Համայն հայության մայրաքաղաք Երևանում տարեմուտի տոնական միջոցառումների պակաս չկար: Ցանկացած տարիքի անհատ կարող էր ընտրել իր նախասիրության և ճաշակին համապատասխանող համերգ, բալետային, թատերական կամ այլ ձևաչափով ներկայացում…. Այս բազմազանության մեջ մեր ուշադրությունը գրավեց արտասովոր մի համերգ, Վիեննա-Գալա խորագրով, որը կայացավ դեկտեմբերի 30-ին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը, տուրք տալով հանդիսատեսի հիացական արձագանքներին, որոշեց կրկնել համերգը նաև 2025թ. հունվարի 16-ին:
Որպես տարեմուտի համերգ, ծրագիրն, իհարկե, ավանդական էր. հնչեցին վաղուց արդեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Յոզեֆ Շտրաուսի և Յոհան հայր և որդի Շտրաուսների վալսերը, պոլկաները, քայլերգերը, օպերետային նախերգանքները, որոնք ուղղակի ֆանտաստիկ մեկնաբանություն ստացան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Կարդացեք նաև
Դիրիժորական վահանակի մոտ էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որն իր փորձառու, բայց պատանեկան ավյունով լի ղեկավարությամբ բոցավառեց թե նվագախմբի երաժիշտներին, թե հանդիսատեսին: Բայց սկսենք սկզբից, մեզ համար անսովոր էր այն, որ համերգասրահի դռները բացվեցին համերգից մեկ ժամ առաջ: «Արամ Խաչատրյան» համերգասրահը լցվեց երեկոյան շքեղ հագուստներով, հարդարանքով և անգամ դիմակահանդեսային աքսեսուարներ կրող հանդիսականներով:
Տոնական զարդարված ճեմասրահում նրանց սպասում էր գինիների յուրօրինակ տաղավարը՝ անուշաբույր հայկական գինու հյուրասիրությամբ: Մինչ հանդիսատեսն անշտապ վայելում էր գինին և էսթետիկ միջավայրը, վալսի հնչյունների ներքո փերիների նազանքով հայտնվեցին Բարեկամություն պետական անսամբլի հեզաճկուն աղջիկները՝ կավալերների ուղեկցությամբ: Ճեմասրահում տիրում էր պարահանդեսային մթնոլորտ, որը սահուն կերպով շարունակվեց դահլիճում. համերգի ժամանակ զույգերը հանդես եկան ևս երկու պարային համարով:
Իսկ նվագախումբը վալսի հնչյունների ներքո ունկնդիրներին տեղափոխեց բարձրաշխարհիկ Վիեննա: Համերգի եզրափակիչ ակորդը, իհարկե, հայտնի «Ռադեցկու քայլերգ»-ն էր, որի կատարմանը Թոփչյանի ղեկավարությամբ «մասնակցեց»- նաև հանդիսատեսը՝ ռիթմիկ և առույգ ծափերով:
Պիտի նշենք, որ երեկոն տպավորիչ էր նաև համերգասրահի շքեղ հիմնանորոգման պատճառով՝ աչքի էին զարնում համերգասրահի արքայական կարմիր թավիշով հարմարավետ աթոռները, ոսկեպատ նախշաքանդակները, ջահերի նոր բյուրեղապակիները փայլում էին լույսերի ներքո:
Աստղիկ Դալլաքյան,
Սամվել Դանիելյան