Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ՝ ինչ պատասխանել ճապոնացի գործընկերներին, դրամաշնորհով հատկացված գումարի մի մասը չօգտագործվելով՝ անիմաստ փոշիացվում է

Հունվար 07,2025 11:49

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պարոն վարչապետ,

քաջ գիտակցելով Ձեր զբաղվածությունը, այնուամենայնիվ, ստիպված եմ դիմել Ձեզ, քանի որ Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն կանգնած է լուրջ խնդրի առաջ, որը տարիներ շարունակ լուծում չի ստանում:

«Հիկարիի» գործունեությունը սկսվել է 2000-ականներից, իսկ առաջին խոշոր ծրագիրը 2005 թ.-ին էր, երբ մեր նախաձեռնությամբ Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքի “YMCA” կազմակերպություն ուղարկվեցին կենտրոնի երեխաների աշխատանքները՝ նկարազարդ լապտերները՝ հարգանքի տուրք մատուցելու 1945 թ.-ի օգոստոսին Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին՝ ընդդեմ պատերազմների և հանուն խաղաղության ողջ աշխարհում: Դա ճապոնացիների կողմից ճանաչվեց որպես նմանատիպ առաջին աննախադեպ ծրագիր, որը հետագայում վերաճեց միջազգային ամենամյա միջոցառման: Այս տարի արդեն 20-րդ անգամ Հայաստանից Հիրոշիմա դարձյալ լապտերներ ուղարկվեցին, որոնց ամեն տարի երախտագիտությամբ սպասում են Ճապոնիայում:

Լուսանկարում՝ «Հիկարի» կենտրոնի երեխաները

Հիրոշիմայի YMCA-ում գործում է «Հայկական անկյունը», որտեղ ներկայացված է հայ երեխաների հեղինակած «Խաղաղության լապտերներ» ծրագրի պատմությունը, ուր այցելում են բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից:

2009 թ.-ին մեր գործունեությունը ընդլայնվեց, վերաճեց ՀԿ-ի, որին էլ անմիջապես հաջորդեց Ճապոնիայի կառավարության առաջարկը՝ «Հիկարիի» գործունեությանը օժանդակելու նպատակով տարածքի վերանորոգման դրամաշնորհ հատկացնելու մասին:

2010-ին Ճապոնիայի կառավարության և Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) տնօրինության միջև, որի տնօրինման տակ գտնվող տարածքում հետագայում ծավալվելու էր «Հիկարի»-ի գործունեությունը, սկսեց բանակցային գործընթաց:

2010 թ.-ի հունիսի 30-ին կնքվեց համաձայնագիր ԳԱԿ-ի՝ այն ժամանակվա տնօրեն Լեւոն Իգիթյանի եւ իմ՝ «Հիկարի» ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի միջեւ, ըստ որի՝ Սարյան 33 հասցեում տեղակայված արվեստանոցային տարածքը անվարձահատույց 15 տարի ժամկետով տրամադրվում էր «Հիկարի» ՀԿ-ին՝ հայ-ճապոնական փոխմշակութային ծրագրերի իրականացման և մշակութային կապերը զարգացնելու նպատակով: 2011-ի գարնանը, սակայն, Ֆուկուշիմայի հզոր երկրաշարժի պատճառով Հայաստանում Ճապոնիայի կառավարության կողմից նախատեսված մի շարք բարեգործական ծրագրեր չեղարկվեցին, իսկ «Հիկարիի» տարածքի վերանորոգման ծրագիրը կասեցվեց անորոշ ժամանակով:

2013 թ.-ին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը հաղթահարելուց հետո Ճապոնիայի կառավարությունը վերադարձավ «Հիկարիի» վերանորոգման ծրագրին, եւ 31.03.2013 թ.-ին կնքվեց 119.341 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային ծրագիր՝ ԳԱԿ-ի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության միջեւ «Հիկարի» կենտրոնի վերակառուցման մասին:

Նվիրատու՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունն էր, վավերացնողը՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շահառուն՝ ՀՀ ԳԱԿ-ը, վավերացնողը՝ ԳԱԿ-ի աշխատակից եւ «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Վավերացման համար լիազորագիրը տրվել է ԳԱԿ-ի տնօրեն Լեւոն Իգիթյանի կողմից՝ 28.01.2013թ:

2014-ին շինարարության ավարտից հետո՝ մինչ օրս, «Հիկարի»-ին իր գործունեությունն է ծավալում Սարյան 33 հասցեում, եւ անցած 10 տարիների ընթացքում իրականացրած գործունեության համար Ճապոնիայի կառավարության կողմից պարգևատրվել է երեք պատվոգրերով, որոնցից վերջինը՝ անձամբ Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար պարոն Մոտեգի Տոշիմիցուի կողմից՝ 2021 թ.-ին Ճապոնիայի և օտար երկրների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը նպաստող նշանակալից ձեռքբերումների համար:

2020 թ.-ից ԳԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վահան Բադալյանի պաշտոնավարմամբ սկսվեցին կենտրոնի խնդիրները՝ կապված տարածքի ջեռուցման բացակայության հետ: Այդ մասին արդեն չորս տարի շարունակ գրում-տեղեկացնում եւ հորդորում եմ աջակցել «Հիկարիի» նորմալ գործունեության վերականգնմանը թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը եւ թե՛ ՀՀ արտգործնախարարությանը: Խնդրից քաջատեղյակ են եւ՛ Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ա.Հովհաննիսյանը, եւ՛ ՀՀ-ում Ճապոնիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպաններ պարոն Յամադան, պարոն Ֆուկուշիման եւ ներկայիս դեսպան պարոն Աոկին: 2021-ին անգամ քառակողմ հանդիպում էր կազմակերպվել ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի պաշտոնատար անձանց, ԳԱԿ-ի տնօրենի եւ «Հիկարի»-ի նախագահի միջև:

2020-ից ԿԳՄՍՆ-ում հանդիպել եւ նամակով դիմել եմ այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Խզմալյանին, հետագայում խնդրով զբաղվող Միջազգային բաժնի պետ Ա. Պապոյանին, այնուհետև կրկին խնդրով զբաղվող ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ տիկին Ս.Սահակյանին: Հանդիպել եմ նախարար Ժ.Անդրեասյանի և փոխնախարար պարոն Դ.Դանիելյանի հետ, երկու հանդիպում եմ ունեցել Իրավաբանական վարչության պետ պարոն Հ.Գևորգյանի հետ: Ստացել եմ ընդամենը երկու անորոշ, խնդրին գրեթե չվերաբերող պատասխան՝ 2022-ին Ա. Խզմալյանից, 2024-ին, չգիտես ինչու, Կ.Գիլոյանից:

Հարգարժան պարոն վարչապետ, 2024թ սեպտեմբերի 3-ին դիմել եմ Ձեր աշխատակազմին, որտեղից իմ նամակը վերահասցեագրվել էր ԿԳՄՍ նախարարությանը: Փաստն այն է, որ մեր խնդիրը չի լուծվել, ինչպես ցրտից սառչում էինք 2020-ին, այնպես էլ սառում ենք հիմա: Նման պայմաններում, առանց բավարար ջեռուցման անհնար է կազմակերպել երեխաների հետ աշխատանքը: Ցավոք, նույն պատճառով զրկված ենք մշակութային բազմաբնույթ ծրագրերի և միջոցառումների անցկացումից, քանի որ դահլիճում, բացի խոնավությունից ու պատերի վրա պարբերաբար առաջացող բորբոսից՝ ներկայում ընդամենը 2-3 աստիճան է ըստ C-ի:

Ես չգիտեմ՝ ինչ պատասխանել մեր ճապոնացի գործընկերներին, որոնք չեն հասկանում, թե ինչու, կարևորելով մեր կենտրոնի հետ համագործակցությունը, Ճապոնիայի քաղաքացիների կողմից վճարված հարկերը ներդրել են բարեգործական այս ծրագրում՝ հայ երեխաների և երիտասարդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ակնկալիքով, սակայն տարիներ շարունակ գումարի մի մասը փաստացի չօգտագործվելով՝ անիմաստ, փոշիացվում է:

Ցավում եմ, որ ԳԱԿ-ի ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս տնօրեններն իրենց անտարբերությամբ եւ ապակառուցողական գործունեությամբ, չգնահատելով Ճապոնիայի եւ ԳԱԿ-ի միջև «Հիկարիի» մշակութային կամուրջ լինելու հանգամանքն այդպես էլ չօգտագործեցին՝ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու՝ ի նպաստ ԳԱԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության:

 

Հարգանքով՝ ԿԱՐԻՆԵ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031