Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես արգելափակեցին Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների վերաբնակեցումը. Մարիամ Ավագյան

Հունվար 08,2025 22:11

ՄԱՍ 1.

Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերը որոշիչ դեր ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ թեժացած թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի համար:

Հանրապետության ազգաբնակչության թվի շարունակական անկումը արդեն 2004 թվականից, այնուհետև նոր թափը 2012-ից, լուրջ անհանգստություն հարուցեցին հայ հասարակական-քաղաքական գործիչների մի շերտի մոտ: Հանդիպումները գործող իշխանությունների հետ բացարձակ անպտուղ էին: Իրավիճակը ստիպեց մի խումբ մտավորականների 2005 թվի վերջերին հիմնել “Կուր-Արաքս” վերաբնակեցման և զարգացման հիմնադրամը, սակայն հիմնադրամի գործունեությունը որևէ եղանակով չխրախուսվեց ոչ իշխանությունների, ոչ էլ նրանց վերահսկողության տակ գտնվող ազգային կամ միջազգային կառույցների կողմից: Դրա փոխարեն գործող իշխանությունները ամեն կերպ կոծկեցին իրական պատկերն ու ազգաբնակչության իրական թիվը, ասես իբրև պետական գաղտնիք:

Եթե 1989 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ-ում, որն ուներ շուրջ 4,4 հազար քառակուսի կմ տարածք, ապրում էր 189 085 հոգի, որից 145 450 հայեր և 40 688 ադրբեջանցիներ, ապա 2020 թվականի պատերազմի նախօրեին Արցախի Հանրապետությունում, որն ուներ շուրջ 12 հազար քառակուսի կմ  տարածք, բնակչության պաշտոնական հայտարարված թիվը՝ շուրջ 150 հազար էր: Անկասկած է, որ արցախյան առաջին պատերազմը և դրա հետ էլ անորոշ սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում՝ ազդեցին Արցախի ժողովրդագրական պատկերի վրա, բայց ակնհայտ է նաև, որ երեսուն տարիների ընթացքում Բաքվի ռեժիմից ազատագրված Արցախում ոչ միայն բնակչության բնական աճ չէր գրանցվել, այլև արգելափակվել էր վերաբնակեցումը ու խթանվել արտագաղթը: Սա անվտանգային սպառնալիք էր, հակահայ «ական», որն էլ պայթեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ընդդեմ հայության:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը բազում անգամներ բարձրաձայնել է Արցախի Հանրապետությունում, մասնավորապես երբեմնի Ազատագրված տարածքներում, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին: Վերաբնակեցումը կապահովեր այդ մարդկանց արժանապատիվ կյանքով, մարդիկ, որոնք բավական սուղ պայմաններում մինչ օրս էլ ապրում են Միջինասիական պետություններում կամ էլ Ռուսաստանում, նաև Հայաստանի Հանրապետությունում, մյուս կողմից կամրապնդեր Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների սեփականատիրոջ իրավունքը ազատագրված տարածքների հանդեպ, դրանով էլ, անկասկած, կամրապնդվեր Արցախի Հանրապետության անվտանգային համակարգը:

Այն, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են ազատագրված 7 շրջանների իրավատերը` համաձայն միջազգային իրավունքի, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը իմացավ 2011 թվականին ՀՀ ԱԳՆ բարձրադիր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Սակայն, հայկական իշխանությունները ոչ միայն երբևէ չբարձրաձայնեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության և նրանց իրավունքների վերականգման մասին, այլև չսատարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի գործունեությանը ի բարօրություն հայկական պետականության, դրանով էլ հայկական իշխանություններն ապահովեցին հերթական հակահայ «ականը» ու այսօր արդեն վտանգեցին հայկական պետականությունը:

Անդրադառնանք Արցախի վերաբնակեցման որոշ դրվագների: 1993 թ. դեկտեմբերի 2-ին (մեքենագիր որոշումը թվագրված է դեկտեմբերի 3-ով) ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահութունը (որ այն տարիներին երկրի օրենսդիր գործող մարմինն էր) որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի 7-րդ՝ Քաշաթաղի վարչական շրջանն ստեղծելու մասին, շրջկենտրոնը՝ քաղաք Բերձոր (նախկին Լաչինը), իսկ դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն հրամանագրեց շրջանի Վարչակազմի ստեղծումը և նրա ղեկավարին։ Սրան հետևեցին ակտիվ վերաբնակեցման գործունեություն և «Դրանից յետոյ ծաւալուեց վերաբնակեցման գործընթացը, որի շնորհիւ ունեցանք մեր երկրի մի շէն կտոր՝ Բեւեռաթափի գագաթից մինչեւ Արաքս, իր հարիւրի չափ գիւղերով ու երեք քաղաքներով, մի քանի տասնեակ դպրոցներով ու երեք գործող եկեղեցիներով, բայց ամենակարեւորը՝ իր հազարաւոր նուիրեալ բնակիչներով, ովքեր դեռ տասնեակ հազարներ չեն, բայց փոխհատուցում են դա Հայրենիքի սեփական կտորի նկատմամբ անչափելի սիրով»(Ալ.Հակոբյան):

Շուրջ 30 000 փախստականներ այդ օրերին վերաբնակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որից Քաշաթաղի շրջանում վերաբնակվեց 12 300 փախստական, Քարվաճառում` 3 500, Շուշիում` 1000։

Ազատագրված մյուս տարածքներում վերաբնակեցումը փախստականներով ընթացել է տարերայնորեն: Արդյունքում, Գարդմանքից բռնի տեղահանված հայերը մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Արցախի Շահումյանի շրջանում բնակվում էին Քարվաճառին շրջապատող գյուղերում, և այնտեղ Գարդմանքի գյուղերի անուններն էին կրում Նոր Գետաշենը, Նոր Վերիշենը, Նոր Բանանցը, Նոր Բրաջուրը և այլն:

Սակայն, ՀՀ երկրորդ նախագահը 2004 թվականի հոկտեմբերին ազատագրված տարածքներում արգելափակեց վերաբնակեցումը, արգելեց ցանկացած տիպի դրան ուղղված աջակցություն, հեռացրեց Քաշաթաղի վարչական շրջանի փորձառու և վերաբնակիչների մոտ հարգանք վայելող ղեկավարին: Շատերը փորձեցին հասկանալ, թե ինչո՞ւ, պատասխանը իշխանությունների կողմից եղավ, որ խնդիրը քաղաքական է:

Ու շուտով բացահայտվեց, թե այդ ինչ քաղաքական խնդիր է: Արդեն մեկ տարի անց 2005 թվականի հոկտեմբերին, Միջազգային ճգնաժամային խումբը տպագրեց զեկույց, ինչն այնուհետև «զարգացրեց» և տպագրեց 2007 թվականի նոյեմբերին` ներկայացնելով առաջարկություն, որ «գրավյալ տարածքներում դադարեցնեն բնակեցնել հայերին, վերջ տան հողերի, տների սեփականաշնորհմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տեղական ինքնակառավարման կառույցների ստեղծմանը  այդ տարածքներում»: Ուշադրություն դարձնենք, որ այս առաջարկությունը պարզ ռասիստական ձևակերպում է ընդդեմ հայության` արգելել հայերին, մյուս կողմից, որևէ խոսք չի ասվում այդ «հայերին» բառը վերաբերո՞ւմ է, արդյոք, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին ևս, որոնք միջազգային իրավունքի դաշտում ազատագրված տարածքների իրավատերն են, ինչի մասին «Միջազգային ճգնաժամային խումբ» կոչվածն անպայման պետք է իմանար: Այդ դեպքում սա նաև պարզ, ցեղասպանության շարունակականությունն ապահովող քաղաքականություն է, որ քարոզվում է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից, որի առաջարկների վրա էլ ձևավորվեցին փաստորեն հակահայ, ցեղասպանության հովանավոր Մադրիդյան սկզբունքները:

Ու պարզ է դառնում, թե քաղաքական խնդիրը ինչպես է «ստիպել» քաղաքական կոռուպցիայի մեջ թաղված հայկական իշխանություններին արգելափակել վերաբնակեցումը: Ոչ միայն վերաբնակեցման, նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ճակատագրի հանդեպ անտարբեր ու քամահրանքով վերաբերմունքն ի սկզբանե էր, երբ 1992 թվականին Շահումյանից ու Մարտակերտից 35 000 փախստականներին դուրս շպրտեցին Ստեփանակերտից:

Իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն իր մշակված ռազմավարությամբ հետևողական աշխատանք էր տանում ու հետամուտ էր լինում, որ Հայաստանը չվարի «ապօրինի» վերաբնակեցման քաղաքականություն «գրավյալ» տարածքներում։ Նպատակասլաց ու հետևողական քայլերի արդյունքում Ադրբեջանը 2004 թվին հասավ այն բանին, որ ԵԱՀԿ փաստահավաք խումբը Մինսկի խմբի եռանախագահության հետ 2005-ի փետրվարին այցելեց ԼՂԻՄ-ին «հարակից 7 շրջաններ» յուրացման և վերաբնակեցման քաղաքականությունը բացահայտելու նպատակով: Անշուշտ, ԵԱՀԿ-ն իր զեկույցում հստակեցրեց, Հայաստանը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չի վարում, զեկույցում հաստատվում էր, որ ԼՂԻՄ-ին «հարակից 7 շրջաններում» վերաբնակեցված հայերի թիվը շուրջ 13 հազար է:

Այդ օրերին` 2004 թվականի հոկտեմբերից սկսած, վերաբնակիչներից ոմանք հեռացան` չդիմանալով կյանքի էլ ավելի ծանրացող պայմաններին, արդյունքում` Քաշաթաղի շրջանում մնացին շուրջ 6 000-7 000 վերաբնակիչներ:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան

Ամփոփումը` վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031