Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնչիտա Վյուրստի մասին Անուշ Արշակյանի ասածից հետո ծագած սկանդալի գործով ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է հրապարակել

Հունվար 07,2025 13:50

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է հրապարակել «Մինասյանը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով (դիմում թիվ 59180/15)։

Դատավճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնաբերել է 8-րդ հոդվածի խախտում առանձին և 14-րդ հոդվածի հետ միասին։

Դատարանը բավարարել է հետևյալ փոխհատուցումը.

ոչ նյութական վնասի համար՝ 2,000 եվրո (EUR) յուրաքանչյուր դիմորդին,

ծախսերի և վճարների համար՝ 1,067 եվրո դիմորդներին համատեղ։

Դիմումատուները 14 ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք բոլորն ակտիվիստներ են, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ և հետազոտողներ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների ոլորտում, ներառյալ՝ ԼԳԲՏ և կանանց իրավունքների պաշտպանությունը։

Գործը վերաբերում է 2014 թվականին «Իրավունք» թերթում հրապարակված հոդվածին՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերին. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով: Դիմումատուները չկարողացան բավարարում ստանալ Հայաստանի դատարաններում։ Հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին (մասնավոր և ընտանիքի կյանքի հարգանքի իրավունք)՝ 14-րդ հոդվածի հետ համակցված (խտրականության արգելք), 6-րդ հոդվածին (արդար դատաքննության իրավունք) և 13-րդ հոդվածին (արդյունավետ պաշտպանության իրավունք), նրանք, մասնավորապես, բողոքում են, որ նշված հոդվածը և հետագա հոդվածները ենթադրել են ոտնձգություն և ատելության խոսք։

Դիմումատուներն են մասնավորապես Լիլի Մինասյանը, Գայանե Առուստամյանը, Մամիկոն Հովսեփյանը, Վահան Իշխանյանը (մահացել է 2022-ի ապրիլին) եւ այլք:

Հիշեցնենք նախապատմությունը. Aravot.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանցի ժյուրի Անուշ Արշակյանը Կոնչիտա Վյուրստի մասին ասել էր. «Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել եւ այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքից հետո, թե այս մեկնաբանությունը խտրական, ատելության պարունակող, անհանդուրժողական է՝ նա եւ քույրը՝ Ինգա Արշակյանը փորձել էին հրաժարվել ասվածից, մինչեւ «Առավոտը» հրապարակեց խոսքի ձայնագրությունը: 

Դրանից հետո «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Ինգա եւ Անուշ Արշակյանները ներողություն խնդրեցին Aravot.am-ին տված հարցազրույցում արտահայտած պնդումների համար: Նույն ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործիչները հարցեր էին գրել երգչուհի քույրերին, քննադատել: Քննադատողները հետագայում իրենք էլ թիրախավորվեցին:

«Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին 2 աղջնակի՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին միայն նրա համար, որ նրանք թույլ տվեցին իրենց ասել, որ նրանք զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞»,- ԱԺ-ում հայտարարել էր պատգամավոր, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը:

2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթում հրապարակվեց վերոհիշյալ հոդվածը, որում մասնավորապես նշվում էր. «Համասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում: «Եվրատեսիլ» կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ… Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ, որ կտրուկ արգելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները, իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը մոտենա զրոյին»: Հոդվածին կցված էին քննադատական հարցադրումներ արած գործիչների Facebook-ում պրոֆիլները։

2014 թվականի մայիսի 31-ին բոլոր դիմողները, բացառությամբ Լիլի Մինասյանի և Գայանե Առուստամյանի, հերքման պահանջ ներկայացրեցին թերթին։ 2014 թվականի հունիսի 3-ին հրապարակվեց նոր հոդված՝ «Ու սրանք դեռ համարձակվում են հերքո՞ւմ պահանջել» վերնագրով։

2014 թվականի հունիսի 16-ին դիմողները քաղաքացիական հայց ներկայացրեցին թերթի և նրա գլխավոր խմբագրի դեմ՝ պնդելով, որ հոդվածում արված հայտարարությունները վիրավորական էին և նպատակ ունեին միայն վնասելու իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Նրանք պնդում էին, որ հայտարարությունները ներկայացնում էին ատելության և խտրականության դրդում։ Դիմողները նշել էին, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության թույլատրելի սահմանները գերազանցվել են։

2014 թվականի հոկտեմբերի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժեց դիմողների հայցը։ Հիմնվելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա՝ դատարանը որոշեց, որ հոդվածի նպատակը դիմողներին վիրավորելը չէր. այն պարունակում էր լրագրողական չափազանցություն և սադրանք։ Դատարանը պնդեց, որ հոդվածը հավասարակշռված էր ընդհանուր առմամբ և փորձել էր հավասար պատասխան տալ նրանց, ովքեր, ըստ հեղինակի, փորձում էին ագրեսիվ կերպով հաստատել նոր խաղի կանոններ, որոնք կարող էին կործանարար հետևանքներ ունենալ։

Դատարանը նշեց, որ հոդվածի հեղինակն առաջնորդվել է կարծիքների բազմազանության սկզբունքով և չի հետապնդել դիմողների պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելու նպատակ, նույնիսկ եթե օգտագործված որոշ ձևակերպումներ կարող էին ցնցող կամ անհանգստացնող լինել։

2014 թվականի նոյեմբերի 28-ին դիմողները բողոք ներկայացրեցին Վերաքննիչ դատարան։ 2015 թվականի մարտի 5-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը մերժեց դիմողների բողոքը՝ հաստատելով առաջին ատյանի դատարանի վճիռը։

Դրանից հետո նրանք դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հետևյալ հիմքերով:

1.Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ թերթի հրապարակումների և պետության՝ մասնավոր կյանքը հարգելու իրենց իրավունքի ապահովման պարտավորությունը չկատարելու կապակցությամբ:

2.Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 8-րդ հոդվածի հետ համակցությամբ, պնդելով, որ թերթի հրապարակումները պարունակում էին խտրական լեզու և խտրականության դրդում՝ իրենց ԼԳԲՏ համայնքի հետ կապերի և/կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման պատճառով։ Դատարանները անտեսել են իրենց կողմից ներկայացված խտրականության մասին պնդումները, ինչը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ պետությունը չի ապահովել օրենսդրական և գործընթացային մեխանիզմներ, որոնք թույլ կտային նրանց պահանջել խտրականության և/կամ ատելության խոսքի դատապարտում՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։

3.Կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտում, քանի որ պետությունը չպատասխանատվության չի ենթարկել պատասխանող կողմերին ատելության խոսքի տարածման համար և ատելության խոսքին պաշտպանություն է տրամադրել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո:

Դատավճռի ամբողջական տեքստը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշակ says:

    Բայց Արցախ կորցնելու համար չէիք հասնի Եվրոդատարան… Ինչ ամոթ է..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031