Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի, Թուրքիայի, բենզինի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Իրանն այսօր»

Հունվար 07,2025 20:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրանն այսօր» – Բենզինն Իրանում սուբսիդավորվում է, ինչը նշանակում է, որ բնակչությանը այն վաճառվում է ինքնարժեքից էլ ցածր գնով՝ պետական միջոցների տրամադրման հաշվին։ Նաև սրա արդյունքում բենզինի սպառումն Իրանում շատ մեծ է:

Մինչև 2018թ. Իրանը երկրին անհրաժեշտ բենզինի մի մասը ներկրում էր։ Ներկրումն աստիճանաբար նվազեցնելով՝ 2018-ի հոկտեմբերից Իրանը դադարեցրեց այն: Վերջին տարիներին, սակայն, Իրանը նորից սկսել է ներկրել:

Իրանական օրացույցով 1402թ. (2023-ի մարտ-2024-ի մարտ) Իրանում օրական արտադրվել է 105 մլն լիտր բենզին, սպառումը եղել է 116 մլն:

Սպառման բարձր ցուցանիշը նաև մաքսանենգության հետևանք է․ մարդիկ էժան՝ սուբսիդավորված գնով գնում են բենզինն Իրանում և վերավաճառում են հարևան երկրներում։

Ըստ նախագահ Փեզեքշիանի՝ օրական 20-30 մլն լիտր բենզին է մաքսանենգ ճանապարհով դուրս բերվում Իրանից:

Բենզինի անխնա սպառումը/մաքսանենգությունը նվազեցնելու համար կառավարությունը տարբեր միջոցառումներ է քննարկում, որոնցից մեկը բենզինի գնի թանկացումն է:

Բայց սա իրանական հասարակության շրջանում շատ զգայուն թեմա է: Նախորդ՝ 2019թ. թանկացումը բազմահազարանոց ցույցերի և 200-ից ավելի զոհի պատճառ դարձան:

Ըստ Իրանի իշխանությունների՝ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում ներդրել են նաև «լիքը բաքի» նախագիծը:

Սա ենթադրում է, որ Իրանից դուրս գալիս իրանական ու արտասահմանյան բեռնատարները պետք է կա՛մ բաքը մինչև վերջ լիցքավորեն (ոչ սուբսիդավորված գնով), կա՛մ 1000 լիտրին համարժեք գումարը վճարեն՝ անկախ նրանից, թե ինչ հեռավորության ճանապարհ են գնալու (Այս խնդրին բախվել էին նաև հայկական բեռնատարների վարորդները)։

Հենց այս որոշումից հետո էլ Թուրքիան վերացրել է իրանական բեռնատարներին նախկինում տված արտոնությունը: Մասնավորապես՝ դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց արդեն գանձում է շուրջ 29 լիրա: Յուրաքանչյուր բեռնատարի համար սա կարող է շուրջ 1000 դոլար արժենալ:

Նման գումար իրանցի վարորդները չեն պատրաստվում վճարել, ուստի հրաժարվել են երթևեկել՝ իրանա-թուրքական սահմանին հերթեր գոյացնելով:

Շրջանառվում են նաև լուրեր, որ ի պատասխան էլ, Իրանը շաբաթ օրվանից դադարեցրել է թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը:

Թե՛ հենց Իրան-Թուրքիա սահմանին, թե՛ Նախիջևանի սահմանին (բեռնատարների մի մասը Թուրքիա է գնում Նախիջևանով) այժմ սպասողական վիճակ է: Իրանի իշխանությունները խոստանում են հարցը կարգավորել առաջիկա օրերին:

Այս թեմայի վերաբերյալ Իրանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը իրանական որոշ ԶԼՄ-ներ վերագրել էին «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին ու խառնաշփոթ առաջացրել այդ թվում հայկական դաշտում:

Իրականում խոսնակը հայտնել էր, որ բեռնատարների խնդիրը քննարկելու համար պատվիրակություն է մեկնելու Թուրքիա: Մամուլում դա դարձել էր «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու համար:

Եվս մեկ հավելում: Առհասարակ վառելիքի (ոչ միայն բենզին) խնդրի պատճառով Իրանում այս տարի չեն հասցնում բավարար քանակի էլեկտրաէներգիա արտադրել։

Ու եթե նախկինում ամռան ամիսներին էին բախվում էլեկտրաէներգիայի պակասի խնդրին ու անընդհատ հովհարային անջատումներ էին, ապա այս տարի դա տեղի է ունենում նաև աշուն-ձմռանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031