«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
–Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», բայց մյուս կողմից 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործեր են հարուցվում բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ Մասնավորապես, կալանքի տակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կալանավորվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ում Հայաստանի ազգային հերոսի կոչում էր շնորհվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։
-Փաշինյանը պատրաստ կլինի ճանաչել ցանկացած բան կամ պաշտել ցանկացած սատանայի, որպեսզի պահի իր աթոռը։ Հիմա ինքը հասկանում է, որ իր կառավարության գոյությունը կախված է բացառապես Ալիեւի բարեհաճությունից։ Որպեսզի մերկապարանոց չհնչի, հիմնավորեմ․ ինքը 2021 թվականից հետո խոսում է այն մասին, որ «խաղաղություն է բերելու»։ Եվ ինքը պատրաստ է ցանկացած զիջման գնալ, որպեսզի ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը, անկախ նրանից, որ դա կլինի նվաստացուցիչ կապիտուլյացիա։ Դրա համար ինքը պատրաստ է Ալիեւին ցանկացած զիջում անել։ Այսինքն՝ Փաշինյանի խոսքերի ու գործերի մեջ սկզբունքայնություն գտնելն ավելի դժվար է, քան դեզի մեջ ասեղ գտնելը։
Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանի եւ մյուս զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին, երբ երկու օր առաջ առավոտյան Փաշինյանը սկսեց փիլիսոփայել հերոսության մասին, ակնհայտ էր, որ դա ինքը դա անում է գիտակցաբար եւ փորձ է անում վարկաբեկել մեր հերոսությունը։ Այդ փորձերն ինքն էլի է արել, օրինակ, Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին համեմատել է կենցաղային հարկատուների հետ։ Եվ հիմա պարզ է, որ իր սլաքը պետք է ուղղեր հերոսական անցյալ ունեցող, հերոսական կյանքով ապրող գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ։ Երբ ասում ենք՝ լավ, դու Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում ես շնորհել մի բանի համար, որի համար այսօր մեղադրում ես, ինքը առիթ է ստեղծում, որ այդ հարցը տրվի, որպեսզի ասի՝ ես ի՞նչ անեմ, զինվորականներն ինձ խաբեցին։ Սա է՝ մի կողմից վարկաբեկել հերոսությունը, զինվորականությունը, վարկաբեկել հայրենիքին ծառայություն, մյուս կողմից, բոլորին մեղավոր կարգել, իրեն անմեղ համարել։
Կարդացեք նաև
–Այսինքն՝ Փաշինյանը սրանով նաեւ ֆոն է ստեղծում, որ պատերազմի, պարտության, մնացած զիջումների համար մեղավոր են բոլորը, բացի իրենի՞ց։
-Իհարկե։ Այսինքն՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ասում է՝ ես ի՞նչ անեմ, մեղք չունեմ, ինձ խաբել են։ Եթե քեզ խաբել են, եթե դու սխալվել էիր, եթե մոլորվել էիր, եթե չէիր հասկացել, ուրեմն այն մարդը, որն այդքան հեշտ խաբվում է, սխալվում է, այդքան հեշտ մոլորվում է, չէր հասկանում ու հիմա էլ չի հասկանում, ինքը ռիսկ է երկրի համար։ Եվ այդպիսի մարդը իրավունք չունի լինել երկրի գլխին, իրավունք չունի ղեկավարել երկիրը, այն էլ այս խառը ու դժնդակ պայմաններում։ Ես նկատի ունեմ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային անորոշությունները։
–Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե հայկական ԶՈւ–ն իբր «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղությամբ։ Այսինքն՝ լարվածությունը պահպանվո՞ւմ է, չնայած Փաշինյանը հասարակությանը հավատացնում էր, թե հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղություն ունենալ։
-Ադրբեջանը նման հայտարարություններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարվածելու համար։ Սկզբում Փաշինյանն ասում էր՝ «խաղաղության պայմանագրի» նախագծում 16 կետ կա, 80 տոկոսը համաձայնեցրել ենք եւ այլն։ Հիմա Ադրբեջանը դարձրեց 17 կետ, մենք զգուշացնում էինք՝ ինչքան զիջես, այնքան լրացուցիչ կետեր կավելանան։ Դրանից բացի, երկու նախապայման է առաջ քաշել Ադրբեջանը, որոնք ես կասկածում եմ, որ կդառնան այդ խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի կետերից մեկը։ Օրինակ՝ համագործակցություն Ադրբեջանի դատախազության հետ։ Իրենք ասելու են՝ «հանցագործ» եղել են ոչ միայն գեներալներ Դավիթ Մանուկյանն ու Լեւոն Մնացականյանը, այլ իրենց հանցակիցները հիմա Երեւանում են։ Եվ Ադրբեջանը Հայաստանից պահանջելու է արտահանձնել այն մարդկանց, ում Ալիեւը կմատնանշի։ Որպեսզի պահի իր իշխանությունը, Փաշինյանը պատրաստ է դա անել, իսկ Ալիեւը հող է նախապատրաստում, ասում է՝ չտաս, կխփեմ։ Մանավանդ, որ ինքը ֆոն է նախապատրաստում, թե հայերն են իբր «խախտել հրադադարը»։ Թե 2016 թվականի, թե 44-օրյա պատերազմներից առաջ իրենք սկսում են քարոզչական գրոհով, թե «հայերը հարձակվել են», իրենք հակահարված են տվել։ Հետո իրենք արդեն խոստովանում են, որ Ադրբեջանը վաղուց էր պլանավորվել հարձակվել, Թուրքիան է մասնակցել պատերազմին։
Ի դեպ, մի պարադոքս կա, Փաշինյանը պատրաստվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել, երկու երկիր, որոնք ցեղասպանություն են գործել։ Բարեկամական հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, որը 1990-ականների սկզբից Ադրբեջանին զենք ու վարձկաններ է մատակարարել, բայց Բելառուսի հետ թշնամանում է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ