«Օրրան» բարեգործական ՀԿ-ն պարտվել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանի դեմ դատերը: Հիշեցնենք, որ կազմակերպությունը միանգամից երկու դատական ատյաններում բողոքում էր, որ Հովհաննիսյանը շենք է կառուցում իր հարեւանությամբ՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված 6 մ հեռավորությունը: Նոր կառույցը գտնվում է «Օրրանի» շենքից ընդամենը 1,6 մ-ի վրա:
…2023-ի դեկտեմբերին «Օրրանը» դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ կառուցապատող Արգամ Հովհաննիսյանի, իսկ քաղաքապետարանը ճանաչվել է երրորդ անձ: Այս դատարանը եւս, հայցը վարույթ ընդունելով, բավարարել է կազմակերպության միջնորդությունը՝ Հովհաննիսյանին արգելելով շինաշխատանքներ կատարել: Վերջինիս փաստաբանը դատարանին միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը եւ հանել շինաշխատանքների արգելքը, սակայն դատարանը մերժել է:
Դրանից հետո Հովհաննիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել «Օրրանի» դեմ՝ պահանջելով քանդել կազմակերպության՝ 2000-ականներին կառուցված շենքը: Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում մինչ այդ պնդել էր, թե «Օրրանի» շենքը ժամանակին կառուցվել է 60 սմ խախտումով դեպի իր կողմ, բայց ինքը չի բողոքում (ինչպես տեսնում ենք, հետո նա մտափոխվել է ու դատի տվել «Օրրանին», ընդ որում՝ իրականում այն ժամանակ Հովհաննիսյանը չի եղել «Օրրանի» հարեւանը, նա 2022-ին է ձեռք բերել այդ տարածքը): «Օրրանում», հակառակը, հերքում են, թե նման բան կա, կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ իրենց շենքը կառուցվել է 2000-ականների սկզբին՝ համապատասխան շինթույլտվության եւ վերահսկողության ներքո, ու այսքան ժամանակ որեւէ բողոք չեն ստացել:
Արգամ Հովհաննիսյանը հակընդդեմ հայցով չի բավարարվել: Քանի որ դատարանն «Օրրանի» միջնորդությամբ արգելք էր դրել շինաշխատանքների իրականացման վրա, կառուցապատողն իր հերթին պահանջել է կիրառել հակընդդեմ ապահովում: Ի՞նչ է սա նշանակում:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանի փաստաբանը դատարանում նշել է, որ եթե դատարանի արգելքի պատճառով իրենք սահմանված ժամկետում (մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 8-ը) չկարողանան ավարտին հասցնել շինարարությունը, քաղաքապետարանն իրենց կտուգանի առնվազն 3 մլն դրամով (շինարարության նախահաշվային արժեքի 3 %-ի չափով): Բացի դրանից՝ նույն պատճառով, ըստ Հովհաննիսյանի ներկայացուցչի, կառուցապատողը կարող է կրել հնարավոր վնասներ բաց թողնված օգուտի տեսքով: Ըստ այդմ՝ ՀՀ եռաստիճան դատական համակարգում այս գործի քննությունը կարող է տեւել 36 ամիս, այնինչ եթե Հովհաննիսյանը հոկտեմբերին ավարտեր շինարարությունն ու դեկտեմբերից շենքը վարձակալության հանձներ, գործող շուկայական գներով ամեն ամիս 3,75 մլն դրամ եկամուտ կունենար: Այդ հաշվարկով փաստաբանը միջնորդել է, որ դատարանը կիրառի հակընդդեմ ապահովում եւ «Օրրանին» պարտավորեցնի դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել 138 մլն դրամ (3 մլն դրամը՝ որպես քաղաքապետարանի տուգանք, իսկ 135 մլն-ը՝ բաց թողնված օգուտ): Այսինքն՝ եթե «Օրրանը» պարտվեր դատարանում, այս գումարը փոխանցվելու էր Արգամ Հովհաննիսյանին:
«Օրրանի» ներկայացուցիչը հակադարձել է, որ եթե առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած շինարարության արգելք, քաղաքապետարանը չի կարող շինաշխատանքների դադարեցումը պայմանավորել կառուցապատողի մեղավորությամբ ու տուգանել նրան: Ինչ վերաբերում է բաց թողնված օգուտին ու դրա հաշվարկին, ապա ըստ «Օրրանի» փաստաբանի՝ դրանց հիմքում չկան փաստեր, որոնք հնարավորություն կտան ամբողջական եւ հիմնավոր եզրահանգում անել առկա կամ հետագայում հնարավոր վնասների մասին:
Այդուհանդերձ, Երեւանի քաղաքացիական դատարանը որոշել է «Օրրանին» պարտավորեցնել 138 մլն դրամի փոխարեն իր դեպոզիտ հաշվին փոխանցել 48 մլն դրամ (3 մլն+45 մլն): «Օրրանը», սակայն, չի փոխանցել այս գումարը, ինչից հետո դատարանը, ելնելով օրենսդրության պահանջներից, վերացրել է ՀԿ-ի հայցի ապահովման միջոցը՝ շինարարության արգելքը, ու Արգամ Հովհաննիսյանը անարգել շարունակել է իր շենքի կառուցապատումը:
Ի վերջո, դեկտեմբերի 10-ին դատարանը վճիռ է կայացել՝ մերժելով թե՛ «Օրրանի» հայցը, թե՛ Արգամ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը:
Ըստ դատավոր Նաիրա Ավետիսյանի՝ թե՛ ՀԿ-ի, թե՛ կառուցապատողի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կհաստատվեն, որ մյուս կողմի իրականացրած գործողություններն անօրինական են: Չնայած երկու կողմերն էլ միմյանց կատարած շինաշխատանքներում հակաօրինական գործողություններ մատնացույց անելու համար դիմել են փորձագետների ու ստացել համապատասխան եզրակացություններ, դատարանը գտել է, որ այդ եզրակացություններով չի հիմնավորվում ո՛չ այն թույլտվությունների անօրինական լինելը, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակին տվել են «Օրրանին» ու Ա. Հովհաննիսյանին, ո՛չ այդ թույլտվությունների հիման վրա կատարված շինաշխատանքների անօրինական լինելը: Ըստ դատավոր Ավետիսյանի՝ անօրինական լինելը կարող էր հաստատվել միայն շինաշխատանքների համար հիմք հանդիսացող վարչական ակտի (շինթույլտվության) վիճարկման արդյունքում կայացված դատական ակտերով:
…Փաստորեն, ըստ դատավոր Ն. Ավետիսյանի՝ գործի նյութերով հաստատվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը չեն վիճարկվել («Օրրանը», ինչպես տեսանք, վարչական դատարանում վիճարկել է Հովհաննիսյանի ստացած շինթույլտվությունը, բայց հաջողության չի հասել), եւ «Օրրանի» ու Արգամ Հովհաննիսյանի գործողությունները անօրինական չեն ճանաչվել, հետեւաբար չի հաստատվում նրանց ստացած թույլտվությունների արդյունքում իրականացված շինաշխատանքների միջոցով մյուս կողմի իրավունքների խախտումը:
Չնայած երկու կողմերի հայցերն էլ մերժվել են, փաստացի ստացվում է, որ շահել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանը, որի հակընդդեմ հայցն ավելի շատ կարելի է դիտարկել զուտ որպես «Օրրանի» հայցին հակաքայլ եւ ոչ ավելին:
Այդուհանդերձ, «Օրրանը» պատրաստվում է դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում։
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում