Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել են կապեր Սիրիայի նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ, կշարունակենք աշխատել. Արարատ Միրզոյան

Հունվար 08,2025 21:50

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի 2024թ. ամփոփիչ ասուլիսը

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս:

Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս կամ այն ձևով, մեթոդով հանրությունը ծանուցվում է մեր գործունեության մասին: Այնուամենայնիվ, ավանդույթ կա անցնող տարվա վերջին օրերին կամ արդեն սկսված տարվա առաջին օրերին ամփոփել նախորդ տարին: Ես նախ հանդես կգամ հնարավորինս սեղմ ներածական խոսքով, որից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

Բնականաբար, կսկսեմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ենթադրում եմ և հասկանալիորեն  առաջին հերթին դա է բոլորիդ հետաքրքրում։ Իհարկե, նաև վստահ եմ, ամբողջը չեմ ասի և, միևնույն է, կլինեն հարցեր:

Այսպես, անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Խոսքս, իհարկե, սահմանազատման գործընթացի մասին է։ Մեզ հաջողվեց ստորագրել, ըստ էության, երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը և այնուհետև նաև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում։ Ի դեպ, առիթից ուզում եմ օգտվել և՛ ձեզ, և՛ մեր հայրենակիցներին, ովքեր եթերով կհետևեն, հորդորել որևէ առիթի դեպքում այցելել սահմանազատված հատված և տեսնել նաև սահմանի կահավորումը և նաև կյանքն արդեն սահմանազատված շրջանում: Պայմանավորվածություն կա շարունակելու այս աշխատանքը. ենթադրաբար հենց հունվարին, այս ամիս, տեղի կունենա երկու փոխվարչապետերի միջև և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը:

Խաղաղության պայմանագրի մասով. իհարկե, տարվա ընթացքում եղել են փաստաթղթի վերաբերյալ մի շարք առաջարկների փոխանակումներ, նաև եղել են մասնակի առանձին ձևակերպումների փոխանակումներ, եղել են նաև պաշտոնական կամ ոչ պաշտոնական ֆորմատներում շփումներ և քննարկումներ նախարարների, երկրների ղեկավարների մակարդակով: Այնուամենայնիվ, մենք չունենք ստորագրված փաստաթուղթ: Մենք շուրջ մեկուկես ամիս առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին: Գաղտնիք չէ, կհիշեք երևի՝ մենք օգոստոսին առաջարկեցինք ստորագրել համաձայնեցված 13 հոդվածները և նախաբանը, իհարկե: Ադրբեջանական կողմը սրան համաձայնություն չհայտնեց, շարունակեցինք բանակցությունները, և այս պահին ունենք 17 քննարկվող հոդվածներից համաձայնեցված 15-ը, տեսնենք` ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այդ երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ: Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլ հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին:

Երրորդ կոմպոնենտը, բնականաբար, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Գիտեք, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որն, իհարկե, չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ «Խաղաղության խաչմերուկը» ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների՝ առանձին երկրների, կազմակերպությունների կողմից, և իհարկե, դրա կոմպոնենտներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին։ Առաջարկը հնչեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև արդեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Հայկական կողմն ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին։ Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը, համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը, բավականին դրական էր։ Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել։

Պետք է ասեմ, որ առաջարկը, որը մենք արել ենք, հասցեագրում է բոլոր գոյություն ունեցող խնդիրները: Այն վերաբերում է, իհարկե, առաջին փուլում Հայաստանի հարավով անցնող՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի և այնուհետև կրկին Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը: Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նաև նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Կրկնում եմ ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց, մնացածը կտեսնենք:

«Խաղաղության խաչմերուկին» անդրադառնալիս, այս համատեքստում, պետք է նաև ասեմ Թուրքիայի հետ մեր շփումների մասին: Մենք հրապարակավ ասել ենք, որ Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների, վիճակի գնահատման գործընթաց, և, իհարկե, մենք համոզված ենք, որ, մասնավորապես Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ընդհանրապես շատ ավելի մեծ լայն տարածաշրջանին: Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այս պարագայում ևս, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը նաև էական խաղաղության և կայունության գործոն կդառնա տարածաշրջանում:

Հարևանների մասին խոսելիս շարունակեմ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերություններին անդրադարձով: Վրաստանի հետ անցած տարի ստորագրեցինք փաստաթուղթ, որով մեր հարաբերությունները բարձրացրինք ռազմավարական գործընկերության մակարդակի: Գաղտնիք չէ, որ, ըստ էության, Վրաստանի հետ մենք մշտապես և բոլոր ոլորտներում ունեցել ենք հենց ռազմավարական գործընկերություն:

Իրանի հետ, բացի երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումից, ուզում եմ կրկին ընդգծել տրանսպորտային համատեքստը. այստեղ կարևոր էր Ագարակ- Քաջարան 32 կմ-անոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Իհարկե, կարևոր է, և այս մասին մենք ամեն առիթի դեպքում բարձրաձայնել ենք, մեզ համար կարևոր է Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ՝ դիրքորոշում, որը պարբերաբար հնչեցվում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչպես նաև Իրանի դիրքորոշումը նույն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում: Ուզում եմ նշել, որ արդեն այս տարվա սկզբից կամ ամսաթվով անցած տարվա վերջին օրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանին գտնվող անցակետը վերահսկվում է ամբողջապես Հայաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Սա ևս երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ բարձր վստահության մի ցուցանիշ է:

Մյուս երկրների մասով. Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ մենք շարունակական և շատ ինտենսիվ երկխոսություն ունենք և զարգացնում ենք մեր հարաբերությունները։ Պետք է հիշատակել, իհարկե, ապրիլի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց շատ կարևոր փաստաթուղթ: Բացի այդ, մենք այս տարի Միացյալ Նահանգներից ունեցանք մեր ռազմավարական երկխոսության հերթական փուլը, և այս ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Եվրոպական միության հետ շարունակում ենք քննարկել և հուսով եմ` առաջիկա ամիսներին կստորագրենք արդեն գործընկերության նոր օրակարգը։ Սա ևս մի ընդգրկուն փաստաթուղթ է։ Տեղյակ եք, որ Եվրոպական միության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն և մեկնարկեց, ի վերջո, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Սա կարևոր առաջընթաց էր, թեմա էր, որը շարունակ քննարկվում էր և դեռևս շոշափելի առաջընթաց չկար, և ահա այս մեկնարկը տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետությունն աջակցություն ստացավ Եվրոպական միությունից խաղաղության գործիքի ներքո, ինչը ևս աննախադեպ երևույթ էր, և այժմ մեր քննարկումները այլ ոլորտներում և մասնավոր թեմաներում շարունակում ենք Եվրոպական միության հետ։

Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ, կամ այն հատվածներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու, կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականանատես եղանք նաև բառացիորեն օրեր առաջ, մենք շարունակելու ենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարիքն ունենալ և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված:

Անդրադառնամ Եվրոպական միության առանձին երկրների հետ ունեցած հարաբերություններին։ Տեղյակ եք, թե որքան խորն են և բազմաոլորտ մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Գերմանիայի, Լեհաստանի, մյուս երկրների հետ:

Կուզեի առանձնացնել Նորդիկ-բալթյան երկրների ձևաչափը, որն ընդգրկում է Հյուսիսային Եվրոպայի 8 երկրներ: Մեզ համար սա շատ հետաքրքիր է և՛ այն առումով, որ այս երկրներում վաղուց հաստատված ժողովրդավարություններ են` ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով, պաշտպանված մարդու իրավունքներով, և՛ այն առումով, որ տնտեսապես են մեզ համար հետաքրքիր: Եվ ահա, մենք և՛ փոխադարձ այցերը, և՛ ընդհանրապես բազմաոլորտ քննարկումներն այս երկրների հետ ինտենսիվացրել ենք։ Կուզեի հիշատակել վերջերս` դեկտեմբերին, Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպման շրջանակներում, իմ և Նորդիկ-բալթյան երկրների նախարարների հանդիպումը: Ի դեպ, առաջիկայում սպասվում է այս երկրների խորհրդարանների խոսնակների այցը Հայաստան և այլ՝ ևս հետաքրքիր զարգացումներ այստեղ կան:

Եթե Արևելքից գանք այս կողմ, Չինաստանի, Հնդկաստանի հետ մենք ունենք օրեցօր զարգացող համագործակցություն, որոնք ընդգրկում են ինչպես ավանդական ոլորտներ, այնպես էլ նոր ոլորտներ ենք բացահայտում` տնտեսականից մինչև անվտանգային:

Մերձավոր Արևելքում. Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո առաջին անգամ եղավ արտաքին գործերի նախարարի այց, բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ։ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ունենք նորից հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն:

Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել: Մերձավոր Արևելքից կուզեի հիշատակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը։ Կհիշեք նաև, որ այս ճանաչմանը հաջորդեց Նյու Յորքում իմ և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից համապատասխան կոմունիկեյի ստորագրումը:

Կենտրոնական Ասիայում ևս մենք շատ հետաքրքիր և խոստումնալից գործընկերներ ունենք։ Կուզեի առանձնացնել Ղազախստանը. անցած տարվա ընթացքում, հիշում եք՝ բարձրաստիճան բարձր և բարձրագույն մակարդակի այցեր տեղի ունեցան։ Պետք է փաստեմ, որ այդ այցերի ընթացքում եղած քննարկումները ևս բովանդակային առումով շատ հարուստ էին։ Ղազախստանն այն պետություններից է, որը ողջունել է «Խաղաղության խաչմերուկը»։ Մենք, իհարկե, շնորհակալ ենք Ղազախստանին նաև իր պատրաստակամության համար՝ նպաստ բերելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Ղազախստանն արդեն այդպիսի մեկ հանդիպում հյուրընկալել է և պատրաստակամություն է հայտնել շարունակել իր այս հյուրընկալությունը։

Աֆրիկան մեզ համար նոր և հետաքրքիր ուղղություն է։ Այստեղ մենք ավանդաբար, հիշում եք, ամենահյուսիսում ունեինք ներկայություն, օրինակ՝ Եգիպտոսում։ Հիմա մեզ համար, կարելի է ասել, բացահայտում ենք Աֆրիկայի մնացած մասը: Դեսպանություն և անձնակազմ ունենք Եթովպիայում, այնտեղից ծածկում ենք, այսպես ասած, աֆրիկյան մի շարք երկրներ, ունենք այլ պլաններ և ծրագրեր ևս։

Լատինական Ամերիկայում. մենք բացել ենք ռեզիդենտ դեսպանություն Ուրուգվայում։ Նշեմ նաև, որ մենք գրասենյակներ ենք բացել Սերբիայում և Լյուքսեմբուրգում: Լյուքսեմբուրգը, կարելի է նաև ասել, 2023 թ. վերջից – 2024 թ. սկզբից է սկսել գործել: 2025 թ. համար ևս ունենք պլաններ. շատ մոտ ապագայում կբացվեն ռեզիդենտ դեսպանություններ Հունգարիայում և Կիպրոսում։

Բազմակողմ հարթակներից պետք է նշել Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, և նաև հիշում եք, որ Հայաստանը շահել է կենսաբազմազանության` COP17 միջոցառումը Երևանում անցկացնելու հայտը, որը տեղի կունենա 2026 թ.-ին: Բազմակողմ համագործակցության շրջանակներում հաջորդ կարևոր միջոցառումներից էր «Երևանյան երկխոսությունը», որն անցկացվեց Հայաստանում առաջին անգամ։ Ընդհանրապես, որոշ մի քանի երկրներ ունեն միջազգային դիվանագիտական ֆորումներ անցկացնելու ավանդույթ: Մենք մեր փորձն արեցինք: Առաջին այդպիսի  միջոցառումը տեղի ունեցավ անցյալ տարի, և հիմա նախատեսում ենք 2025 թ.-ին ևս ունենալ «Երևանյան երկխոսության» հերթական հանդիպումը։

Անցյալ տարի նաև տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, «Նոր և զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովը:

Այսքանը, թերևս, որպես ներածություն: Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, եթե այդպիսիք կան։ Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031