Այսօր առավոտյան Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի հայտարարություն․ կարևորելով արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները՝ Դավիթ Առուշանյանն աշխատանքի է հրավիրում մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների։
Պահանջների մեջ նշված է, որ կարող են դիմել 25 տարին լրացած անձինք, ովքեր ունեն «մասնագիտական աշխատանքային փորձ, հանրային ծառայության առնվազն 3 տարվա կամ համապատասխան ոլորտի բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»։
Շիրակի մարզպետի այս մոտեցումը նորություն է նրանով, որ թերևս առաջին անգամ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվում․ սովորաբար յուրաքանչյուր մարզպետ հայեցողական պաշտոններում տեղավորում է իր ընկերներին, բարեկամներին, հարազատներին։ Մարզպետի հեռանալուն պես՝ պաշտոնանկ են արվում նաև նրանք։
Aravot.am-ն այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել հայեցողական պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել։
Կարդացեք նաև
«Ես միշտ այն մտքին եմ, որ Գյումրին, Շիրակի մարզը պիտի տարբերվեն, բայց իրականում սա ժեստ չէ․ իմ պաշտոնավարման 10 օրվա ընթացքում հասցրել եմ հասկանալ՝ ինձ ինչ է պետք ու նաև այն ժամանակահատվածը, որ եղել եմ պատգամավոր ու նաև Գյումրու փոխքաղաքապետ, հասկացել եմ՝ ինչ ճանապարհով եմ առաջ գնալու։
Այդ ճանապարհին շատ կարևոր գործառույթ ունեն անելու խորհրդական-իրավաբանը և խորհրդական-ֆինանսիստը։ Ես ակնկալում եմ, որ մեր համաքաղաքացիները, այն մասնագետները, որոնք ցանկություն ունեն աշխատանքի անցնել կամ ցանկություն ունեն իրենց օգուտը բերել Շիրակի մարզին, խնդրում եմ իրենց տվյալներն ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։
Մենք այսօր այստեղ շատ լուրջ գործ ունենք անելու, այդ հայեցողական պաշտոնները բարեկամների, ընկերների, ազգականների համար չեն, նախատեսված են մարզին օգուտ տալու համար։ Հատուկ մտածված՝ հրավիրում ենք իրավաբանների և ֆինանսիստների, որովհետև մենք խնդիրներ ունենք ֆինանսական առումով, իրավաբանական առումով, մենք ՏԻՄ-երում ֆինանսական հարցեր ունենք պարզաբանելու, լուծելու, բժշկական հաստատություններում, դպրոցներում, մարզպետարանում, ամենակարևորը՝ շինարարության մեջ, մրցույթների հետ կապված ես լուրջ խնդիրներ եմ տեսնում։
Ակնկալում եմ, որ իրավաբան-ֆինանսիստ համատեղ ուժ ստեղծենք, որ կարողանանք այն տեղերում, որտեղ խնդիր եմ տեսնում, այդ մարդիկ կարողանան լուծում տալ»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն ասաց՝ մրցութային է լինելու, պարտադիր չէ տվյալ մասնագետի կուսակցական լինելը, կարևորը փորձը և գիտելիքներ են։
Նա նաև տեղեկացրեց, որ հայտարարությունից մի քանի ժամ անց արդեն դիմողներ կան։
«Կան մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում, թող թերահավատորեն մոտենան, կարևորն այն է, ինչ նպատակ դրել ենք մեր առջև, կարողանանք այն իրագործել։ Այս պահին շատ կարևոր է, որ այն բացերը, որոնք ունենք, լրացնենք»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Նա նշեց, որ մարզպետի երկու օգնականների հաստիքներն արդեն համալրված են, երեք խորհրդականներից էլ միայն մեկի հաստիքն է զբաղված։ Երկու թափուր խորհրդականների հաստիքները թափուր են, կհամալրեն համաքաղաքացիներով։
Նա հույս ունի, որ Գյումրիում հարգված ֆինանսիստներն ու իրավաբանները կդիմեն՝ ցանկություն հայտնելով աշխատել իր թիմի հետ ու իրենց գիտելիքները կներդնեն Շիրակի մարզի զարգացմանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ