Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Սրանց խնդիրը զուտ ֆինանսական կարողությունների վերաբաշխումն է: Մեկն ավելի քիչ է հարստացել, մյուսն՝ ավելի շատ, ու դրա համար են այս փոփոխությունները տեղի ունենում»

Հունվար 07,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքից ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում հայ ժողովրդին շնորհավորեց Սուրբ Ծնունդի եւ Ամանորի առիթով, որից հետո անդրադարձավ ուղիղ եթերում հնացած ուտելիքի մնացորդներով ձվածեղ պատրաստելու հայտնի արարողությանը:

«Այդ ամենը պատահական չի արվում: Դա անարգանք է հարյուր հազարավոր մեր հավատացյալ ժողովրդի նկատմամբ, որոնք պետք է լինեն եկեղեցում, մասնակցեն Սուրբ Պատարագի: Դե, սրանք վաղուց մոռացել են եկեղեցին: Իսկ մեկը կար, որ ասում էր, թե Հիսուս Քրիստոսին տեսնում է Փաշինյանի կերպարով, տեսանք ինչ եղավ նրա ճակատագիրը: Ուզում եմ նմաններիդ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթով բոլորիդ օգտագործելու է ու դուրս է շպրտելու: Ու դրանով էլ չի բավարարվելու, մտնելու է ընտանիքներ, անձնական դաշտ: Ով ուզում է լինի իրենց թիմից. այսօր՝ քեֆ-ուրախություն իրար հետ, խրախճանք, վաղը՝ համոզված եղեք, որ յուրաքանչյուրիդ թեւից կարող է բռնել, շպրտել եւ, այսպես ասած, սարքել փալաս: Ցոփ ու շվայտ կյանքը, որ դուք այսօր վայելում եք, վաղը պատասխան եք տալու:

Չեք տեսնո՞ւմ, թե մեր շուրջն ինչ է կատարվում: Ձվածեղ են անում, հեծանիվ են քշում, հաճույքներ, խրախճանքներ, հրավառություն: Միլիոնավոր դրամներ են վատնում այն մարդիկ, որոնք ժամանակին տրանսպորտով էին երթեւեկում, ապառիկով փոշեկուլ եւ հեռուստացույց էին առնում, այսօր մեկ օրվա մեջ միլիոնավոր դրամների ծախսեր են անում: Որտեղի՞ց այդ գումարները: Էս ո՞ւր հասաք: Բա մեր հայրենակիցները դրանցից պահանջելու բան չունե՞ն: Ձեր պարտականությունները չեք կատարում քիչ չի, թուրք-ադրբեջանական շահերն եք սպասարկում, հիմա էլ տեսնում ենք՝ տարբեր տենդեռների մեջ եք:

Այս պաշտոնանկություններն էլ, որ կան, նրա համար չէ, որ ինչ-որ մեկը վատ է աշխատել: Դա նրա համար է, որ այդ մարդիկ հարստանում են ու համապատասխան տեղերն էլ քիչ փող են տալիս: Խոսում են ոսկու միլիարդավոր դոլարների շրջանառության մասին, որ գալիս եւ գնում է տարբեր երկրներ:

Պետք է խոսել նաեւ վառելիքի մասին: Վերջերս հարցում էի արել: Պարսկաստանից ավիաբենզինի, որը չի հարկվում, անվան տակ հազարավոր տոննաներ են մտնում Հայաստան: Դրանով երեւի տարածաշրջանի բոլոր օդանավերը կլիցքավորվեին: Պարզ է, չէ՞, որ այս ամենը զարտուղի ճանապարհներով, հովանավորչությամբ է տեղի ունենում, միլիարդավոր դոլարների շահույթ ու եկամուտ է բերում իշխող թիմին եւ իր շրջանակներին: Սրա պատասխանն ո՞վ պիտի տա:

Սիրելի հայրենակիցներ, տեսնում եք, չէ՞, սրանց օր-օրի հղփանալը, հարստանալը: Սրանց խնդիրը ոչ թե Արցախն էր, հայրենիքն էր, երկիրն էր, անվտանգային հարցերն էին, ներքին բախումները տեղի ունենում են զուտ ֆինանսական կարողությունների վերաբաշխման համար: Մեկն ավելի քիչ է հարստացել, մյուսն՝ ավելի շատ: Ու դրա համար են այս փոփոխությունները տեղի ունենում», – ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031