Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր». Ռոմանոս Պետրոսյան

Հունվար 06,2025 14:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվելով «Հետք»-ի հրապարակմամբ՝ գրել է. «ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Գարիկ Ղազարյանը չի հերքել այն փաստը, որ «Արմենիա» ԲԿ-ում ուսումնասիրության ժամանակ հիվանդների բոլոր պատմագրերը չեն ուսումնասիրվել։ Պաշտոնյան դա պայմանավորել է «ուսումնասիրության առարկա հանդիսացող փաստաթղթերի ահռելի ծավալով»։

Բա որ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը 100 հոգանոց հիմնարկում հայեցողական հիմունքներով իր համար 7 խորհրդականներ նշանակի (պարզ է՝ իր ԽԾԲ-ներին), այն դեպքում, երբ այդքան խորհրդական ունի երկրի վարչապետը, իսկ բուն ստուգողների թվից լավագույններին աշխատանքից հեռացնի (դե որ իր մութ գործունեության ակամատեսը/վկան չդառնան), ուրեմն իհա՛րկե ՊՎԾ-ն բավարար մասնագիտական կադրեր չի ունենա «ահռելի ծավալներով» փաստաթղթերը ուսումնասիրելու եւ հանրային միջոցների մսխումներն ու յուրացումները բացահայտելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը.

«Աստվածաշնչյան 10 պատվիրաններից իններորդը ասում է. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»…

Սուրբ Ծննդի այս հրաշագեղ առավոտ չէի անդրադառնա «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ ինձ եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերաբերվող մի գրառման, եթե հեղինակի հետ այս մասին ամիսներ առաջ տետատետ խոսակցություն ունեցած չլինեինք եւ դույզն իսկ օբյեկտիվություն ու պոլիտկոռեկտություն պահպաներ իր գրառման մեջ հանրային գործունեություն ծավալող սույն անձը։

Իսկ անդրադարձս կներկայացնեմ 5 անհերքելի փաստերի ամփոփ արձանագրմամբ՝

Փաստ 1.Հ.Խուրշուդյանը հանդիսանում է ՊՎԾ-ից ազատված՝ «Հետք»-ի հրապարակման աղբյուրը հանդիսացող Սուսաննա Մուրադյանի մտերիմը (նրանց միավորում է «Ժառանգություն» կուսակցության շրջանակներում համատեղ երկարատեւ գործունեությունը), որը տեւական ժամանակ է «թիրախավորել» է Ծառայությունը եւ ինձ՝ փորձելով այդ կերպ «վրեժխնդիր» լինել Ս.Մուրադյանին ՊՎԾ-ից աշխատանքից ազատելու համար։ Ընդ որում, այս արշավը սկսվել է շատ ավելի վաղ՝ Ս.Մուրադյանի ձեռամբ ՊՎԾ-ից կազմակերպված որոշակի ծառայողական տեղեկատվության հատվածական արտահոսքով, ինչը եւս նրա հանդեպ վստահության կորստի հավելյալ պատճառներից մեկն է դարձել։

Փաստ 2.Թե՛ ՊՎԾ-ն, եւ թե՛ «Արմենիա» ԲԿ-ն պաշտոնապես հերքում են տարածել «Հետք»-ի հրապարակման վերնագրում եւ տեքստի մեջ տեղ գտած մի շարք մերկապարանոց եւ զրպարտիչ պնդումների վերաբերյալ, ինչպես նաեւ ՊՎԾ-ն այս պահին պաշտոնական հայց է պատրաստում՝ նշված հրապարակման կապակցությամբ դիմելու Դատարան, ընդդեմ «Հետք» պարբերականի եւ այս գործով՝ նրա ինֆորմացիոն աղբյուր հանդիսացող ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի։

Փաստ 3.
ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատվում է Վարչապետի որոշումով՝ որտեղ հստակ սահմանված են մասնագիտացված ստորաբաժանումների եւ դրանցում պետական վերահսկողների կազմը, քանակը, դրույքաչափերը եւ այլն։ Այդ հաստիքները համալրվում են «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների եւ մի շարք օրենսդրական ակտերի պահանջներով՝ հատուկ ընթացակարգերով։

Ծառայության ղեկավարը ունի ընդամենը 2 խորհրդական։ Բացի մասնագիտացված ստորաբաժանումներից՝ ինչպես բոլոր պետական գերատեսչություններում, ՊՎԾ-ում եւս կան ոչ մասնագիտական, հայեցողական հաստիքներ (իրավախորհրդատու, խորհրդական ստորաբաժանումներում՝ առանձին գործառույթներ իրականացնող եւ այլն), որոնք որեւէ կերպ չեն առնչվում մասնագիտացված հաստիքացուցակին, եւ դրանց համալրումը հայեցողական է, ինչը եւ վերապահված է Ծառայության ղեկավարին՝ համալրելու իր վստահելի կադրերով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Փաստ 4.Ինչպես սույն գրառման, այնպես էլ «Հետք»-ի բուն հրապարակման մեջ տեղ գտած պնդումները քննության առարկա են դարձել Հակակոռուպցիոն կոմիտեում քննված (իմ հաղորդման հիման վրա նախաձեռնված), ապա եւ՝ կարճված քրեական վարույթի նյութերում, սակայն դրանցում որեւէ հանցակազմ չի բացահայտվել (այդ մասին հեղինակն անձամբ եւս իրազեկված է)։

Փաստ 5.ՀՀ-ն իրավական պետություն է, եւ ցանկացած անձ, ով հստակ տեղեկություն եւ անհերքելի փաստեր ունի պետական համակարգի որեւէ օղակում առերեւույթ չարաշահման, հովանավորչության, կոռուպցիոն երեւույթների, իր իսկ խոսքերով՝ «մութ գործունեության» վերաբերյալ, պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին (համացանցում ուղղորդված ինֆորմացիոն արշավներ կազմակերպելու փոխարեն)։

Հ.Գ.Կոչ եմ անում, մասնավորապես, հասարակական գործունեություն ծավալող եւ որոշակի լսարան ու ճանաչում ունեցող գործիչներին՝ չփորձել իրենց հանրային հեղինակությունը օգտագործել կանխակալորեն՝ նեղ-անձնական ու ընկերային շահերի սպասարկման նպատակով (հեղինակի խոսքով՝ «ԽԾԲ-ների» համար), օգտվելով նաեւ հանրության լայն զանգվածների՝ խնդրո առարկայի վերաբերյալ անիրազեկվածությունից։

Այդկերպ անհարկի թիրախավորելով պետական կառավարման համակարգի մարմիններին եւ գործիչներին՝ ում գործունեության առանցքում բացառապես պետական շահն է, անխուսափելիորեն կարող եք վնաս հասցնել վերջիններիս բարի համբավին, իսկ զրպարտանքի դեմ դատական ճանապարհով պայքարը ենթադրում է երկար ու ժամանակատար գործընթաց, ինչը մասամբ կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը։

Հ.Գ.Գ.Կարող եք ծանոթանալ ՊՎԾ եւ «Արմենիա» ԲԿ պաշտոնական հերքումներին։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս 2025-ին»։

Քաղաքացիական պայմանագիր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031