Ավելի քան 1 միլիարդ դրամ եկամուտ ենք արձանագրել թանգարանների կողմից, գործարկվել է էլեկտրոնային միասնական տոմսերի համակարգը: Այսօր այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա՝ այս տարվանից նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանների տոմսերը քաղաքացիները կարողանալու են ձեռք բերել էլեկտրոնային համակարգով: Նա նաեւ ասաց, որ մշակութային կրթության տարի են այս տարին հայտարարել, ակտիվ աշխատանք են տարել եւ տանում, որ դպրոցականները ավելի հաճախ այցելեն մշակութային վայրեր:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ՀՀ-ից նոր հուշարձան են կարողացել ընդգրկել՝ Տիրին կատարի վիշապաքարերն է գրանցվել որպես նոր հուշարձան: Նախարարի խոսքով, 15 հուշարձան նախորդ տարի վերականգնման գործընթացում են ընդգրկված եղել, երեքի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտել են, 12-ի աշխատանքները շարունակվում են:
Նախարարի տվյալներով՝ ավելի քան 200 միլիոն դրամ է հատկացվել մշակութային 7 հաստատություններում կապիտալ աշխատանքների վրա, նաեւ նոր գույքի ու երաժշտական գործիքների ձեռքբերման համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ակադեմիական քաղաքին՝ նա ասաց, որ ծրագրի շրջանակում ձեւավորվել են համապատասխան աշխատանքային խմբերը, որոնք նախորդ տարվա մարտից աշխատում են: Ակադեմիական քաղաք ծրագրով արդեն պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ