Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Եթե Թուրքիան ուժեղանում է, Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո իշխանությունը Հայաստանում, որ ոչ իմն է, որ ոչ ձերը, ամրապնդվում է»

Հունվար 06,2025 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը 2025 թվականին առաջին անգամ հյուրընկալվելով «Հայելի» ակումբին՝ ասաց. «2024-ը եւս մի բարդ ու ներվային տարի էր: Մենք Տավուշից տարածքներ, լավ դիրքեր կորցրեցինք, ներվեր կորցրեցինք, նաեւ չկարողացանք հաջողության հասնել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումով: Ընդդիմության մեջ էլ կրկին պառակտումներ, անհասկացություններ եւ տարաձայնություններ եղան:

Հիմա նորից մտնում ենք մի տարի, երբ Թուրքիան Սիրիայում առաջխաղացում ու հաջողություն ունեցավ, երբ Իրանն ավելի թուլացած է ու Սյունիքը ավելի շատ է վտանգված: Այս տարի ամենայն հավանականությամբ կրկին լինելու է որոշակի կորուստների տարի, որովհետեւ մենք գիտենք՝ դավաճանն է իշխանության, դավաճանն է նոր տարվա ուղերձը հղել, դավաճանն է իր ցանկություններն ի կատար ածում:

Սակայն դա չի նշանակում, որ այս տարի մենք հանձնված ենք լինելու եւ չենք պայքարելու մեր իրավունքների եւ մեր ազատության համար: Բնականաբար, պայքարելու ենք: Նախորդ տարվա փորձը մեզ իմունիտետ է հաղորդել, գիտելիք է փոխանցել: Ամենայն հավանականությամբ, այս տարի նույնպես Նիկոլ Փաշինյանենք կմնան իշխանության, որովհետեւ Թուրքիան ուժեղանում է: Իսկ եթե Թուրքիան ուժեղանում է, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո իշխանությունը, որ ոչ իմն է, ոչ՝ ձերը, այլ նրանք պարզապես այն բռնի զավթելով են Հայաստանում տիրապետում իշխանության, ամրապնդվում է: Բայց մենք պայքարելու ենք, բայց բնականաբար պետք է այդ պայքարում ինքներս կատարելագործվենք», – ասաց նա:

Անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը եւ երկու ամսով կալանավորելուն՝ Հովհաննես Իշխանյանն ասաց. «Տիրան Խաչատրյանը մեր բանակի բարձրաստիճան սպաներից է, որն ունի հստակ դիրքորոշում: Նրա դիրքորոշումը ի նպաստ բանակի է, ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Արցախի պաշտպանության: Բնականաբար, նա պետք է դառնար Նիկոլ Փաշինյանի թիրախը եւ առաջին անգամ չէ, որ դառնում է: Մյուս կողմից, նա բարձրակարգ, պրոֆեսիոնալ գեներալ է: Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը նրան Ազգային հերոսի կոչում էր տվել, բայց Տիրան Խաչատրյանը չէր վերցրել այդ պարգեւը: Կարող ենք ենթադրել, թե ինչու չէր վերցրել. նորմալ մարդը Նիկոլ Փաշինյանից չէր վերցնի մեդալ: Հիմա փորձենք հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է նրան բանտարկում:

Երբ որ Նիկոլ Փաշինյանը որեւէ բան հանձնում է, նրան անհրաժեշտ է, որ նախորդ հանցանքների մեղքի բաժինը գցի բանակի վրա: Դրա երկու պատճառ կա: Մի կողմից, ինքը հանրության մեջ է ստեղծում այն պատկերացումը, որ ես մաքուր եմ, բանակն է մեղավոր ձեր կորուստների, ձեր աղետների, ձեր դժբախտությունների, ձեր լաց ու կոցի, ձեր տունը, պապենական հողը կորցնելու մեջ, իսկ ես Արցախը պարզապես ճանաչել եմ Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, նա բանակին է ուղերձ հղում, թե տեսեք. ես կարող եմ մարդուն Ազգային հերոսի կոչում տալ եւ տանել բանտարկել: Ու նույնը կարող եմ ձեզ հետ անել:

Նվաստացնում է, թե հանկարծ չշփոթվեք, դուք մեդալ կարող եք ստանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանից տարածք հանձնեք: Ինչպես եղավ Տավուշում: Հիշո՞ւմ եք, երբ մեր սեփական տարածքները հանձնեց Ադրբեջանին, նա պարգեւատրեց այն բարձրաստիճան սպաներին, որոնք պատասխանատու էին այդ տարածքները չհանձնելու համար:

Ես շուտափույթ ազատում եմ մաղթում Տիրան Խաչատրյանին, Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող մեր գերիներին, թեեւ մենք բոլորս էլ ինչ-որ առումով գերի ենք այս լակոտակրատական ՔՊԿ-ի ձեռքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031