Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտը՝ անձնական պարտություն Շառլ Միշելի համար». «Ազատություն»

Հունվար 08,2025 22:44

«Ազատություն». Ինչպես Շառլ Միշելը հայտնվեց Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտում, ներքաշվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև կոշտ հակամարտության մեջ և արդյունքում ինքը խորտակվեց սեփական խնդիրներում․ Politico պարբերականը հրապարակել է հատված Հարավային Կովկասի զարգացումները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Գաբրիել Գևինի հեղինակած և դեռևս լույս չտեսած գրքից։

«Մեր հայրերի աճյունը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գրքում Politico-ի թղթակիցը նկարագրում է, թե ինչպես է տասնամյակների հակամարտությունը հանգեցրել նորագույն պատմության սարսափելի հումանիտար աղետներից մեկին:

Ամերիկյան առաջատար պարբերականում հրապարակված հատվածը նվիրված է հայ – ադրբեջանական գործընթացում Եվրամիության՝ մասնավորապես դաշինքի ղեկավարներից Շառլ Միշելի, միջնորդական դերակատարությանը, կամ ինչպես գրքի հեղինակն է փաստում՝ ձախողված ջանքերին:

«Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտն, ըստ ամենայնի, Ռուսաստանի ազդեցության նվազման ազդակ էր, որն Ուկրաինա նրա աղետալի ներխուժման հետևանքով էր, բայց դա նաև անձնական պարտություն էր Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի համար», – պնդում է բրիտանացի լրագրողը։

«Մոտ երկու տարի շարունակ, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակ եվրոպական գործերի հետ կապված հարցերով, նրանց մերժում էին մի պարզ պատասխանով՝ նա զբաղված է Հարավային Կովկասում պատերազմը կանխելու հարցով», – գրքում պատմում է Բրյուսելում տեղակայված լրագրողը՝ հիշեցնելով, որ մինչ Միշելը պատերազմ էր փորձում կանխել, դաշինքի մյուս ղեկավարը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հակամարտող կողմի՝ Ալիևի վարչակազմի հետ ադրբեջանական գազային համաձայնագրի կնքման ուղղությամբ էր աշխատում։

Գևինի համոզմամբ՝ Միշելի ջանքերն ի սկզբանե էին տուժել, քանի որ չկար ընկալում՝ «ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են իրար հետ, ըստ եվրոկրատների, դա առնվազն նշանակում է, որ նրանք չեն կրակի միմյանց վրա։ Մինչդեռ իրականում նրանք թե՛ մեկն էին անում և թե՛ մյուսը, գրում է տարածաշրջանային խնդիրները լուսաբանած լրագրողը։

«Շփման գծի երկայնքով հարյուրավոր զինվորների կյանք խլած գրեթե ամենօրյա բախումները չէին թուլանում, և ԵՄ պաշտոնյաներն անաչառ միջնորդի դերը չկորցնելու վճռականությամբ հրաժարվում էին մեկնաբանել՝ ով է մեղավոր: Ամեն անգամ Բաքվի հասցեին քննադատության նշույլի դեպքում անգամ Ադրբեջանի առաջատար մեկնաբանները բարձրաձայն զգուշացնում էին՝ ԵՄ-ն կորցնում է իր ենթադրյալ չեզոքությունը», – հիշեցնում է Գևինը և հավելելում, որ ԵՄ-ում հույս էին դրել «զգուշավոր դիվանագիտության» վրա։

Հեղինակը նկատում է, որ հենց Եվրամիության միջնորդները խաղաղության հնարավորությունից էին խոսում, հերթական ռազմական բախումն էր վրա հասնում, «բանակցություններն իսկապես խոստումնալից են, պնդում էին նրանք շրջափակման մեկնարկից մի քանի ամիս անց, երբ մարդիկ սոված էին»։

«Մինչդեռ Բաքուն երեք քայլ առաջ էր անում և գովասանքի արժանանում, երբ մեկ միլիմետր նահանջում էր», – նշում է Գևինը։

Politico-ի թղթակցի համոզմամբ` հայ – ադրբեջանական գործընթացում միջնորդի դեր ստանձնած պաշտոնյաները «պարզապես ի վիճակի չէին» գործ ունենալ նման հակամարտության հետ։

«Արևմտյան քաղաքականության ասպարեզում, որտեղ նրանք ինքնադրսևորվում էին, ամենավատը հնարավոր արդյունքներից կարող էր լինել, օրինակ, վատ ձևակերպված ուղերձը, որն, ասենք, կզայրացներ ԵՄ երկրի վարչապետի կամ կվրդովեցներ արդյունաբերական լոբբիստական խմբի: Հիմա նրանք ներքաշվել են դաժան էթնիկ վեճում, որտեղ ամենավատ բանը քո տունն այրվելն է, գլուխդ կտրելը։ Սա պարզապես աներևակայելի մի բան է կարիերային դիվանագետների համար, ովքեր լիովին հավատում էին, թե չկա որևէ խնդիր, որ հնարավոր չլինի լուծել Բրյուսելի նիստերի դահլիճում, սենդվիչների ափսեի շուրջ», – գրում է լրագրողը:

Արցախի անկմանը նախորդած լարված ամիսներին հետևած լրագրողի տպավորությամբ՝ Միշելի ջանքերի տապալումը պայմանավորված էր նաև նրա փորձառության պակասով. բելգիացի քաղաքական գործիչը եվրոպական մի փոքրիկ երկրի կառավարության ղեկավար էր, որը «տիտան չի դարձել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ սեփական գրասենյակում»:

Եվ երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից զանգվածային տեղահանմանը սկիզբ դրած հարձակումը, Միշելը հրաժարվեց իր առաջնահերթ խնդրից ավելի արագ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել, գրում է գրքի հեղինակը և փաստում, որ բացի Ղարաբաղի հայերի իրավունքների հարգելու մասին կոչ-գրառումից նա այլևս երբեք հրապարակավ չանդրադարձավ հարցին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031