Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկո՞վ են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտենք»

Հունվար 08,2025 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիրն ու տնօրեն Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևի սպառնալիքները լավաշ-լավաշ տարածողները գրեթե անխտիր պահանջում են Հայաստանից կոշտ արձագանք (էհ, ես էլ կուզեի, եթե պատերազմներից հետո այս վիճակում չլինեինք): Բայց միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկո՞վ են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտենք»: Այ, որ Հայաստանը պետք է ընտրի արձագանքի ճիշտ, ճշգրիտ տեսակ, ըստ որում՝ ճիշտ, արագ ու էֆեկտիվ ռազմավարական հաղորդակցություն իրականացնելով միջազգային գործընկերների հետ, նաև նրանց ու իր միջև բաշխելով Ալիևին հակադարձ ասելիքը, դրանում խոսք չկա։

Բայց իմ աչքից չի վրիպում մի կարևոր բան. «կոշտ պատասխանի» կողմնակիցներից և ոչ մեկը չի գրել ու գրում «իշխանություն, մեզ, մեր տղամարդկանց, որդիներին գիշերով հավաքի զինկոմիսարիատներում, կոշտ մարտակոչ հնչեցրու ու բոլորին առաջնորդի ճակատ»… Ոչ մեկը… Իսկ եթե ամենակարևորը չեք գրում կամ առաջարկում ձեր անձնական զոհաբերության չափը այդ «կոշտ պատասխանին» հաջորդելիք զարգացումներում, էլ Ալիևի սպառնալիքները «մորեմերկ ու տաք-տաք» ինչո՞ւ եք տարածում: Որ ապացուցեք, որ դուք ճիշտ էիք ու նա Հայաստանի վրա հարձակվելու պլաննե՞ր ունի: Բայց ո՞վ չգիտեր դա: Ո՞վ է դա կասկածի տակ դրել: Ոչ մեկը։ Բա էլ ինչո՞ւ եք ահաբեկում ժողովրդին, որն այդ ամենը շատ տարբեր աղբյուրներից իմանում է…

Որ ասում եմ մեր վտանգներից մեկն էլ իրեն տառաճանաչ ու կրթված համարող մասսան է, իզուր չեմ ասում…

Հայոց բանակ ջան, բազկիդ ուժ։

Ի դեպ Ալիևի այս հարցազրույցը շատ նմանություններ ունի 2020-օգոստոսի հարցազրույցին…

ԼՐԱՑՈՒՄ. Ստյոպա Սաֆարյանը դրանից հետո մեկ այլ գրառում է արել. «Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր… Տեսնես մեր երկրում գոնե մի պետական հաստատությունում նրա ելույթների ինտենտ անալիզ արվո՞ւմ է, որը երբեմն բացահայտում է ագրեսիվ վարքագծերի հիմքում ընկած բոլոր վախերը: Կոնտենտ ու իվենթ անալիզների մեթոդների մասին էլ չասեմ…. Բաներ, որոնք հորդորել եմ անել ոչ միայն 2018-ից,առաջ, այլ նաև անմիջապես հետո…

Ինչքա՞ն է հնարավոր նույն բանն ասել, առաջարկել ու թևաթափ չլինել, հըն:

Չեք անում, չեք կարողանում անել, մասնագետ չունեք, գոնե անողներին պատվեր իջեցրեք… Այլ երկրներում ո՞նց են նման լուրջ ու գիտատար գործերը պատվիրում:

Ամեն ինչի համար փող կա, դրա համար չկա՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031