«Ժողովուրդ» օրաթերթին հավաստի լուրեր հասան այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։
Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:
Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։
Կարդացեք նաև
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ:
Իսկ Ալեն Սիմոնյանի հարևանները «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են հավաստիացնել, որ նա բնակվում է Ջրվեժի առանձնատանը, և դա նկատելի է, քանի որ ամեն օր նրա թիկնազորը այնտեղից է ԱԺ նախագահին ուղեկցում աշխատանքի (լուսանկարները մեր ձեռքում են)։
Նկատենք, որ փաստացի ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում
Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի 45-ամյակի տոնակատարությունից հրապարակել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մակագրելով. «Չառլին և յուր հրեշտակները»: