Օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման հարց չկա։ Այսօր 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով ռուս սահմանապահների մասին հարցին` Միրզոյանը հիշեցրեց, որ նրանք ժամանակավոր են տեղակայվել եւ ծառայություններ մատուցել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ինքը չի կարողացել սեփական համապատասխան կառույցները ձեւավորել եւ ինքնուրույն կատարել անհրաժեշտ աշխատանքները. «Ինչ- որ պահի մենք շնորհակալություն հայտնեցինք ռուս սահմանապահներին եւ ասացինք, որ կարող ենք ինքներս ապահովել օդանավակայանում աշխատանքը»:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, ՀՀ-ն նույնպես, բայց անհամեմատ ավելի համեստ քանակով ու ֆինանսական առումով. «Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է, սա չի նշանակում, որ ունենք կոնկրետ մտավախություն: Եթե նույնիսկ ունենք մտավախություն, մենք ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, ակնկալում ենք, որ մեր հարեւանները ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ-ին ուղղված Ալիեւի հերթական սպառնալիքներին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «ՀՀ-ն ձեռք է բերել ու շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ՝ ունենալով բացառապես պաշտպանական նպատակներ: Մեր սուվերեն տարածքից մոտ 200 քկմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, նույնիսկ այս տարածքների վերադարձման համար չենք պատրաստվում ռազմական ճանապարհը դիտարկել, միայն սահմանազատման գործընթացը: Այնպես որ ձեռք ենք բերում սպառազինություններ միայն պաշտպանական նպատակով: Ձեռք բերված սպառազինությունը հետ ուղարկել չենք պատրաստվում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե «արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան իրենց հայրենիք, Միրզոյանը նկատեց, որ դա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների ապացույց է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ