Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք պետք է նահանգ դառնան»․ Թրամփի նվաճողական նկրտումները

Հունվար 08,2025 23:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպիտակ տուն վերադառնալուց օրեր առաջ՝ հունվարի 7-ին, Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր առանձնատանը տված ասուլիսում հանդես է եկել այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններով։

ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահը կրկնել է իր այն թեզը, թե Նահանգների հյուսիսային հարևան Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգն՝ ընդգծելով, որ միայն այդ դեպքում կարդարացվի ամերիկյան ահռելի ծախսը Կանադայի անվտանգության համար։

«Ինչո՞ւ ենք մենք աջակցում մի երկրի՝ տրամադրելով տարեկան ավելի քան երկու միլիարդ դոլար…Նրանք պետք է նահանգ դառնան», – նշել է Թրամփը՝ բացառելով դաշնակից Կանադան Ամերիկայի մաս դարձնելու ճանապարհին ռազմական ճնշման կիրառման հնարավորությունը։

«Տնտեսական ճնշման կդիմենք», – հավելել է նա։

Թրամփը, սակայն, չի բացառել ռազմական ճնշում կիրառելու հնարավորությունը Պանամայի ջրանցքը և Դանիային պատկանող Գրենլանդիա կղզին ձեռք բերելու համար։

«Մեզ նրանք պետք են տնտեսական անվտանգության համար․․․Պանամայի ջրանցքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Չինաստանն է այն համակարգում, Չինաստանը։ Մենք Պանամայի ջրանցքը Պանամային ենք տրամադրել, այլ ոչ Չինաստանին։ Պանաման շահագործել է այդ նվերը: Այն ի սկզբանե պետք չարվեր», – համոզմունք է հայտնել ընտրված նախագահը։

Գրենլանդիայի մասով էլ ասել է․ «Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ես այդ տեսակետին ծանոթացել եմ շատ վաղուց, նախքան թեկնածությունս դնելը»։

 

Կանադայի հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ի իր միկրոբլոգում երկլեզու գրառմամբ անդրադարձել է պաշտոնը ստանձնել պատրաստվող Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

«Կանադայի՝ Միացյալ Նահանգներում հայտնվելն այնքան հավանական է, որքան ձնագնդիկի հայտնվելը դժոխքում», – նշված է վարչապետի գրառման մեջ։

Պանամայից էլ Թրամփի հայտարարություններին անդրադարձել է երկրի գլխավոր դիվանագետը։

«Ջրանցքը համակարգվում է բացառապես պանամացիների կողմից և այդպես էլ կմնա․․․Մեր ջրանցքի [նկատմամբ] ինքնիշխանությունը բանակցությունների ենթակա չէ։ Այն մեր պատմության մաս է կազմում և անշրջելի նվաճում է», – պնդել է ԱԳ նախարար Խավիեր Մարտինեզ-Աչան։

Պանամայի նախագահ Հոզե Ռաուլ-Մուլինոն անձամբ չի արձագանքել նախագահ Թրամփին, բայց իր երկրի նկատմամբ նախորդ տարեվերջին Թրամփի նույնական հայտարարությունից հետո շեշտել էր՝ ջրանցքը միշտ կմնա Պանամայի վերահսկողության ներքո։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն էլ դրական է գնահատել ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը սառուցյալ օվկիանոսի տարածաշրջանի հանդեպ, բայցև նշել է, որ այդ հետաքրքրությունը պետք է հարգի Գրենլանդիայի բնակչությանը։

Գրենլանդիայի վարչապետ Մյութ Էգեդեն բացառել է կղզու միացումը Նահանգներին։

«Գրենլանդիան մերն է։ Մենք վաճառքի ենթակա չենք և երբեք չենք լինի։ Մենք չենք կարող ընդհատել ազատության համար մեր պայքարը», – հայտարարել է կղզու վարչապետը։

Հատկանշական է, որ 56 հազար բնակչություն ունեցող գրենլանդական կղզին, որն օժտված է լայն ինքնավարությամբ և անկախության իրավունքով, ոչ այնքան միանշանակ հարաբերություններ ունի Դանիայի Թագավորության հետ, որի մաս է կազմում։

Տարեվերջին վարչապետ Էգեդեն հայտնել է անկախացման գործընթաց մեկնարկելու և «գաղութատիրության շղթաներից» ձերբազատվելու մտադրության մասին։

Նվաճողական այս ասուլիսում Դոնալդ Թրամփը տեղեկացրել է նաև Մեքսիկական ծոցը «Ամերիկյան ծոց» վերանվանելու մտադրության մասին։

««Ամերիկյան ծոց»․ որքա՛ն գեղեցիկ է հնչում», – համոզված է Թրամփը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031