Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինումը, Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի․ Ալիև

Հունվար 07,2025 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հատվածներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցից

«Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետև այդ երկիրը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները և նրանք այդ պետությունը ձևավորել են իրենց կերպարին համապատասխան։ Տեսեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարությունները։ Դրանք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են։ Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից վտարմամբ»:

«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանը պետք է իր մեջ այն ոչնչացնի, կամ մենք այն կոչնչացնենք։ Մենք ուրիշ ելք չունենք»։

«Հայաստանի ներկայիս ղեկավարը իրեն փորձում է խաղաղության աղավնի ներկայացնել։ Բայց նայեք նրա՝ 2018-2019 թվականների ելույթներին։ Այժմ դրանց մասին որևէ մեկը չի ուզում հիշել։ Այդ գաղափարախոսությունն այնտեղ ողջ է, և դրա կրողը ոչ միայն ներկայիս հայկական ընդդիմությունն է, այլև Հայաստանի իշխանությունները»:

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի։ Որքան շուտ հայերը հասկանան դա՝ այնքան լավ։ Մենք չենք կարող նման վիճակում մնալ։ Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանի անբաժան մաս հանդիսացող Նախիջևան մեկնենք տարատեսակ այլ ճանապարհներով։ Մենք պետք է ուղիղ կապ ունենանք, և այդ կապը Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Նրանք պարզապես պարտավոր են կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները։ Արդեն ավելի քան չորս տարի է, ինչ մենք համբերություն ենք դրսևորում։ Դեռ ինչքան պետք է սպասենք և ինչո՞ւ։ Ես մի անգամ արդեն ասել եմ՝ նրանք մեզ չպետք է նյարդայնացնեն և պետք է հասկանան, որ խոսքի իրավունքը այս հարցում մեզ է պատկանում»:

«Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր բոլոր պայմանները կընդունվեն, որովհետև դրանցում որևէ առանձնահատուկ բան չկա։ Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է։ Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիրը պետք չէ, ուրեմն մենք էլ դրա կարիքը չունենք»

«Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է խզեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի։ Դա մեր պայմանն է։ Ով ինչպես ուզում է, թող ընդունի այն։ Ես իմ խոսքը ասացի»։

«Իհարկե, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը ոչ թե ամրապնդեց վստահությունը, այլ, հակառակը, խարխլեց այն։ Երբ մենք պահանջում էինք, որ դա մեզ հետ համաձայնեցվի, պարզապես ուզում էինք, որ այս առաքելության ստեղծումը և դրա ուղղությունը դեպի մեր սահման համաձայնեցվի մեզ հետ, անձամբ ինձ հետ՝ հոկտեմբերին Պրահայում 2022 թվականին։ Եթե ​​այն ժամանակ պայմանավորվել էինք, որ այն կտևի երկու ամիս և բաղկացած լինի 40 հոգուց, այդպես էլ պետք է լիներ։ Երբ ես պայմանավորվում եմ, նույնիսկ բանավոր, ես միշտ հետևում եմ: Բայց Եվրոպան համարեց, որ իրավունք ունի խախտել այդ պայմանավորվածությունները։ Հետո, առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության, ոչ միայն երկարաձգեցին այս առաքելության ժամկետը, ընդլայնեցին այն, այլև, փաստորեն, խաթարեցին վստահությունը՝ հրավիրելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրին»:

«Չեմ ուզում ցույց տալ, թե ինչ արագությամբ կփախչեն այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար մտնի Ադրբեջանի տարածք։ Մենք նրանց ասել ենք՝ դադարեցնել հեռադիտակների ցուցադրությունը։ Սակայն վերջերս եվրոպական երկրի նախագահը (նկատի ունի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային – խմբ․) դրսևորել է անպարկեշտ պահվածք՝ հեռադիտակով Ադրբեջանին հետևելով։ Մի՞թե չէր տեսել մեկ շաբաթ առաջ, երբ այստեղ էր՝ Բաքվում։ Եթե ցանկանում էր նայել, ես նրան կուղարկեի Ղարաբաղ՝ սարերին նայելու։ Դա նշանակում է՝ վերաբերմունք։ Թշնամուն եք նայում հեռադիտակով»:

«Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց և նրանց թոռների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300 հազարը։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին։ Նրանք բոլոր իրավունքներն ունեն այնտեղ վերադառնալու։ Ի վերջո, Հայաստանն այսօր իրեն դիրքավորում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող սա հստակ ցույց տա։ Միաժամանակ, կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն նույնպես պետք է իր դիրքորոշումը հայտնի այս հարցում, սպասում ենք նաև Եվրահանձնաժողովի դիրքորոշմանը։ Դա պարզապես անտեսելը սխալ քայլ է: Սա լուրջ խնդիր է, խոսքը հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների վերականգնման մասին է»։

«Անցած տարվա փետրվարին Մյունխենում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես անդրադարձա այս թեմային՝ մենախոսության տեսքով։ Եվ ուրախ եմ, որ մենք ստիպված չեղանք այդ գյուղերի (Ղազախի սահմանագծի չորս գյուղերի.-խմբ.) վերադարձի համար այլ մեթոդների դիմել։ Դա պետք է նոր լիցք հաղորդի սահմանի ողջ երկայնքով իրականացվող ճշտումներին։ Գոյություն ունեցող ադրբեջանա-հայկական պայմանական սահմանը դոգմա չէ։ Մեր դիրքորոշումը մշտապես հետևյալն է եղել՝ սահմանը ճշտումների կարիք ունի»:

Պատրաստված է ըստ «Ազատության», «Ֆակտորի» եւ «Ադրբեջանն այսօր» տելեգրամյան ալիքի նյութերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031