Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող «Mamik Residence» բազմաբնակարանային շենքի բնակիչները դեռ շարունակում են պայքարել իրենց ձեռք բերած բնակարաններում վերջապես բնակվելու իրավունքի համար։ Առաջիկայում նրանք պատրաստվում են բողոքի ցույցերի դուրս գալ։ Խնդիրն այն է, որ երբ 2022 թվականին շատերն այդ հասցեում բնակարաններ էին ձեռք բերում՝ բավականին բարձր գնով, հույս ունեին, որ մի քանի ամիսների ընթացքում արդեն տեղափոխվելու են իրենց բնակարաններ։ Համենայնդեպս, նման հավաստիացումներ կառուցապատող «Կվադրատ» ընկերությունում էին արել։ Շենքի սեփականատերն Արմեն Հակոբյանն է։ Նա ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Հակոբ Հակոբյանի («Ճոյտ» մականվամբ) որդին է:
Շենքի շինարարության ավարտը նախատեսված էր 2022 թվականի նոյեմբեր ամսին։ Aravot.am-ին դիմած քաղաքացիները, որոնք այդ շենքում բնակարաններ են ձեռք բերել, պատմում են, որ անցած երկու տարիների ընթացքում՝ 2023, 2024 թվականներին, կառուցապատող ընկերությունից իրենց «գլխի տակ անընդհատ փափուկ բարձ են դրել»՝ «մեղավորներ» նշանակելով մեկ «Վեոլիա ջուր» ընկերությանը, որն իբր վերջնական ակտը չի ստորագրում, որպեսզի հնարավոր դառնա քաղաքապետարանից ստանալ շենքի շահագործման ակտը, մեկ՝ քաղաքապետարանին՝ ասֆալտը կտրել թույլ չտալու համար, շահագործման ակտը արհեստականորեն ուշացնելու համար, մեկ՝ ինչ-որ այլ կառույցի։ Մարդիկ, սակայն, կարծում են, որ կառուցապատող ընկերությունն այդպիսով իր անգործությունն է թաքցրել։ Անցած տարեվերջին էլ մարդկանց խոստացել էին, որ Նոր տարին իրենց բնակարաններում կդիմավորեն, բայց դարձյալ խաբել են։
Ի դեպ, մեզ դիմած բնակիչների փոխանցած տեղեկությամբ «Վեոլիա ջուր»-ն ակտը ստորագրել է․ «Կառուցապատողից երկու շաբաթվա աշխատանք է պահանջվում՝ մեր բնակարաններն ի վերջո մեզ տալու համար, բայց հույս չունենք, չգիտենք․․․ ԱԻՆ-ը պետք է ստորագրի, ինքը պետք է դիմի քաղաքապետարան․․․ բայց արդեն այն վիճակում ենք, որ չենք էլ հավատում, թե կառուցապատողը մտադիր է ինչ-որ բան անել։ Վստահություն չունենք, որ իրենցից ինչ-որ ադեկվատ քայլ կարելի է սպասել։ Երկու տարուց ավելի է՝ մեզ անընդհատ տանում-բերում են ու ոչինչ չեն անում, բայց այս ընթացքում իրենք իրավաբանորեն ճիշտ էին, քանի որ անընդհատ շինթույլտվությունը երկարացնում էին ու քաղաքապետարանն իրենց թույլ էր տալիս երկարացնել։ Դու նայում ես՝ շենքը կառուցված է, էլեկտրաէներգիան քաշած է, միայն ջուրը չկա, շենքի վրա գրեթե անելու բան չկա, բայց ոչինչ չի էլ արվում, որ դու մտնես քո տանն ապրես։ 2022 թվականին մենք, երբ գնում էինք այդ բնակարանը, բավական բարձի գնով առանք, որպեսզի կես տարվա ընթացքում մտնենք եւ ապրենք մեր տանը։ Բայց երկու տարի է՝ շատ բարձր գնով հիփոթեք ենք վճարում եւ դեռ հասկանալի էլ չէ՝ այդ տունն ի վերջո մեզ հանձնելո՞ւ են, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ կառուցապատողը երկու տարի մեզ խաբում էր։ Հիմա էլ՝ չգիտենք․․․ «Վեոլիա ջուրը» ստորագրել է ու եթե տեսնենք, որ կառուցապատողն էլի քայլեր չի ձեռնարկում քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալու համար, ամեն ինչի էլ պատրաստ ենք՝ բողոքի ցույցեր, նստացույցեր։ Մեզ այնքան են խաբել, որ իրենցից ոչինչ էլ չենք սպասում, բայց մյուս կողմից էլ՝ համարյա անելիք չի մնացել, որ մեր բնակարանները մեզ հասնեն։ 620 հազար դրամ հիփոթեք ենք վճարում ամսական՝ տան վարձի հետ մեկտեղ․․․ պատկերացնո՞ւմ եք դա ինչ գումար է ու ո՞նց են մարդիկ անում․․․»։
Շենքի սեփականատեր Արմեն Հակոբյանի հետ խնդրի շուրջ Aravot.am-ը խոսել էր դեռ անցած տարեվերջին։ Նա խնդրեց՝ առավել հանգամանալից պատասխաններ ստանալ ընկերության իրավաբանից։ Խոստացավ, որ 1-2 օրվա ընթացքում իրավաբանը կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ օրս «Կվադրատ» ընկերության իրավաբանը ժամանակ չի գտել հետադարձ կապ հաստատելու։
Կարդացեք նաև
Ի դեպ, այս խնդիրը եզակի չէ։ Վերջին շրջանում Երեւանում «ավանդույթ» է ձեւավորվել․ կառուցապատողների անբարեխղճության պատճառով, բազմաթիվ քաղաքացիներ են առնչվում նման խնդրի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ