ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համար կանոնակարգ պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին փաստաթուղթը երկու երկրների միջեւ երբեւէ եղած իրավական միջազգային առաջին փաստաթուղթն է: Այս մասին այսօր ԱԳՆ-ում 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը: Ապա հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ անպայման այցելել սահմանազատված տարածքներ եւ տեսնել սահմանային կահավորանքը, սահմանային կյանքը:
Խաղաղության պայմանագրին անդրադառնալով՝ նախարարը նկատեց, որ եղել են մի շարք առաջարկությունների, առանձին ձեւակերպումների փոխանակումներ, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ, բայց մինչեւ հիմա չունենք ստորագրված փաստաթուղթ: Ըստ նրա՝ 1,5 ամիս առաջ հերթական առաջարկն են ուղարկել, սպասում են Ադրբեջանի արձագանքին: Նախարարի տվյալներով՝ պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված է:
Նախարարը հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հավանության է արժանացել օտարերկրյա գործընկերների կողմից. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման առումով մեր
առաջարկները Կազանում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Մհեր Գրիգորյանն է ներկայացրել դրանք։ Ադրբեջանի առաջին արձագանքը, իմ ընկալմամբ, բավական դրական էր, բայց առայժմ պաշտոնական արձագանք չկա։ Առաջարկել ենք Երասխ-Նախիջեւան-Մեղրի երկաթուղու բեռների անվտանգության որոշակի պարզեցումներ մաքսային ընթացակարգերի եւ մեխանիզմների համար»:
Կարդացեք նաև
Նա չբացեց փակագծերը, թե որ տեղամասում կշարունակվի սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ, միայն ասաց՝ ինքը կսկսեր ամենաքիչ խնդրահարույցներից՝ ամենախնդրահարույցները թողնելով ավելի ուշ շրջանի։
ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսքով, բայց պետք է որոշեն հանձնաժողովները, իսկ հանձնաժողովներին պետք է ժամանակ տալ բոլոր հարցերը լիարժեք քննելու համար։
Արարատ Միրզոյանը պատասխանեց նաեւ հարցին՝ արցախահայերի՝ Արցախ վերադարձի հնարավորություններին վերաբերող:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ