկություն հայտնեցին տեղափոխվել և ապրել Արցախում: Մեր զանգին Արցախի կառավարության անդամը զարմանքով արձագանքեց, թե ո՞ւմ հողն են զիջելու այդ ընտանիքին, և որ այդ ընտանիքի վերաբնակեցումն անհնար է: Ի պատասխան մեր հարցադրումների քանի՜ անգամներ են իշխանավորները հիմնավորել, որ ափսոս է այդ հողերը թողնել բնակավայրերի տակ:

2016 թվականի հոկտեմբերին, արցախյան երկրորդ պատերազմից հետո, մի խումբ երիտասարդ մտավորականների հետ այցելեցինք Հակարի գետի հովիտ, Իշխանաձորի մոտակայք, փախստականների համար Բագվան (Բագարան) քաղաքի կառուցման խնդիրը կրկին բարձրաձայնելու համար:  Երևան վերադառնալուց հետո մեր կազմակերպած քննարկմանը ոչ պաշտոնական մասնակցություն ունեցան Երևանում ԵՄ գրասենյակի և Իրանի դեսպանատան աշխատակիցները: Սակայն, նույնիսկ երկրորդ արցախյան պատերազմը «չկարողացավ» ստիպել հայկական իշխանություններին ընթացք տալու Արցախի Հանրապետության ազատագրված տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների վերաբնակեցմանը:

2016 թվականին ՀՀ առաջին նախագահը բարձրաձայնեց մի կարևոր բանաձևի մասին` <<անջատում հանուն փրկության>> (remedial secession), սակայն շեշտեց, որ այդ սկզբունքը կարևոր է միայն` իր պատկերացմամբ, ԼՂԻՄ-ի համար: Մենք դիմեցինք նրան բաց նամակով առաջարկեցինք բանակցային գործընթացում պաշտպանել Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների շահերը, որոնք 1987-1992 թվականներին Ադրբեջանական իշխանությունների կողմից հայության դեմ կազմակերպած ու  իրականացրած   ցեղասպանության արդյունքում են դարձել փախստական, ու այսօր էլ հայ փախստականների մի փոքր հատվածը հանուն փրկության անջատվել ու բնակվում է ազատագրված տարածքներում` Արցախի ինքնապաշտպանության ուժերի հովանու ներքո:

Սակայն, որևէ տիպի արձագանք մեր նամակին առաջին նախագահից այդպես էլ չհետևեց:

Փաստենք այն հանգամանքը, որ Արցախի վերաբնակեցման ազգային վերականգնողական  ու եղեռնագործությունը կանխող հարցը հայկական բոլոր իշխանությունները արդեն 1993 թվից վերաձևեցին ու հարմարեցրին Մինսկի Խմբում տաքուկ նստած Թուրքիայի հայության դեմ տարվող հարկադրման քաղաքականությանը: Դեռևս 1995 թվին ակտիվ շրջանառության մեջ դրված 7 շրջանները «վերադարձնելու» անհրաժեշտության ու անխուսափելիության գաղափարը, որը ցանկացած պահի իրողություն դառնալու սպառնալիք էր, ու միակ զսպող հանգամանքը իշխանական թիմի համար` վերընտրվելու հնարավորությունը չկորցնելն էր: Մեջ բերվեցին «ադրբեջանցի փախստականների»  գոյության կեղծ թեզը, ապա և նրանց միակողմանի վերադարձի խնդիրը, շրջանցվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառները և նրանց գոյությունը, նրանց կյանքի և վերադարձի իրավունքը:

Ինչպես ցույց են տալիս հետահայաց հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ապա 2000-2001 թթ քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

  1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,
  2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
  3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով»:

Եվ այստեղ ոչ մի խոսք հայ փախստականների վերադարձի իրավունքի կամ էլ ինչ-որ համաչափ վերադարձի մասին:

2020 թվականի պարտվողական պատերազմի հետո որոշ պաշտոնյաներ սկսել են հիշել Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին, իբրև տարվել են բանակցություններ համաչափ վերադարձի շուրջ, որ հայ փախստականները վերադառնան Բաքու և Գյանջա/Կիրովաբադ, իսկ «ադրբեջանցի փախստականները» ԼՂԻՄ, զուգահեռաբար ժխտում են Շուշի «ադրբեջանցի փախստականների» վերադարձի շուրջ տարված բանակցությունների մասին: Որոշ հայ դիվանագետներ խոստովանում են, որ իբրև բանակցությունների ժամանակ քննարկել են Շահումյանից հայ փախստականների վերադարձի հարցը` ի հակակշիռ ու համաչափություն Շուշի «ադրբեջանցիների» վերադարձի, սակայն, թե ի՞նչ անվտանգության մեխանիզմներ պետք է գործեին Բաքվում, Գյանջա/Կիրովաբադում, Շահումյանում կամ էլ Շուշիում հայ ազգաբնակչության համար, և այդ խնդիրը քննարկվե՞լ է, արդյոք, մնում է անհայտ:

Չի խոսվել հայ փախստականների վերադարձի մասին, և դա են  փաստացի ցույց տալիս այսօր` պարտվողական պատերազմից հետո` քաղաքական քննարկումները, խոսել են միայն  «ադրբեջանցի փախստականների» վերադարձի մասին, քանի որ բոլորի համար` թե՛ Եվրոպայի, թե՛  ԱՄՆ-ի, թե՛  Ռուսաստանի, ու առավել ևս հայկական կողմից բանակցողների համար պարզ էր, որ հայը թե վերադառնա Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, նրա անվտանգությունը բացարձակ ապահովված չի լինի: Դեռ ավելին, հայկական կողմը ահաբեկված էր, որ Ադրբեջանը կարող է բարձրացնել նաև Հայկական ԽՍՀ-ից հեռացած 160 000 «ադրբեջանցիների» վերադարձի հարցը, որոնց ժամանակին Խորհրդային Հայաստանի կառավարությունը միակողմ կարգով 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների, որպես իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցում, վճարել է, ընդհանուր առմամբ, 70 միլիոն ռուբլի (մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլար): Իսկ ադրբեջանական կառավարությունը հայ փախստականներին ոչ մի փոխհատուցում չի վճարել։

Թվում է, որ հայկական կողմը գոնե պետք է խոսեր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայության դեմ 1988-1992 թթ. իրականացված ցեղասպանության շարունակության մասին, անընդհատ խոսեր իր ցեղասպանված սումգայիթցու, բաքվեցու, գանձակեցու մասին, բայց դա էլ չարվեց: ՀՀ երրորդ նախագահը մի հանդիպման ժամանակ (վկայում է հանդիպման մասնակից հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը) խոստովանել է, որ բանակցությունների ժամանակ թույլ չեն տվել խոսել մինչև 1992 թվականը ընկած իրողությունների մասին: Դրա մասին վկայեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը, ում հետ ես հանդիպում ունեցա 2020 թվականի պատերազմից հետո։ Ու հայ իշխանավորներն ու դիվանագետները, ողջ քաղաքական վերնախավը չեն խոսել, չեն ընդվզել, այլ լուռ ենթարկվել են:

Եզրահանգենք, որ 1991 թվականից արդեն նորաստեղծ երկու պետություններին խեղդող քաղաքական կոռուպցիան վտանգել էր թե ազատագրված տարածքներին, ու թե դրա իրավատիրոջ` Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ճակատագրերը, և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թեժացած հակահայ ցեղասպանական ընթացքում կասկածի տակ է դրել տարածաշրջանում հայության և հայկական պետականության կենսունակությունը, ազգային շահերն ու զարգացումը: Իսկ իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերի ու ազգաբնակչության թվի կոծկումը ծառայեց միայն կոռուպցիոն գործարքներին, բայց ոչ որպես անվտանգային հարց ու պետական գաղտնիք:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031