Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կենտրոնում համախմբվել էին բազում անծանոթներ, և մեր ազգային պարն էր կատարվում, ազգային երգն ու երաժշտությունն էր հնչում

Հունվար 07,2025 09:30

Սուրբ Ծննդյան օրվան նվիրված՝ հունվարի 6-ին Երևանում՝ Սուրբ Աննա և Սուրբ կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, կայացավ տոնական միջոցառում։ Սուրբ Աննա եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո հայտարարվեց տոնախմբության սկիզբը։

Հոգևոր հայրը Տերունական աղոթքով բարին մաղթեց մեր ժողովրդին՝ մասնակիցներին ցանկանալով լավ պահեր։ «ԱրիՊարի» ազգագրական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Համազասպ Ասլանյանը ողջունեց տոնակատարության մասնակիցներին, տեղեկացրեց՝ այս մշակութային միջոցառումն արդեն 10-րդ անգամ է իրականացվում սրբավայրի տարածքում։ Եվ հավելեց՝ տոնախմբությունը նաև բաց դաս է և շատերին համախմբող երևույթ։ Եվ հայ ավանդական երգերի ու երաժշտության ներքո ներկաները հանդես եկան մեր ժողովրդի՝ դարերի խորքից եկած ավանդական պարերի կատարումով։

Ընթացքում եղավ նաև պարի ուսուցման պահ։ Հարյուրավոր մասնակիցներ միասին կատարեցին հայ ազգագրական, ավանդական, ռազմահայրենասիրական, պարեր՝ «Յարխուշտա», «Էջմիածին», «Ծաղկաձորի» և այլն։

«Յարխուշտա»-ն Մշո ու Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պարերից է, որը կատարում էին տղամարդիկ։ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։ «Ծաղկաձորի»-ին հայ հնագույն պարերից է, որը հիմնականում պարել են Վասպուրականի շրջանում՝ ուխտագնացությունների ժամանակ։ «Էջմիածին»-ը Կարնո՝ դարերի պատմություն ունեցող պարանմուշներից է և պատկանում է կլոր պարերի «հետ ու առաջ» տեսակին։ Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին։

Միջոցառմանը մասնակից էին նաև հայ ավանդական երգ ու պարերի կատարող խմբեր, անհատներ։ Եվ Երևանի կենտրոնում համախմբվել էին բազում անծանոթներ, և մեր ազգային պարն էր կատարվում, ազգային երգն ու երաժշտությունն էր հնչում։ Զրուցեցի պարողներից ոմանց հետ։ Կային մարդիկ, որ պատահաբար էին հայտնվել պարահրապարակում և դարձել տոնի մասնակիցը, կային, որ մշտապես են այս օրը մասնակից լինում տոնին։

2001թ․ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից հիմնադրված «Կարին» ավանդական երգի-պարի խմբի 20 և ավելի տարիների անդամ է Հարություն Բաղդասարյանը, որը 2015-ին կազմավորեց «Բեկոր» ազգագրական պարի խումբը։ «Բեկոր» անունը նախ կապված է Արցախյան գոյամարտի անմահ հերոս Աշոտ Ղուլյան-Բեկորի հետ: Երկրորդը, որ մշակութային այս խումբը հայոց պատմության մի բեկորն է. խմբի անդամները՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, նաև Մեծ Հայքի տարբեր տարածքներից են արմատներով: Արդեն ճանաչում ստացած «Բեկոր»-ը նույնպես մասնակից եղավ Սուրբ Ծննդյան օրվան նվիրված տոնակատարությանը։ Խմբի անդամները մասնակից եղան գրեթե բոլոր պարերին։

Տոնական միջոցառումից հետո «Բեկոր»-ի անդամներն այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին Գագիկ Գինոսյանի շիրմաքարին, խնկարկեցին ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից, Նժդեհյան գաղափարների տարածող, մեծ հայրենասերի հոգու համար։ Այնուհետև շրջեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ հավերժի պսակով են բազում քաջորդիներ։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031