Դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները էլեկտրոնային դեղատոմսերի առնչությամբ 2024թ. նոյեմբերին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումին պատասխանել է Առողջապահության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարը:
Դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններն արձագանքել են: Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Կարդացեք նաև
Սույն թվականի նոյեմբերի 21-ին դիմել էինք Ձեզ՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը համակարգող վերադասի, որպեսզի հանձնարարեք դադարեցնել դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի չգործելու արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամայական վարչարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, միաժամանակ, առողջապահության նախարարության կողմից ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառության լիարժեք ներդրման՝ իր պարտականությունների կատարումը։
Մեր դիմումից մեկ ամսից ավելի անց Առողջապահության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք անբովանդակ մի պատասխան,
որը ոչ մի կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ։ Պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ ԱՆ-ի կողմից տրվել են խորհրդատվություններ հեռախոսազանգերի միջոցով, իրականացվել է հանրային լայն իրազեկում, կազմակերպվել են, ի թիվս այլնի, ասուլիս, անիմացիա և ինֆոգրաֆիկաներ, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են նախարարության կայքում, «Հաճախ հնչող հարցերն» առանձնացվել են…
Պատասխանի՝ թերևս միակ արձանագրումը, որ կապ ուներ մեր բարձրացրած հարցերի հետ, նախորդ 9 ամսվա ընթացքում դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի քանակի վերաբերյալ տեղեկությունն էր (մեջբերում պատասխան գրությունից. «01 մարտից մինչև 01 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդամենը 97377 հիվանդի միջոցով գնվող դեղերի դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի…»), որը չնչին թիվ է (օրական կտրվածքով ընդամենը 360 դեղատոմս), և իր հերթին ապացուցում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի կոմերցիոն (ոչ պետպատվերի շրջանակներում իրականացվող) շրջանառությունը փաստացի չի գործում:
Մեր ներկայացրած գրության արդյունքում նաև կազմակերպվել է հանդիպում Տեսչական մարմնի ղեկավարի և Առողջապահության փոխնախարարի հետ: Բարձրացրած հարցերի՝ իր իրավասության մասի հետ կապված, Տեսչական մարմնի ղեկավարը մի շարք հայտարարություններ արեց, որոնցից ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ Տեսչական մարմինը շարունակելու է իր վարչարարությունը և պատրաստվում է առանց էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեղի իրացման դեպքում յուրաքանչյուր դեղի համար (այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար, ինչպես օրենքն է պահանջում), կիրառել տուգանք 5000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքի նշված չափը, հաշվի առնելով ներկայում էլեկտրոնային դեղատոմսերի համատարած դուրս չգրման պրակտիկան, որոշ տնտեսվարողների մոտ կարող է կազմել հարյուրավոր միլիոն դրամ։ Այսինքն, նման տուգանքների կիրառումը հավասարազոր է տվյալ տնտեսվարողի ուղիղ սնանկացմանը։
Առողջապահության փոխնախարարն, իր հերթին, արձանագրեց, որ էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում նախատեսված դեղերի չնչին տոկոսը: Դեղատների սպասարկման վիճակագրությամբ՝ խոսքը, առավելագույնը, էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնման ենթակա դեղերի ծավալի 1 տոկոսի մասին է: Այսինքն՝ 99 տոկոս դեպքերում, երբ բժիշկները դեղատոմսերը դուրս են գրում հասարակ թղթի վրա, դեղատները պետք է վարչական պատասխանատվություն կրեն նման դեղատոմսերով դեղ բաց թողնելու համար։ Միաժամանակ, փոխանակ նախարարությունն իր իրավասության տակ գտնվող բուժհիմնարկների միջոցով (որոնց նկատմամբ ունի անմիջական լծակներ) իրականացնի էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի դուրսգրման իր հռչակած քաղաքականությունը, առաջարկվեց, որ դեղատներն ինքնուրույն հետամուտ լինեն բժիշկներին պատասխանատվության ենթարկելուն և ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսերը ներկայացնեն Տեսչական մարմին։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետությունն ընդունել է այնպիսի նորմատիվ ակտ, որը փաստացի չի կատարվում և միայն տնտեսվարողին տուգանելու և սնանկացնելու նպատակ է հետապնդում։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ առավելագույնը, որ Առողջապահության նախարարությունը կփորձի անել, դեղատոմսով դուրս գրվող մնացած խմբերի մոտ 2100 անվանում դեղերի 2025թ․-ի հունվարի մեկից նախատեսված էլեկտրոնային դեղատոմսերի պարտադիր դուրսգրումը մինչև 2027թ․-ի հունվարի մեկը հետաձգելն է։ Սակայն դա էլ, ինչպես պարզվեց, նույնպես չի իրագործվելու, քանի որ ՀՀ կառավարության տարեվերջյան որոշմամբ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը։ Այսինքն՝ 470 անվանում դեղերի՝ ձախողված էլեկտրոնային շրջանառության համակարգում մի քանի ամսից գումարվելու է դեղատոմսերով դուրս գրվող ևս 2100 անվանում:
Այսպիսով, Կառավարության աշխատակազմը, մեր գրությամբ առաջարկված՝ հանդիպում կազմակերպելու, բարձրացված հարցերի բովանդակությանը խորամուխ լինելու փոխարեն, բավարարվում է բարձրացրած խնդիրների հեղինակ գերատեսչությունների հետ հանդիպում կազմակերպելով, որը ի վերուստ, դատապարտված նախաձեռնություն է, քանի որ խնդիր ստեղծող կողմը չի կարող խնդիրը լուծող լինել այն պարզ պատճառով, որ խնդիրը ծագել է հենց իր կողմից։ Արդյունքում, կազմակերպված հանդիպումները վերածվում են խնդիր ստեղծողների կողմից իրենց կայացրած որոշումների և ընտրած վարչարարության արդարացման գործընթացի, ինչով, օրինաչափորեն, բացառվում է որևէ խնդրի լուծում։
Ամփոփելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն փաստի վրա, որ մեր բարձրացրած խնդիրը լուծելու փոխարեն՝ մեր գրությունը մեխանիկորեն վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, վերջինս էլ նամակագրությամբ խնդրի քննարկման և լուծման պատրանք է ստեղծում:
Կառավարությունից կրկին ակնկալում ենք լուծում տալ այս խնդրին, որը տասնամյակներով ձևավորված ու աշխատող համակարգը նման հում ու իր ձախողումն ապացուցած քաղաքականությամբ տանում է ուղղակի ոչնչացման:
Մասնավորապես, կարծում ենք նաև, որ պետք է դադարեցնել դեղատների նկատմամբ տուգանքների կիրառումն այն պարագայում, երբ ապահովված չէ էլեկտրոնային դեղատոմսերի բավարար քանակությամբ և ժամանակին դուրսգրումը, որը հնարավորություն չի տալիս դեղատներին բուժառուների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով:
Հարգանքով՝
«ԱԼՖԱ–ՖԱՐՄ» ՓԲԸ
«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ
«ԷՍ–ՖԱՐՄԱ» ՍՊԸ ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«ՏՈՆՈՒՍ–ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ
«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«ԿՈՒՌԱՄՈՒՍ» ՍՊԸ
«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ
«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ