Մեկ ամիս առաջ վերաօծված Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից Հայոց բանակ ճանապարհեցին պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների առաջին խմբին։ Նրանց ճանապարհեցին աղոթքներով, ռազմական երգերով, ոգեշնչող ելույթներով։
Հուզիչ տեսարան էր․ միախառնվել էին թախիծը, մտահոգությունն ու ուրախությունը, արցունքներն ու հպարտությունը․ ծնողներից շատերը գրկախառնվում ու հեկեկալով լաց էին լինում։
Կարդացեք նաև
Իսկ երբ շարժվեց ավտոբուսը, երկարատև ծափահարություններ հնչեցին։
Նրանց ճանապարհելու էին եկել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Սարիկ Մինասյանը իր խոսքում ասաց, որ գյումրեցի տղամարդը արժանապատիվ է, բարձր ինքնասիրության տեր է, հետևաբար և վստահություն հայտնեց՝ պատվով կպաշտպանի հայրենիքը։
Նա նաև խորհուրդ տվեց՝ բանակում լինել ընկերասեր, զիջող, միմյանց նկատմամբ հոգատար, այդ դեպքում բանակային որևէ միջադեպ տեղի չի ունենա։
Սարիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նաև ծնողներին՝ ասելով․ «Ապահով գնացեք տղաներ, դուք մեր թիկունքը պահեք, մենք էլ ձեր ծնողների կողքին կլինեք ցանկացած հարցում»։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ ասաց․«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին, որոնք երկու տարի ծառայել են մեր պետությանը, մեր հայրենիքին։ Ուզում եմ, որ հպարտորեն գնաք, որովհետև դուք եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, դուք եք պաշտպանելու խաղաղությունը, մեր երկիրն ու ձեր ծնողներին։
Դժվար փուլ է ձեր կյանքում լինելու, որովհետև կյանքը փոխվում է, բայց վստահ եմ, որ պատվով եք ծառայելու։
Մաղթում եմ ձեզ տոկունություն և մեր երկրին՝ խաղաղություն։ Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են, ձեր կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարիքն ունեն համաքաղաքացիներն ու բարեկամները։ Խնդրելու եմ ձեզ հոգ տանել ծառայակից ընկերների մասին, թև ու թիկունք լինել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Ծնողներին համբերություն եմ մաղթում՝ անհոգ եղեք, ձեր զավակները պատվով կկատարեն իրենց պարտքը։ Անփորձանք եղեք տղաներ»։
Ելույթ ունեցան տատիկները, նրանցից մեկի խոսքն անչափ հուզիչ էր։
«Երեխեք ջան, ես մի բան եմ ուզում, իմ Աստվածը թող ձեր հետ լինի, իմ Աստվածը շատ-շատ զորեղ է, ինչ ուզել եմ Աստծուց, տվել է։ Աշխարհին խաղաղություն, Հայաստան երկրիս խաղաղություն, ձեզ էլ բարի ծառայություն ու բարի վերադարձ»,-ասաց նա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ