Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք խնդիր, եւ եթե այդ խնդիրը չենք լուծել մինչեւ այսօր, ուրեմն պիտի լուծենք այսօր եւ վաղը: Ինչքան շուտ, այնքան լավ». Լարիսա Ալավերդյան

Հունվար 06,2025 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հայելի» ակումբում հայ ժողովրդին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան լուսափառ տոնի առիթով, ասաց. «Ես համոզված եմ, որ մեր փրկության ճանապարհը դարձի ճանապարհն է: Ցանկանում եմ, որ մենք լինենք ազնիվ նախ ու առաջ ինքներս մեզ հետ: Համոզված եմ, որ սա է մեզ բերելու լուսավոր ճանապարհ: Այդ լուսավոր ճանապարհով ու հզորացած Հայաստանով է անցնում Արցախ վերադառնալու ճանապարհը: Բոլորին եմ դիմում, նաեւ այն խմբին, որը գրագիտությունից, պատմությունից շատ հեռու է, նաեւ իրենց քաղաքագետ համարող մարդկանց:

Այն խումբը, որը եկել է իշխանության, բացարձակապես որեւէ աղերս չունի հայ ժողովրդի ոչ պատմության, ոչ իրականության եւ ոչ էլ ապագայի հետ: Բայց որպես այդքան մեղքեր գործած էակների, մեկ է. ես բոլորիդ ցանկանում եմ երկար կյանք, որ դուք տեսնեք, թե իրական կյանքը ինչպիսինն է: Եվ խնդրում եմ, մի ձեւացրեք ձեզանից ոչ աշխարհաքաղաքագետ, ոչ պատմաբան, ոչ էլ աստվածաբան: Դա ոչ մի բանով չի վնասելու աստվածաբանությանը, պատմությանը, իրականությանը, բայց ավելացնում է ձեր մեղքերը:

Ես կցանկանայի, որ մենք իրապես հասկանանք հետեւյալը: Այսօր միջազգային հարթակների վրա չի ներկայացված իրական Հայաստանը: Իրենց խոսքերն եմ ասում: Այն, ինչ իրենք ներկայացնում են, դա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարածին է: Մենք չունենք այսօր իշխանություն, որը միջազգային հարթակներում կներկայացներ հայ ժողովրդի, հայության իրավունքները, նաեւ արժանապատվությունը: Դրա համար մենք ունենք խնդիր: Եվ եթե այդ խնդիրը չենք լուծել մինչեւ այսօր, ուրեմն պիտի լուծենք այսօր եւ վաղը: Ինչքան շուտ, այնքան լավ»:

Խոսելով Տիրան Խաչատրյանի ձերբակալության մասին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ես տամ դրա բանաձեւը: Ուղղակի, ում չի կարողանում ձերբակալել Ալիեւը, ձերբակալում է Նիկոլը: Դա շատ պարզ բան է եւ դրա համար ես հեռուներ չեմ գնում: Էլի հիշեցնեմ, որ առաջինը Արցախի նախագահին ձերբակալել է հենց այս իշխանության պարագլուխը: Նա է ցույց տվել ճանապարհը: Հանկարծ առաջնությունը չխլեք Նիկոլ Փաշինյանից: Ինքն է բոլոր նախաձեռնությունների հեղինակը, ինքն է առաջին ձայնը, ինքն է ազդանշանը տալիս, որ կարող եք:

Ի՞նչ էր Տիրան Խաչատրյանի ձերբակալությունը: Դա արձագանք էր Ադրբեջանի այն հայտարարությանը, թե կան գործեր, որոնց մեջ… Դա պատասխանն է: 44-օրյայում, ով չենթարկվեց եւ առաջինը չհանձնվեց, ձերբակալում է: Ի զարմանս բազմաթիվ ռազմական փորձագետների, Արցախը կարողացավ 44 օր դիմադրել: Սիրելիներս, հիշենք մարտիրոսացած մեր հերոս տղաներին: Իսկ նրանք, ովքեր չեն հանձնվել առաջին օրվանից, նրանց ձերբակալում է:

Սիրելի եւ ատելի, կամ գոյություն ունեցող իշխանություն. այստեղ-այնտեղ մի ման եկեք դավաճանների եւ դավադրություն: Դուք չգիտե՞ք, թե ով է Արցախի բանակը զինաթափելու հրամանը տվել: Կարո՞ղ է միայն ես եմ իմանում, որ դա գլխավոր հրամանատար հանդիսացող ՀՀ կառավարության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է: Սիրելի ՔՊ պատգամավորներ, ձեր երիտասարդական ավյունը պահեք: Կյանքը դեռ առջեւում է, դեռ պետք է զղջաք այս ամենի համար, եւ հուսամ, որ կապաշխարեք ու թողություն կստանաք: Բայց դուք օրեցօր խրվում եք մարդու աններելի մեղքերի մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031