Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական։
Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Արթուր Պապիկյանը։
Հիշեցնենք, որ նա «Բալասանյան դաշինք»-ՔՊ համատեղ կառավարման ժամանակ զբաղեցնում էր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։
Ամանորին ընդառաջ նա վայր էր դրել Գյումրու ավագանու անդամի մանդատը՝ քաղաքապետի պաշտոնակատարի խորհրդական նշանակվելու մտադրությամբ։
Կարդացեք նաև
Ինչպես տեսնում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջում տեղ գտած լուսանկարներից, Արթուր Պապիկյանն ակտիվորեն մասնակցում է տարբեր պաշտոնական հանդիպումների, հատկապես քաղաքաշինության ոլորտին առնչվող։ Փոխքաղաքապետ աշխատած կարճ ժամանակահատվածում նա կոորդինացրել է քաղաքաշինության ոլորտը։
Ինչպես պարզաբանել էր Սարիկ Մինասյանը, այս փուլում անհնար է փոխքաղաքապետեր նշանակել։ Այս տրամաբանությամբ Գյումրու նախկին փոխքաղաքապետերից մյուսն էլ՝ Վահագն Մկրտչյանը, որը Աննա Հակոբյանի ազգականն է, նշանակվել է Սարիկ Մինասյանի օգնական։
Հիշեցնենք, որ Արթուր Պապիկյանը եղել է զինվորական, նա 2002-2021 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում։ Նա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։
Մեր տեղեկություններով, եթե ՔՊ-ն մարտի 30-ին կարողանա 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել ու միանձնյա ստանձնել քաղաքային իշխանության ղեկը, Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կնշանակվեն փոխքաղաքապետեր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ