«Իրականում նոր նախագծում միայն մեկ բան է փոխվել․ տնտեսվարողները չեն տեսախցիկները դնելու, ինչով, իհարկե, կառավարության համար հանվում է տնտեսվարողների դժգոհության մասը և մի քիչ քչանում տարածքի տեսանկյունից վերահսկման քանակը․ տարածքային տեսանկյունից ավելի քիչ տեղ է նկարահանելու, բայց, միևնույն է, խոսքը զանգվածային նկարահանումների մասին է»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ հայտնի «կամերաների» մասին օրենքի վերաբերյալ բազմիցս մտահոգություն եք հայտնել, վերջերս այն կրկին բերվել է ԱԺ՝ խմբագրված տարբերակով և հարցին՝ Ձեր մտահոգությունները շարունակվո՞ւմ են պահպանվել, այսպես պատասխանեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ էր բերել ԱԺ, որը եւս խնդրահարույց է։
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն այս առիթով տելեգրամյան իր ալիքում մասնավորապես նշել էր ․ «Հիմա արդեն բոլոր բիզնեսներին չեն պարտադրի կամեռա դնել ու սթրիմերը ոստիկանություն ուղարկել, այլ մենակ պետական հիմնարկներին։ Ու հենց այ ստեղ է էդ օրենքի ռեբրենդինգի կարևոր մասը․ քաղաքական իրադարձությունների 99 տոկոսը կատարվում են հենց պետական շինությունների մոտ․․․Դե մնացածը արդեն պարզ է, չէ՞։ Նույնականացված մարդկանց էլ վարժական հավաքներ, էլ քրգործեր, էլ նպաստից զրկել, էլ գործի չընդունել, կամ գործից հանել։ Ու ամենակարևորը՝ մի կնոպկա սեղմելով, մեկ էլ Մեր Սրտի Վարչապետը ստանում ա միտինգի մասնակիցների ցուցակը։ Ու որ հասկանաք․ #թվայինկոնցլագեր հենց էս ա»։
Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ պարզ չէ, թե ոնց է համակարգը պաշտպանվելու արտաքին հարձակումներից․ «Բնականաբար, ինչպես անձնական տվյալների պաշտպանության խնդիրները, այնպես էլ ոստիկանության կողմից անհամաչափ կամ կոռումպացված կիրառման դեմ մեխանիզմների բացակայությունն այս օրինագծում, նաև անվտանգային խնդիրները հստակ չեն և պարզ էլ չէ, թե ոնց է համակարգը պաշտպանվելու արտաքին հարձակումներից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ