Շուտով կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի երեք տարին: «Միջանկյալ» արդյունքները սարսափելի են՝ հարյուր հազարավոր զոհեր ու վիրավորներ երկու կողմից: Մնացած աշխարհի վրա այդ պատերազմը նույնպես խիստ բացասաբար է անդրադառնում՝ հաղորդելով իրավիճակին անկայունություն եւ անկանխատեսելիություն:
Պատերազմի վերջը չի երեւում: Իհարկե, բոլոր համեմատությունները խիստ պայմանական են, պարզապես հիշեցնեմ, որ Վիետնամի պատերազմը տեւեց 14 տարի (1961-1975), աֆղանական պատերազմները Խորհրդային Միության մասնակցությամբ՝ 10 տարի (1979-1989), իսկ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մասնակցությամբ՝ ընդմիջումներով՝ 20 տարի (2001 – 2021): Երեք դեպքերում էլ, ի դեպ, կայսրություններն իրենց նպատակներին չհասան՝ Վիետնամում եւ հատկապես Աֆղանստանում հիմա իշխում են քիչ թե շատ ինքնուրույն ուժեր:
Այդ դասը պետք է հաշվի առնեն բոլորը. կայսրությունները, որոնց թվում է, թե իրենք կարող են իրենց թրի տակով անցկացնել պետություններն ու ժողովուրդներին, ինչպես նաեւ այդ ժողովուրդները, որոնք պետք հասկանան, որ այլ հավասար պայմաններում ճիշտը դիմադրելն է, ոչ թե հանձնվելը: Նույնիսկ Ստալինը գիտակցել էր, որ հնարավոր չէ ռազմական ճանապարհով տիրել Ֆինլանդիային՝ չնայած այդ երկրի եւ ԽՍՀՄ-ի ռազմական հնարավորությունները համեմատելի չէին:
Ռուս-ուկրաինական պատերազմը նույնպես չի ավարտվի Ռուսաստանի լիակատար հաղթանակով, որը սկզբնական շրջանում՝ 2022 թվականի փետրվարին, ձեւակերպվում էր որպես Կիեւում ռուսամետ («ոչ նացիստական») ռեժիմի հաստատում: Ուկրաինան նույնպես չի կարողանա լիակատար հաղթանակ տանել՝ վերականգնել 1991 թվականի սահմանները: Ինչ-որ պահի հաստատվելու է հրադադար, որը կարձանագրի «ստատուս քվոն»: Հուսանք, որ դա տեղի կունենա 2025 թվականին՝ չնայած դրանում բացարձակապես վստահ չեմ: Բայց բոլոր դեպքերում կոնֆլիկտը շարունակվելու է դեռ երկար տարիներ, եւ, շատ հնարավոր է, մարտական գործողությունների նոր բռնկումներով:
Կարդացեք նաև
Չնայած կողմերը, եւ հատկապես Ուկրաինան, որոշակի հույսեր է կապում հունվարի 20-ի հետ, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի իր պաշտոնը, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ոչ մի «հաշտարար», անգամ հզորագույն երկրի ղեկավար, չի կարողանա նույնիսկ հրադադար հաստատել, եթե չկա երկու կողմերի կամքը: Իսկ այդ կամքը ձեւավորվում է նաեւ տվյալ երկրների ժողովուրդների տրամադրություններից, ինչպիսի ռեժիմ էլ այդ երկրներում լինի: Այդ առումով ինձ թվում է, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում բնակչության մեծամասնությունը հակված է շարունակել պատերազմը:
Այդ տեսակետից Հայաստանում մեծամասնության մոտ հակառակ ծայրահեղությունն է՝ որքան հնարավոր է, շուտ ամեն ինչ հանձնենք եւ մի անկյունում հանգիստ մեր չալաղաջը կրծենք: Դա միանգամայն համապատասխանում է ներկայիս իշխանության քաղաքականությանը եւ «իրական Հայաստանի գաղափարախոսությանը»: Ցավն այն է, որ այդ պայմաններում «հանգիստ ապրել» չի ստացվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդիրը այն է, որ մենք այդքան զոհեր չենք կարող տալ։ Ուկրաինական կողմի կորուստները ըստ որոշ տվյալների արդեն մոտ է 1 միլիոնի(950.000)։ Հայաստանում հիմա 3 միլիոն մարդ էլ չկա, եթե մենք էլ նույն քանակի զոհեր ունենանք, ապա Հայստան պետություն այլևս չի լինի։ Ինչո՞վ այդ դեպքում դա կտարբերվի ցեղասպանությունից։
Ճիշդ է որ՝ ոչ Ուկրաինան, ոչ էլ Ռուսաստանը, պիտի չհասնին իրենց նախնական նպատակներուն, նրանցից ոչ մէկը պիտի չկարողանայ իրականացնել իր նախա-պատերազմական ցանկութիւնները:
Սակայն այս պատերազմում կայ՝ մի կողմ, որ արդէն հասաւ իր նպատակին: ԱՄՆ-ԵՄ-Իսրայէլ դաշինքը:
Ռուսաստանը մէյ մըն ալ չի կարողանար վերադառնալ այս պատերազմէն առաջուայ իր համաշխարհային հեղինակութեան, իր այլազան յաւակնութիւններուն:
Եւ հարուածը միայն ռազմական չէ, այլ նաեւ տնտեսական: Դեռ չխօսելով բարոյական եւ հոգեբանական ազդակներու մասին: Նաեւ, Փութինի վարչակարգը լուրջ դժուարութիւններ պիտի ունենայ շարունակուելու, իր բնական, անխուսափելի մեկնումէն ետք:
Իսկ որ, այո, ԱՄՆ-ն պարտուեցաւ Վիյէթնամի եւ Աֆղանիստանի մէջ: Սակայն ԱՄՆ-ն երբեք չէր համարած որ Վիյէթնամը կամ Աֆղանիստանը կը պատկանին ԱՄՆին, եւ նպատակ չէր ունեցած զանոնք – ոչ իսկ մասնակի, նուազագոյն չափով – կցելու ԱՄՆ-ին:
Մ. Հայդուկ Շամլեան