Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»

Հունվար 05,2025 08:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Արմեն Անդրիկյանն ու Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում են. «Ինչպես և ենթադրվում էր 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում:

Հաշվի առնելով այն հանգամանքները, որ.

ա) սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է,

բ)բառացիորեն կալանքի հիմք չկա ու դեռ մի բան էլ խոչընդոտման այդ վերացական հավանականությունը հերքվում է 4 տարվա քննությանը Տիրան Խաչատրյանի փաստացի դրսևորած վարքով

գ) այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ)

դ) չհիմնավորվեց, թե նման աննախադեպ իրավիճակում այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը (գրավ և տնային կալանք) ինչով չի զսպելու խոչընդոտման վկայակոչված վերացական ռիսկը

վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն` Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ` նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:

Առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ և ըստ անհրաժեշտության:

Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում»:

Ավելի վաղ փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր. «Պաշտպանական կողմին կալանքի միջնորդությանն ու 5 հատորից (մոտ 1200 էջ) բաղկացած գործի նյութերին ծանոթանալու նպատակով տրամադրվեց ընդամենը 2 ժամ: Այնինչ` 2 ժամ տևեց ընդամենը քննիչի կողմից 84 էջանոց կալանքի միջնորդությունն ընթերցելը: Այսինքն` գործի նյութերը զուտ արագ կարդալու համար մեզ առնվազն պետք էր դա անել 12 ժամ և անդադար:

Կալանքի հիմքում դրվել է բացառապես «վարույթին խոչընդոտելու ռիսկը», որի տակ որևէ փաստական տվյալ չկա` նույնիսկ մի «անմեղ» փաստական տվյալ այլ զուտ վերացական ենթադրություն է: Ավելին, 4 տարի քննվող այս գործի ընթացքում Տիրան Խաչատրյանի կողմից ոչ միայն որևէ խոչընդոտող գործողություն կամ նման փորձ չի կատարվել, դեռ հակառակը` գեներալ-լեյտենանտը քանիցս հարցաքննվել է վկայի կարգավիճակով ու տվել համապարփակ ցուցմունքներ:

Չնայած գայթակղությունը մեծ է այս դատարկ գործի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու, սակայն առնվազն այս պահին կաշկանդված ենք նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031