«2024 թվականի համար Կադաստրի կոմիտեն ունեցել է նախատեսված իրականացման 13 միջոցառում եւ դրանցից գրեթե բոլորը միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման եւ ավելի արդյունավետ գործառույթների իրականացման համար»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում, ամփոփելով 2024 թվականը՝ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը եւ թվարկեց առավել կարեւորները:
«Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականին մշակվել եւ ՀՀ ԱԺ կողմից հաստատվել է վեց օրենքի նախագիծ, կառավարության կողմից հաստատվել է 18 որոշում եւ ընդունվել է կոմիտեի ղեկավարի հինգ հրաման: Յուրաքանչյուր օրենք եւ կառավարության որոշում միտված է եղել ստանդարտավորել որոշակի գործողություններ եւ համապատասխան էլեկտրոնային փոփոխություններ մտցնել Կադաստրի կոմիտեի գործառույթներում»,- տեղեկացրեց կոմիտեի ղեկավարը:
Սուրեն Թովմասյանի փոխանցմամբ, Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը 2024 թվականի համար կազմել է շուրջ 96,2 % եւ հատկացված միջոցներից 77 %-ը կազմել է աշխատավարձային ֆոնդը: Իսկ Կադաստրի կոմիտեի զարգացմանը եւ համապատասխան համակարգերի ներդրմանը ուղղվել է մնացած 23 %-ը: Ընդ որում, 2024 թվականին ծառայությունների մատուցման կատարողականը եղել է աննախադեպ: Այսինքն, կոմիտեն ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջե հավաքագրել է 8 մլրդ. 700 մլն. դրամից ավելի գումար:
Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ 2024 թվականին իրականացվել են նաեւ կառուցվածքային խոշոր փոփոխություններ: «Վարչապետի որոշմամբ տարածքային չորս ստորաբաժանումներ միավորում ենք՝ թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են եւ այդ գործառույթները իրականացնելու է գրանցման միասնական ստորաբաժանումը: Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի եւ Շիրակի ստորաբաժանումները կփակվեն առաջիկա մի քանի ամսում»,-ասաց պարոն Թորոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ