Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի մեկից Երեւանի հանրային տրանսպորտում մետաղադրամ ընդունող սարքերը կապարակնքված են, այսինքն՝ 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն այլեւս չի գործում, անցում է կատարվել վճարման անկանխիկ եղանակին։ Երեւանի քաղաքապետարանը հիմնավորել է, որ այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։ Հայտնի է, որ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումը հունվարից տեղափոխվեց փետրվար ամիս։ Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել: Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
Թեպետ Երեւանի ավագանին ընդունել է որոշում, ըստ որի, հաշմանդամություն ունեցողները եւ հատուկ խմբերի անձինք իրավունք ունեն երթեւեկել կամ զեղչով, կամ անվճար, սակայն հունվարին խոցելի խմբերի անձինք խնդիրների առաջ են կանգնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք ավտոբուսներից անվճար օգտվելու են միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման դեպքում, այսինքն՝ փետրվար ամսից։
Հիշեցնենեք, որ արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, փոփոխվող սակագնի պայմաններում վերաբերում են հանրության այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն են զգում կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։
Կարդացեք նաև
Մասնավորապես`
1.Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվել է 20% զեղչ,
2.Երեւանի քոլեջների, ուսումնարանների եւ ԲՈՒՀ-երի ուսանողների (անկախ հաշվառման վայրից) համար՝ 15% զեղչ,
3.Երեւանում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ 30% զեղչ,
4.Երեւանում հաշվառված անապահովության նպաստառուների համար՝ 20% զեղչ,
5.Ֆունկցիոնալության խորը եւ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ու Երեւանում հաշվառված ծնողազուրկ աշակերտները եւ ուսանողները, ինչպես նաև Երեւանի պատվավոր քաղաքացիները, Երեւանում հաշվառված 4 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողները կերթեւեկեն անվճար:
Արտոնությունների նշված փաթեթից կօգտվի շուրջ 550 հազար քաղաքացի:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, անկախ հաշվառման վայրից, անվճար երթեւեկելու հնարավորությունից կօգտվեն նաեւ Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները՝ այրին, անչափահաս երեխաները, ծնողները: Նշված խմբի անդամ է շուրջ 13500 շահառու։
Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից մեկի հարազատը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն խնդիրները, որոնց բախվում են հունվարի 1-ից։ «Քաղաքապետարանից ասում են, որ փետրվարի 1-ից հաշմանդամություն ունեցողներն անվճար են երթեւեկելու, բայց ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ մինչեւ փետրվարի մեկը։ Հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող եղբայրս մինչեւ դեկտեմբերի 31-ը նստում էր ավտոբուս, հիմնականում ընտրում էր այն ավտոբուսները, որտեղ դեռ կարելի էր այդ 100 դրամները գցել սարքերի մեջ։ Իրենք հունվարի 1-ից այդ սարքերը կապարակնքում են ու ասում՝ վերջ։ Ես զանգել եմ քաղաքապետարան, ասում եմ՝ ի՞նչ է անելու հաշմանդամություն ունեցող անձը, պատասխանել են՝ թող հեռախոսով վճարի։ Դժվար է կյանքից կտրված այս մարդկանց բացատրել, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն։ Ինքը չի կարող նաեւ Թել-սելի ապարատից QR կոդով տոմս գնել։ Եղբայրս ունի էլեկտրական տրանսպորտից օգտվելու անվճար իրավունք, բայց քանի որ ավտոբուսները եղել են մասնավոր բիզնես, դրանցից անվճար օգտվելու արտոնություն չի ունեցել։ Ես շատ ուրախ եմ, որ նա այսուհետ կունենա այդ արտոնությունը, բայց պարզվում է՝ ոչ հունվարի 1-ից»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։
Մարդիկ զանգել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից իրենց պատասխանել են, որ արտոնությունը կգործի փետրվարից։ Ըստ քաղաքացու՝ երբ ասել են, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որպես կանոն, չեն կարող «Թել-սելի» ապարատից օգտվել, չունեն սմարթֆոն, ինչպե՞ս պետք է երթեւեկեն, քաղաքապետարանում զարմացել են։ «Այ կյանքից կտրվածներ, այո, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ չեն կարող QR կոդ ձեռք բերել։ Հարցրի՝ ինչո՞ւ է փետրվարից անվճար, այսինքն՝ մարդը հունվարին հաշմանդամ չէ, փետրվարի՞ն է դառնալու հաշմանդամ, պատասխան չկա։ Եթե դուք պատրաստ չեք համակարգի ներդրմանը, ինչո՞ւ եք արգելում 100 դրամանոցներով երթեւեկելը։ Սահմանափակ հմտություններ ունեցող մարդկանց շատ դժվար է մեծ տարիքում նոր հմտություններ սովորեցնել, այս ամենը հաշվի չեն առնում որոշում կայացնողները», – նշեց մեր զրուցակիցը։
Երեւանի քաղաքապետարանից չհաջողվեց բարձրաձայնված խնդրի մասին մեկնաբանություն ստանալ, քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նոր սակագները հետևյալն են․
Մեկամսյա փաթեթի արժեքը՝ մեկ ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 9000 դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 8800 դրամ։
Եռամսյա փաթեթի արժեքը՝ երեք ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 24 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 23 հազար 600 դրամ։
Տարեկան փաթեթի արժեքը՝ 1 տարվա ընթացքում անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 90 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 88 հազար դրամ։ 10 ուղևորություն ներառող տոմսի արժեքը 2200 դրամ է, էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում՝ 2100 դրամ։ Քաղաքացիներին առաջարկվելու է նաև մեկօրյա տոմս, որով հնարավոր կլինի 24 ժամվա ընթացքում իրականացնել 8 ուղևորություն՝ յուրաքանչյուր տրանսպորտում մեկ անգամ օգտագործելու պայմանով։ Այս տոմսի արժեքը սահմանվել է 900 դրամ, իսկ էլեկտրոնային եղանակով այն ձեռք բերելու դեպքում՝ 880 դրամ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ