Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը ինքը Հայաստան պետության դեմ անդադար ցուցմունքներ է տվել… Ալիեւի կողմից դա ընկալվում է որպես մեղավորության ընդունում, որն ունենում է հետեւանքներ՝ այն, ինչ ասվում է մեր մասին այսօր». Էդմոն Մարուքյան

Հունվար 08,2025 13:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը YouTube-յան հարթակում անդրադարձել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի՝ երեկ Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին:

«Սեպտեմբերի 7, 2024 թվական: Ես տեսանյութ եմ հրապարակել: Վերնագիրն այսպես էր. «Հայաստանն օկուպանտ եւ ագրեսոր չի եղել»: Արձագանքս Հիքմեթ Հաջիեւին էր, որը Ալիեւի մոտ նախագահի աշխատակազմում արտաքին կապերի վարչության պետն է՝ շատ կարեւոր պաշտոնյա: Ըստ էության, նա համակարգում է արտաքին քաղաքականությունը: Երեւի ավելի կարեւոր է, քան արտաքին գործերի նախարարը:

Այդ օրերին Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ պետք է կիրառվեն երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված կանոնները, որոնք կիրառվել են ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ եւ զինված ուժերը պետք է վերցվեն արտաքին վերահսկողության տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ: Նաեւ պնդել էր, որ Եվրոպական Միության դիտորդները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: նաեւ ասել էր, որ այդ պահանջները շատ բնական են, քանի որ Հայաստանը ագրեսոր երկիր է եւ դրա համար պետք է այդպես լինի:

Սեպտեմբեր, 2024 թվական: Հայաստանի Հանրապետությունից միակ մարդը, որն այս թեմայով արձագանքել է, եղել եմ ես: Նաեւ մեր միջազգային գործընկերներին եմ կոմունիկացրել: Եվ ոչ մի արձագանք, բոլորը հանգիստ ապրում են, քեֆ են անում, ուրախ տաշի-տուշի: Գալիս է հունվարը, նոր տարի, էլի են քեֆ անում, ամեն ինչ լավ է՝ անհոգ, անպրոբլեմ երկիր է Հայաստանը, բոլորը հանգիստ ապրում են, ոչ մի խնդիր չկա:

Մեկ էլ հանկարծ հունվարի 7-ին Ալիեւը հարցազրույց է տվել եւ ասել է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ սպառնալիքներ է տեղացել Հայաստանի հասցեին: Հետո ասել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի: Եվ ինչքան շուտ հասկանա հայկական կողմը, այնքան լավ կլինի կամ լավ չի լինի իրենց համար:

Երկու սուր հայտարարություն: Եվ նաեւ ասել է, որ դելիմիտացիայի-դեմարկացիայի հանձնաժողովը Ադրբեջանի առաջարկությամբ պետք է հանդիպի հունվար ամսին: Դա իր մեջ ուրիշ բաներ է պարունակում: Հետո կխոսենք դրա մասին: Հիմա նայում եմ Հայաստանի ամբողջ մամուլը: Բոլորը ապշած են, վայ-վույ, էս ինչ եղավ, բա խաղաղության պայմանագիրը, բա էս, բա էն… Ժողովուրդ ջան, ուղիղ մեկ տարի առաջ ես համապատասխան հայտարարությամբ հանդես եմ եկել եւ ասել եմ՝ այլեւս այսպես հնարավոր չի շարունակել: Կամ պետք է ամեն ինչ փոխել, կամ այս ճանապարհով գնալը ուղղակի աղետի է բերելու: Խոսքը վերաբերում էր միակողմանի զիջումների ճանապարհով գնալուն, առանց միջնորդների բանակցություններին, նոյեմբերի 9-ի ֆորմատից դուրս գալուն, այդ ֆորմատ չվերադառնալու հարցին: Ես հիմա ոչ թե ուզում եմ նորից քննարկենք, որ Ալիեւը սպառնաց: Ալիեւը պետք է սպառնար եւ սպառնացել է:

Ուզում եմ քննարկենք հետեւյալ հարցը: Հիմա Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իշխանություններ մենք չունենք, որովհետեւ Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը ոչ ոք չպատասխանեց: Այդ հայտարարությունը դրվեց շրջանառության մեջ, եփվեց, ու դա հիմա արդեն Ալիեւն է ասում: Դա այլեւս նրանց պաշտոնական նարատիվն է: Երբ որ «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի մասին էին խոսում ու դրան էլի չէին արձագանքում Հայաստանից, դա դարձել է շրջանառվող պաշտոնական նարատիվ: Երբ որ ես պնդում էի, որ Ադրբեջանի վրա եղած խնդիրները պետք բաց պահել, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքից խոսել եւ ոչ թե հարցը փակել, նաեւ ասում էի, որ դուք հարցը փակում եք, իրենք հարցերն ավելացնելու, շատացնելու են:

Այսինքն, Ադրբեջանը լինելով ցեղասպան երկիր, ֆաշիստական երկիր՝ Հայաստանին է մեղադրում: Երբ ասում էի՝ Հայաստանը իր գործողություններով, պահվածքով, խոսույթով ընդունում է, որ ինքն ագրեսոր է, որ ԱԺ ամբիոնից գալիս, ասում են՝ Հայաստանը տարածաշրջանում կոնֆլիկտայնություն ունի, կոնֆլիկտային է տարածաշրջանի նկատմամբ, պարզ չէ՞ր, որ Ալիեւը հետո կանգնելու է ասի՝ դուք ագրեսոր երկիր եք: Պարզ չէ՞ր, որ պետք է հետո սա լիներ:

Հայաստանի իշխանությունը ինքը Հայաստան պետության դեմ անդադար ցուցմունքներ է տվել: Բայց դրանք ինքնախոստովանական ցուցմունքներ չեն, իրականության մասին ցուցմունքներ չեն: Դրանք սուտ մատնություն են: Ցուցմունքի ու սուտ մատնության տարբերությունը հետեւյալն է. առաջինի պարագայում դու խոստովանում ես ինչ կա, ինչ տեսել ես, սուտ մատնությունն այն է, որ չի եղել նման բան, բայց դու ասում ես: Հայաստանը չի եղել կոնֆլիկտային: Եվ եթե դա ասվում է ՀՀ ԱԺ ամբիոնից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հետագայում դա միջազգային հանրության, նաեւ Ալիեւի կողմից դա ընկալվում է որպես մեղավորության ընդունում, որն ունենում է հետեւանքներ՝ այն, ինչ ասվում է մեր մասին այսօր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031