Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ տրամաբանությամբ են ընդդիմադիրներն իրար ուտում

Հունվար 07,2025 10:00

Տարին սկսվեց անսպասելի իրադարձություններով: Նկատի չունեմ Տիրան Խաչատրյանի կալանավորումը: Նախորդ խմբագրականներից մեկում կանխատեսել էի, որ «PR-ռեպրեսիաներն» այս տարի ակտիվանալու են, որովհետեւ տարին նախընտրական է: Մասնավորապես, իշխանության քարոզչական թեզերից մեկը՝ «սաղ բանակը թալանել էին, զենք չէին առնում, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ», պետք է գտնի իր «իրավական» ապացույցները: Չեմ կասկածում, որ համանման եզրակացություն այս տարի կհրապարակի 44-օրյա պատերազմը «քննող» ՔՊ-ական հանձնաժողովը:

Ինձ զարմացրեց մեկ այլ բան՝ որ տարվա հենց սկզբից ընդդիմադիրները սկսեցին իրար ուտել: Չգիտեմ, ինչ հաշվարկներ են արել նրանց «ուղեղային կենտրոնները», բայց իմ՝ իշխանությունից եւ ընդդիմությունից հավասարապես հեռու գտնվող մարդու աչքին դա անտրամաբանական թվաց: Եթե հավատանք սոցիոլոգիական հարցումներին, ապա Փաշինյանի վարկանիշը բավականին ցածր է: Բայց նրանից (ՔՊ-ից) հետո եկող՝ 2-3-րդ տեղերը զբաղեցնող քաղաքական ուժերը էապես զիջում են ՔՊ-ին: Այս պայմաններում որքանո՞վ է ճիշտ իրար բզկտելը:

Կրկնեմ, ընդդիմության ներքին խոհանոցից ես տեղյակ չեմ եւ չեմ բացառում, որ կա ինչ-որ «ինսայդերական ինֆորմացիա», որով նրանք առաջնորդվում են, բայց «բաց աղբյուրներով» ես տեսնում եմ հետեւյալը: Վերջին ընտրությունները, որոնց ժամանակ քաղաքական ուժերը կարող էին դրսեւորվել, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններն էին: Դրանց մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքն առաջնորդող Անդրանիկ Թեւանյանը կարողացավ համախմբել «նախկինամետ» ընտրազանգվածը եւ հավաքել 15 տոկոս ձայն:

Նրանք, ովքեր ղեկավարվում էին «ոչ նախկիններ, ոչ ներկաներ» կարգախոսով, ձայն տվեցին Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացին» եւ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնին»: Վերջինս, սակայն, կայուն քաղաքական գիծ չի դրսեւորում եւ գուցե ենթակա է ճնշումների: Բացի այդ, այդ կուսակցության ավագանու խմբակցությունը չունի վառ քաղաքական դեմքեր:

Իսկ այդպիսի դեմքեր, համենայնդեպս, վերջին ընտրություններին արդյունքներով կարելի է համարել Հայկ Մարությանին եւ Անդրանիկ Թեւանյանին: Գումարած, իհարկե, Արմեն Աշոտյանին, որի դեմ իշխանությունը կիրառում է անթաքույց բռնաճնշումներ: Եվ այս դեպքում խնդիրը ոչ միայն PR-ն է՝ Աշոտյանի մեջ իշխանությունը քաղաքական ներուժ է տեսնում:

Ես չեմ խոսում այն մասին, թե ով է հրեշտակը, իսկ ով՝ հակահերոսը: Ոչ էլ փորձում եմ առաջ տանել «ընդդիմությունը պետք է միավորվի», իմ կարծիքով, կասկածելի թեզը: Պարզապես կարծում եմ, որ ընդդիմությունն այն վիճակում չէ, որ ներքին «ռազբորկաներ» սկսի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031