Երբ փորձում եմ ինչ-որ բան գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կամ ինչ-որ համատեքստում պարզապես հիշատակում եմ նրա անունը, պարտադիր հայտնվում են «հեյթերների» եւ «ապոլոգետների» խմբեր, որոնք գրում են իրենց մեկնաբանությունները: Ընդ որում, իմ տպավորությամբ, նրանք չեն էլ կարդում, թե ինչ եմ գրում՝ այնքան ուժեղ զգացմունքներ է նրանց մեջ առաջացնում առաջին նախագահի անունն անգամ:
«Հեյթերները» հիշում են այն բոլոր անհեթեթ, ֆանտաստիկ պատմությունները (ռուսերեն լավ բառ կա՝ байки), որոնք տարածված էին 1990-ականներին՝ «լափած մազութը», «էլեկտրականությունը զեմլյա տալը», «գազատարները պայթեցնելը» եւ այլն: Կամ՝ «Լեւոնը դեմ էր, որ մենք Շուշին ազատագրենք»: Կամ՝ «Ես իմ ականջով եմ լսել, որ Լեւոնն ասել է…», եւ հետո բերում են ինչ-որ մի արտահայտություն, որն անգամ բառապաշարի մակարդակով առաջին նախագահին չեն կարող պատկանել: Ես միշտ նման դեպքերում խնդրում եմ բերել այդ «ականջով լսածի» ձայնագրությունը կամ տեսագրությունը, բայց երբեք չեմ ստանում փաստացի ապացույցներ:
«Ապոլոգետները», որոնք, ընդունենք, ավելի փոքրաթիվ են եւ կրթված, առաջին նախագահին վերաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես շիա հավատացյալները իմամներին, որոնք, ինչպես հայտնի է, որեւէ կասկածից կամ քննադատությունից դուրս պետք է լինեն: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է խոսել 1995-96 թվականների կասկածելի ընտրությունների, կամ 1991-1998 թվականների ընթացքում տեղի ունեցած կամայականությունների, բռնությունների, սպանությունների մասին:
Այնինչ ցանկացած մահկանացու, ինչպես եւ ցանկացած դարաշրջան ունի իր լույսն ու ստվերը: Կարծում եմ, դրա հետ հնարավոր չէ վիճել: Օրինակ, ակնհայտ է, որ 1994 թվականից հետո ուժայիններին տրվեցին չհիմնավորված իրավասություններ, ինչը շատ հարցերում նրանց դարձրեց անվերահսկելի: 2007-09 թվականներին Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական կառույցը (հետագայում՝ ՀԱԿ-ը) դրսեւորում էր անընդունելի ագրեսիվություն եւ անհանդուրժողականություն՝ դրանով իսկ ստեղծելով «նիկոլականության»՝ շանտաժով համեմված հիստերիկ դոգմատիզմի, սաղմերը:
Կարդացեք նաև
Բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն նախագահն է, որի իշխանության օրոք, մի քանի դար ընդմիջումից հետո, մենք կարողացել ենք ազատագրել հայկական տարածքների մի մասը: Դա պատմական մեծ նվաճում է եւ իմ անսահման հպարտության առարկան, որի առաջ խամրում են բոլոր տեսակի թերություններն ու բացթողումները: Այդ նվաճումը մենք ունեցել մեր ժողովրդի հերոսական (այո, հերոսական) պայքարի եւ Տեր-Պետրոսյանի ընդունած ճիշտ որոշումների շնորհիվ: Այդպես էլ կհիշվի առաջին նախագահը պատմության մեջ: Նրա որդեգրած քաղաքական կուրսն իր հիմնական սկզբունքներով ճիշտ էր, եւ եթե մենք ուզում ենք հետագայում նույնպես հաջողություններ ունենանք, մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք նրա ժառանգությունը:
Առողջություն եւ երկար կյանք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Լևոնական չեք, բայց …
Ատելությունն ու սերը մարդկային զգացմունքներ են։ Անհնար է արգելել ատել ստրկությունը կամ սիրել ազատությունը, ատել թշնամուն կամ սիրել բարին կամեցողին:
ԼՏՊ-ի հետևորդների և աստվածացնողների՝ «ապոլոգետների» համար, երբ խոսքը վերաբերում է նրան, ես դառնում եմ «հեյթեր»: Այո, արդեն 35 տարի է (սկսած այն պահից, երբ ԼՏՊ-ն և նրա «համախոհները», այդ թվում՝ Դուք, «օկուպացրին» «Ղարաբաղ» թիվ 1 կոմիտեն) ես հակակրանք ունեմ նրա (ԼՏՊ-ի) հանդեպ՝ որպես հոգեառի:
Այո, մենք կարողացել ենք ազատագրել հայկական տարածքների մի մասը: Բայց Ձեր՝ որպես ԼՏՊ-ի նախկին մամուլի քարտուղարի թաքնված քարոզչության նպատակը՝ հավերժացնել նախկին նախագահի անունը պատմության մեջ և սրբագրել: Իսկ ես կարծում եմ, որ նրա տեղը Բարխուդարի կողքին է ու կկիսի Օլիվեր Կրոմվելի հետմահու ճակատագիրը:
Նա, էությամբ դիլետանտ գործիք լինելով, «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսի ներքո, բնազդաբար հիմք դրեց վերջի սկզբին:
Ինչպես դաշնակցականների ժառանգությունն էր «Ալեքսանդրապոլի պայմանագիր»-ը, այնպես էլ ԼՏՊ-ի միակ քաղաքական ժառանգությունը մնալու է «Քարվանսարայի վիկիդիշի ակտը»:
Յստակ է որ դուք ուզում էք այդպէս գրել, խմբագրել Առաջին Նախագահի պատմութիւնը, Հայոց Պատմութեան մէջ:
Դեհ, երեւի ուրիշներ ալ տարբեր կերպով պիտի գրեն ու արձանագրեն զայն:
Նայինք, թէ որմէկ հոսանքը միւսէն աւելի համոզիչ կը հանդիսանայ՝ գալիք սերունդներուն համար:
Մ. Հայդուկ Շամլեան