ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի ուղերձը
2024 թվականը անցումային տարի դարձավ, հատկապես ինձ համար, երբ ստանձնեցի ՀԲԸՄ ութերորդ նախագահի պաշտոնը՝ հաջորդելով Պերճ Սեդրակյանին։ Նա իր 22 տարիների ուշագրավ նախագահությունը սկսեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունում տասնամյակների գործունեությունից հետո: Ինձ համար պատիվ է տարեվերջյան ուղերձով հանդես գալու ավանդույթը շարունակելը։ Անցյալ հոկտեմբերին կայացած ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը վերջին տարիների ամենաաշխույժ և իրադարձություններով լի ժողովներից էր:
Ղեկավարության փոփոխությանն ընդառաջ անդրադարձանք ՀԲԸՄ-ի վերջին երկու տասնամյակների զարգացմանն ու նորարարություններին և մեր երախտագիտությունը հայտնեցինք ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրա նախագահության տարիները համընկան հայոց պատմության նորագույն շրջանի մի շարք առանցքային իրադարձությունների հետ։ Մասնավորապես, երիտասարդության զարգացման վրա նրա շեշտադրումն ամբողջ աշխարհում ընդլայնեց ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ցանցը: Միայն այս տարի մեզ միացավ վեց նոր ԵԱ խումբ Ամմանից, Բուդապեշտից, Կորդոբայից, Դուբլինց, Մելբուռնից և Սիդնեյից: Ստանձնելով ՀԲԸՄ նախագահի պաշտոնը՝ ակնկալում եմ սերտորեն աշխատել հինգ մայրցամաքներում գործող ՀԲԸՄ մասնաճյուղերի հետ: Անցնող տարում այցը դեպի Հարավային Ամերիկա խորապես հուզեց ինձ, երբ ականատես եղա Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում տիրող ուժեղ հայկական մթնոլորտին:
Մինչև հաջորդ տարի այս ժամանակահատվածը նպատակ ունեմ ավելի լայն պատկերացում կազմել աշխարհասփյուռ հայության և մեր բազմազան համայնքները միավորող կապերի մասին: Այս տարի այլ առանցքային իրադարձություններ ևս տեղի ունեցան։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո ՀԲԸՄ-ն անմիջապես գործի անցավ և մեծածավալ մարդասիրական օգնություն տրամադրեց՝ տեղահանվածներին ապահովելով սննդով, հագուստով, կացարանով և առաջին անհրաժեշտության պարագաներով։
Կարդացեք նաև
2024 թվականին մեր առաջնահերթությունը դարձավ երկարաժամկետ օգնության տրամադրումը՝ անդրադառնալով ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ վերականգնմանը: Մենք ընդլայնեցինք ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որին նոր մասնագետներ միացան Արցախից և տրամադրեցինք անվճար հետազոտությունների հնարավորություններ և հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ:
ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի շրջանակներում արցախցի մայրերի և երեխաների համար հանգստյան օրերին կազմակերպեցինք նաև թերապևտիկ հավաքներ: Բացի այդ, արցախահայությանն աշխատանքով ապահովելը և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ինտեգրվելը մեզ համար առանցքային դարձան: Վերսկսելով դեռևս Արցախում մեծ հաջողություն վայելած ՀԲԸՄ «Սովորի’ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագիրը, ընդլայնեցինք այն՝ ավելացնելով Հայաստանի խոստումնալից ոլորտներում վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև անգլերենը բարելավելու և աշխատանքի խորհրդատվություն ստանալու հնարավորություններ: Այս նախաձեռնությունները կարող են օգնել իրենց հողից արմատախիլ եղած այս համայնքին վերահաստատվել և վերականգնել ֆինանսական անկախությունը:
Ապագային ընդառաջ՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է դիմակայել այն համաշխարհային մարտահրավերներին, որոնք վերաձևավորելու են աշխարհը, հայ ազգը և մեր կազմակերպությունը։ Թեև ապագան անորոշ է, ես վստահ եմ, որ ՀԲԸՄ-ն կադապտացվի փոփոխություններին և կշարունակի զարգանալ՝ մեր նվիրատուների առատաձեռնության, մեր կամավորների խանդավառության և տեղի ղեկավարների և գործընկերների համագործակցության շնորհիվ: Ձեր բարի կամքի շարունակական դրսևորումն ու աջակցությունը կենսական են աշխարհասփյուռ հայության կյանքը բարելավելու համար իրականացվող համատեղ աշխատանքներում։ Այս նոր տարում մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն և բարեկեցություն:
Սեմ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀԲԸՄ նախագահ