«Ազատություն». Բաքուն անհիմն ու անընդունելի է որակել Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի վերջին պնդումները՝ դրանք որակելով «իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»։
Հունվարի 6-ին Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում, դեսպանների համաժողովի ժամանակ, խոսելով սպառնալիքներից, որոնց բախվում են ժողովրդավարությունները, հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսիան եվրոպացիների և մոլորակի մի զգալի մասի նկատմամբ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին։
Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան, վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում, մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։
Արձագանքելով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, թե «պատերազմն Ադրբեջանը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային վերջ դնելու նպատակով»։
Կարդացեք նաև
«Այժմ երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ Փարիզին մեղադրելով ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականություն վարելու համար։
Ադրբեջանը պահանջել է Ֆրանսիայից՝ «վերջ տալ խաղաղությանը չծառայող ու տարածաշրջանում կայունությունը խաթարող քայլերին»։
Ադրբեջանը հայ-ֆրանսիական համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում․ Բաքուն մեղադրում է Փարիզին ոչ միայն Հայաստանին զինելու, այլև «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։
Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ իրավիճակը լարելու նպատակ չունի, իսկ Հայաստանին վաճառվող զինամթերքը պաշտպանական է։