Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այն ենք, ինչ անում ենք». Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Հունվար 05,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պատգամը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

 

Սիրելի բարեպաշտ քույրեր և եղբայրներ,

Այսօր, Հայաստանյայց Առաքելական սբ. եկեղեցին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի վերստին իր զավակներին է փոխանցում մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբծննդյան և աստվածհայտնության հրաշալի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ եւ յայտնեցաւ»:

Հիրավի քրիստոնյաներիս համար չկա ավելի կարևոր տոն, քան սբ. Ծնունդն է, քանզի այս նշանակալից իրադարձությամբ է մեր փրկության պատմության սկիզբը դրվել և նրանով է մեկնարկում եկեղեցական օրացույցն առհասարակ:

Ամեն տարի այս օրը իբրև եկեղեցի կրկին սկսում ենք մեր հոգևոր ճամփորդությունը՝ վերհիշելով մեր Տիրոջ փրկագործական խորհուրդը, ձգտելով ապրել մեր կյանքն այդ խորհրդի համաձայն:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

Սբ. Ծննդյան տոները  մեր կյանքում սովորաբար ուղեկցվում են դրական սպասումներով անկախ այն բանից, թե ինչ դժվարություններ ենք թողնում մեր հետևում և ինչ մարտահրավերներ են սպասվում մեզ ապագայում:

Այս օրը, սակայն, քրիստոնյաներիս համար յուրահատուկ է հատկապես նաև նրանով, որ առիթ է ընծայում յուրաքանչյուրիս քննելու մեր հավատքը և հասկանալու, թե որքան լրջորեն ենք վերաբերվում Աստվածորդու մարդեղության խորհրդին, իրապե՞ս Քրիստոսին մեզ Տեր և Փրկիչ ենք ընդունում: Եթե այո, ապա ինչպես է դա արտահայտվում մեր կյանքում և մանավանդ ինչպես է այդ հավատքը ներգործում մեր շրջապատի վրա:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Արդի հասարակությանը հատուկ է հարմարավետության ձգտումը, եսասիրությունն ու եսակենտրոնությունը: Նկատելի է, որ հարմարավետություն ենք փնտրում նաև հավատքի հարցերում, ընտրողաբար ենք մոտենում թե՛ Ավետարանի խոսքին և թե՛ եկեղեցու ուսուցումներին: Այլ խոսքով՝ անում ենք հատկապես այն, ինչ մեզ հարմար է, ինչ համընկնում է մեր ցանկությունների, շահերի և փառասիրության հետ, ինչ մեզ ավելորդ նեղություն չի պատճառում, չի խախտում մեր ծրագրերն ու հաշվարկները:

Այս և նման դրսևորումները ոչ միայն չունեն որևէ աղերս սուրբծննդյան պատմության հետ, այլև արմատապես մերժում են այն: Աստվածորդու մարդեղության պատմությունը՝ պատմություն է անպայմանական սիրո մասին, երբ հանուն դիմացինի հանձն է առնվում ամեն տեսակի նեղություն, անհարմարություն, և զոհաբերվում է անգամ ամենաթանկը՝ կյանքը:

Սիրելի հայորդիներ,

Ո՛չ եկեղեցին և ո՛չ էլ որևէ մեկը մեզ չի պարտադրում լինել քրիստոնյա, մեր ազատ կամքով ենք որոշում ինչ լինել: Հետևաբար, երբ հաստատում ենք անում, որ Քրիստոսի Ավետարանը կարևոր է մեզ համար, որ Հայոց Եկեղեցու հետևորդ ենք, դա բարոյապես պարտավորեցնում է մեզ հավատարիմ մնալ մեր հաստատմանը: Կարճ ասած՝ մեր խոսքն ու գործը պիտի համընկնեն: Հակառակ դեպքում կնմանվենք նրանց, ովքեր Պողոս առաքյալի իսկ բնորոշմամբ «ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն, ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3:1-5):

«Մենք այն ենք, ինչ անում ենք»- ասել է հայտնի փիլիսոփաներից մեկը դեռևս քրիստոնեությունից առաջ: Արդ՝ իրական քրիստոնյան նա է, ով հետևում է Քրիստոսին միշտ և ամենուր:

Քրիստոսի սբ. ծննդյան և աստվածհայտնության տոնը, այսօր,  վերստին աստվածային անսահման սիրո և ողորմության մասին մտորելու ամենալավ առիթն է ընծայում մեզ. բաց չթողնենք այս նվիրական պահը, թույլ չտանք, որ սուրբծննդյան հրաշքն անցնի մեր կողքով…Արդ՝ իմ մաղթանքն է, որ բեթղեհեմյան «աստղը մշտնջենական» (հմմտ T. S. Eliot, The Hollow Men) մոգերի նմանողությամբ առաջնորդի մեզ Տիրոջ մսուր՝ մանուկ Հիսուսի հետ հանդիպման: Եվ թող որ այդ հանդիպումով ազգային-հոգևոր մեր վերհառնումի սկիզբն ազդարարվի, որպեսզի ինչպես Պողոս առաքյալն է ասում «քայլենք նորոգված կյանքով»՝ մեզ մեռած համարելով մեղքի համար և կենդանի Աստծու համար (հմմտ. Հռոմ. 6:4-11) այժմ և հավիտյանս: Ամեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031