Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»

Հունվար 06,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատարվում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում`  Մայր  Հայրենիքից  մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում…Սակայն  Ադրբեջանի  կողմից  ժամանակավորապես  բռնազավթված  Արցախում ոչ  միայն  չեն  ղողանջում  եկեղեցիների  զանգերը  և չեն  մատուցվում  պատարագներ, այլ  նաև  մի  շարք  եկեղեցիներ  հիմնովին  քանդվեցին, խեղաթյուրվեցին  նրանց  իսկությունը  և  փոփոխվեցին  գործառույթները` վերածվելով  մզկիթների ու պահեստների…

Սուրբ  Ծննդյան  այս օրը  համայն  քրիստոնյա  աշխարհին  ևս  մեկ  անգամ  հիշեցնում  ենք, որ  Արցախում  գտնվողը  բոլոր  պատմամշակութային  արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական  նշանակություն  և գտնվում  են  ոչնչացման  ու  բռնայուրացման  վտանգի  տակ:

Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա  խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում` ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի` իր Պատմական բնօրրանի ա’յդ հատվածում` Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։

Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց, և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է։

Իսկ մի՞թե մարդկության  քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։

Եվ քաղաքական երկակի ստանդարտները գո’նե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենար։ Մինչդեռ , ինչպես տեսնում ենք,  քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության։

 

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031