«Ազգային ճակատ»-ի տեղեկություններով՝ այսօր դատախազության դիմաց իրականացված ցույցը Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի ազատ արձակման պահանջով էր:
Նա մեղադրվում է սպանություն իրականացնելու համար, սակայն նրա պաշտպանները և համագյուղացիները կարծում են, որ Սարգսյանն անմեղ է։ Վերջինս շուրջ երեք տարի գտնվում է կալանքի տակ։
Ցուցարարները Դատախազությունից պահանջում են արդար դատաքննություն Նարեկ Սարգսյանի համար:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ի հիշեցմամբ՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է կնոջը խեղդամահ անելու մեջ։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։ Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։