Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը՝ իր իսկ ծիծաղին ականջ դրած կետաձուկը

Հունվար 08,2025 13:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջերս ԱՐԻ գրականության հիմնադրամը խորհրդային շրջանի «ընդհատակյա» գրականության շարքից վերահրատարակեց Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպը։ Նախաձեռնողն ու շարքի խմբագիրն է արձակագիր Արամ Պաչյանը:

-Հարգարժան Արամ, խնդրում ենք հակիրճ ներկայացնել Ավետիք Դարբինյանին: Երբ է առաջին անգամ հրատարակվել «Կետի շատրվանը» վեպը և ինչու, կամ ինչով այն գրավեց ձեր ուշադրությունը։

-Գյումրեցի արձակագիր Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպն ասես վերադասավորում է, յուրովի հիշատակում հռչակավոր բիբլիականներից մեկը՝ Հովնան Մարգարեի և կետ-հրեշաձկան պատմությունը: Փետրե թեթևությամբ, Իտալո Կալվինոյի գրչով ստեղծված այս կարճ վեպում` սիրո և ամուսնության ճգնաժամը վերածվում է կեցության ճգնաժամի: Իսկ պատումի կարգականոնը ռոբինզոնադա ժանրն է: «Կետի շատրվանը» առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին Ավետիք Դարբինյանի «Օր ջոջություն՝ խայտառակություն» հետմահու գրքում՝ «Ստամոքսի արքան և նրա կինը» վերնագրով («Նաիրի» հրատարակչություն):

1980-ականներին Ավետիք Դարբինյանի պատմվածքները հրապարակվել են «Գարուն» ամսագրում։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Գյումրին», լույս է տեսել 1983 թվականին, իսկ ահա «Օր ջոջություն՝ խայտառակությունը» 1991-ին։

Դարբինյանը ծնվել է Գյումրիում, աշխատել է տիկնիկային թատրոնում որպես գրական մասի վարիչ։ Նրա հետմահու գրքի առիթով վերջաբան է գրել արձակագիր Վահագն Գրիգորյանը՝ գնահատելով երիտասարդ հեղինակի գրաշխարհը։ Ավ. Դարբինյանի արձակը կարևորում էր բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը՝ ռոբինզոնադա ժանրի շուրջ մի զրույցի ընթացքում հիշատակելով ժանրի գերազանց դրսևորումներից մեկը՝ Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպը։

-Դարբինյանը յուրահատուկ լեզու և ոճ ունի, որոնք իր ստեղծագործելու ժամանակներին բնորոշ չեն։

-«Կետի շատրվանում» լեզուն միջոց է, այլ ոչ նպատակ։ Այստեղ խոսքի ինքնահիացող, գերիշխան ծանրությանը փոխարինելու է գալիս առհասարակ, պատումով, սյուժետային զարգացումներով ու անակնկալներով հափշտակված լեզվի փետրե թեթևությունը։ Չեմ հիշում, թե լուսավորական շրջանի, որ հեղինակն է ասել, գուցե Վոլտերը կամ Դ’Ալամբերը՝ այնտեղ, որտեղ գերիշխան է լեզուն՝ կա միայն հեղինակը, այլ ոչ մտահղացման բնույթն ու ասելիքը։ Վեպում պատմություն է պատմվում, բիբլիական ասք-առասպել, անշուշտ նոր շրջվածքով։

Այս անգամ կետ-հրեշաձուկը որոշում է կուլ տալ ոչ թե Հովնան մարգարեին, այլ անանուն մի մարդու, ով ամուսնական կյանքից ու մի քիչ էլ ինքն իրենից դադրած՝ որոշում է իր նավակով օվկիանոս դուրս գալ. ուղղակի փոքր ինչ խաղաղվելու։ Առասպելն էլ այլ կերպ չի վերապատմվում, քան նորահայտ, ու մեկ-մեկ էլ լրիվ խոխմա շրջվածքով։

-Ո՞րն է վեպի հիմնական ասելիքը, եթե կա այդպիսին։

-Կասեի՝ իշխանության բնույթը. սեռերի՝ միմյանց հարստահարումը, կին-տղամարդ իրար իշխելու անշրջելիությունը։ Բնության կանոնով, բնության պարտադրանքով այդ նույն բնությանը, կենդանական աշխարհին տիրանալու, իշխելու, հրամայելու, յուրացնելու մոլուցքը։ Ամուսնական կյանքի, նաև դրա բացակայության մեծ հաշվով անհնարինությունը։

Զուտ գրականությանը առնչվող՝ կավելացնեի՝ առասպելի կենսունակությունը, որպես ժամանակի ու տարածության անմաշ շարժիչ, ավելին՝ ստեղծանող հատիկ ժամանակից ու տարածությունից անդին։

 

 Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031