«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջերս տեղի ունեցած ավիավթարում Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ պահանջում է արդարություն, մեղավորների դատապարտում և ամբողջական թափանցիկ ու մարդկային հարաբերություններ:
Ակնհայտ է, որ չնայած Վլադիմիր Պուտինի կողմից ներողության հայցմանը Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն», – հայտնում է «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիքը։
«Բաքուն պահանջում է արդարադատության և պատիժ Ակտաուի մոտ վթարի գործով մեղավորների համար», – Ալիևի խոսքն է մեջբերում «Ռիա»-ն՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահը նշել է՝ ընթացքի մեջ է վթարված ադրբեջանական ինքնաթիռի սև արկղերի վերծանման գործընթացը:
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ Բրազիլիայում հունվարի 3-ին սկսվել է դեկտեմբերի վերջին Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը:
Կարդացեք նաև
Սև արկղերի տվյալները կվերլուծվեն Բրազիլիայի ռազմաօդային ուժերի (Forca Aerea Brasileira – FAB) մասնագետների մասնակցությամբ։
«Առհանված տեղեկատվությունը կփոխանցվի Ղազախստանի ավիացիոն վթարների հետաքննության դեպարտամենտին, որը պատասխանատու է միջադեպի վերլուծության և հետաքննության համար», – պարզաբանել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերը:
Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ։ Մահացել է 38 մարդ։
Դեկտեմբերի 29-ին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ բոլոր 17 միջազգային փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO), Ավիացիոն վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնի (CENIPA, Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանում), Միջպետական ավիացիոն կոմիտեի (IAC) և ինքնաթիռն արտադրող Embraer ընկերության ներկայացուցիչները ժամանել են Ակտաու՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության նպատակով։
Դեկտեմբերի 30-ին Ղազախստանը ադրբեջանական ինքնաթիռի չվերթի «սև արկղերը» վերծանման է ուղարկել Բրազիլիա՝ Ավիացիոն վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է. «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի՝ Ղազախստանում կործանված ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի ապահովել հետաքննության անաչառությունը»: