Aravot.am-ը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու դեպքում համայնքը չի՞ ունենա արդյոք դժվարություններ․ հատկապես, երբ խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերը բավական հեռու են ու հրատապ հարցերի դեպքում անհրաժեշտ է հասնել այնտեղ։
Դավիթ Առուշանյանը փոխանցեց, որ ծառայողական մեքենաներ կունենան համայնքի ղեկավարները, նրանցից բացի համայնքում այլևս ոչ մի պաշտոնյա ծառայողական մեքենա չի ունենա։
Նա մեջբերեց գերատեսչությունների օրինակը՝ ասելով՝ նախարարներն ունեն ծառայողական մեքենաներ, փոխնախարարները՝ ոչ։
«Համայնքի ղեկավարների տեղակալները և ամբողջ աշխատակազմն ունենալու են հերթապահ մեքենաներ, որոնք իրենց չեն տանելու տուն, բերեն, դրանք աշխատանքի ժամանակահատվածում ի շահ համայնքի ծառայությունների համար են»,-պարզաբանեց մարզպետը։
Կարդացեք նաև
Դավիթ Առուշանյանը նշեց, որ ծառայողական մեքենան չի ծառայելու տնից աշխատանքի վայր տանելու, իսկ կեսօրին այդ նույն համայնքապետի երեխային մանկապարտեզից տուն բերելու նպատակին։
«Համայնքը չի տուժելու այս գործընթացից, կան համայնքներ, որոնք այնքան հեռու են, այդ գյուղում էլ, ենթադրենք, չորս մեքենաներ են, որոնից մեկը վարչական ղեկավարինն է, հո այդ մեքենան ձեռքից չե՞նք վերցնելու։ Այդ մեքենան կծառայի ի շահ գյուղի։
Հիմա հանձնարարական է իջել համայնքի ղեկավարներին, որ ամբողջապես նայեն ավտոպարկը, տեսնեն որն է մնալու, որը չի մնալու, հետո մեր մոտ քննարկում կլինի, կհասկանանք՝ այն մեքենաները, որոնք նախատեսել են մնալու, իրո՞ք կա դրանց կարիքը, թե՞ ոչ, վերջնական պատկերը կունենանք։
Գյումրու դեպքում էլ, ինչքան էլ խոշորացված համայնք չլինի, գիտեք, որ կոմունալ ծառայության աշխատակիցները, կրթության բաժնի աշխատակիցները պարբերաբար շրջում են։
Այն ժամանակ է, երբ ես փոխքաղաքապետ էի, ինձ կցված մեքենան իմ համար չէր, այսինքն՝ ես գալիս էի աշխատանքի ու այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ ես աշխատանքի վայրում էի, իմ ենթակայության տակ եղած բաժինների աշխատակիցները այդ մեքենայով պտտվում էին ամբողջ քաղաքով ու իրենց աշխատանքն էին անում։
Այնպես որ ծառայողական մեքենաների թվի կրճատման մոտեցումը շատ ճիշտ է, որովհետև ծառայողական մեքենաներ կան, որոնք չեն ծառայում համայնքին, այլ ծառայում են անձերին»,-ասաց Դավիթ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հրաժարվեց իր ծառայողական՝ 2022 թվականին արտադրված «Հունդայի» մակնիշի մեքենայից, որպեսզի օրինակ ծառայի մյուսներին։
Իսկ ծառայողական մեքենաները կրճատելու հրահանգ տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, բոլոր համայնքներում առանց բացառության ծառայողական մեքենաների թիվը պիտի կրճատվի, իսկ այդ ճանապարհով չգնացող համայնքապետերի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։
«Իհարկե, այն համայնքները, որտեղ չեն ուզենա այդ սկզբունքը կիրառել, համապատասխան հետևանքներ կլինեն, այսինքն՝ ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը՝ ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ