«100 դրամը փետրվարի 1-ից էլ չի լինելու, ինչի՞ ժամկետը երկարացնենք», – այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ուղևորատոմսերի QR կոդերի վավերականության ժամկետի կրճատումը հնարավո՞ր է վերանայեք:
Անդրադառնալով QR կոդերի վավերականության ժամկետի կրճատման մասին լայն իրազեկում չապահովելուն, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներին մեծ անհարմարություններ պատճառվեց, Սուրեն Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ավագանու ոչ բոլոր որոշումների մասով է ինչ-որ հաղորդագրություն լինում, բայց ձեզ չի խանգարում, որ որոշումներ լուսաբանեք: Երեւանի քաղաքապետարանի կայքում, եթե ինչ-որ բան հրապարակվում է, դժվար է դրանից հետո պնդել, որ այդ տեղեկատվությունը չի հրապարակվել:
Կա պաշտոնական խողովակ, դուք էլ գործի բերումով պարտավոր եք հետեւել ու այդ պարտականության շրջանակում նաեւ լուսաբանում իրականացնեք»:
Նրա համոզմամբ՝ բովանդակային առումով մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են հենց ձեռքբերելուց հետո երեք օրյա ժամկետում եւ ամենեւին չի ենթադրվում, որ դրանք երկարաժամկետ լինեն. «Նաեւ այդ խոսակցությունները, թե «ինադու» են կրճատել, որ այդ գումարները գնան Թելսելին, ժողովո՛ւրդ ջան, տոմսերի բոլոր գումարները գալիս են Երեւանի քաղաքապետարանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ