Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Կարդացեք նաև
Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանին կրում էին Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի ատնեապետ Նարեկ Սարգսյանը, խորհրդի անդամներ՝ Հովհաննես Սանամյանը, Աշոտ Մանասյանը և Ռուբեն Ազատյանը։
Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականեր սպասավորում էին Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ