Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի դեմ պատժատեսակի մասին վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին

Հունվար 04,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նյու Յորքի դատարանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատժի հայտարարման օր է նշանակել հունվարի 10-ը՝ նախագահի լիազորությունների ստանձնման օրվանից 10 օր առաջ։ 

Գործը քննող դատավորն արդեն պարզաբանել է, որ քաղաքական գործչի անձնական գործերում նշում կարվի հանցագործության մասին։ Թրամփի դեմ դատական գործն, այդպիսով, կհամարվի ավարտված։

Դատավոր Խուան Միքամը հստակեցրել է՝ Թրամփը չի ազատազրկվի, տուգանքի կամ փորձաշրջանի չի ենթարկվի։

Նրա խոսքով՝ բոլորը հավասար են օրենքի առջև և երդվյալ ատենակալների դիրքորոշումը պետք է պահպանվի, բայց «նախագահը պետք է պաշտպանի ազգի շահերը, առանց կաշկանդող դատական ընթացակարգերի»։

Պայքար «ձեռքառնոցիի» դեմ

Նախկին նախագահի հաղորդակցության ծառայության ղեկավար Ստիվեն Չենգը դատավորի հայտնած դիրքորոշմանն ի արձագանք ասել է, որ դատարանը պետք է վճիռ չկայացնի և համոզմունք հայտնել, որ Թրամփը կշարունակի պայքարել այս «ձեռքառնոցիի» դեմ։

Առայժմ, սակայն, պաշտպանական կողմը հետագա կոնկրետ գործողությունների մասին չի հայտնում։

Նախապատմություն

Մայիսին Նյու Յորքում Դոնալդ Թրամփի գործով երդվյալ ատենակալները նախկին նախագահին մեղավոր ճանաչեցին ներկայացված բոլոր 34 դրվագներով։ Դա ներառում է 2016 թվականի նախագահական, Թրամփի համար հաղթական, ընտրությանն ընդառաջ իր և իր կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի կեղծումը, որի նպատակն է եղել գումարային փոխանցումներ կազմակերպել Թրամփի հետ ենթադրաբար ինտիմ կապ ունեցած պոռնոաստղ Սթորմի Դենիելսի համար, որպեսզի նա լռի։

Սպիտակ տան նախկին և ապագա առաջնորդի պատժատեսակը պետք է հայտնի դառնար հուլիսին, սակայն պաշտպանական կողմի հայտով այն երկու անգամ հետաձգվել է։

Համատեքստ

Այսպիսով՝ Դոնալդ Թրամփը մեղավոր ճանաչված և առնվազն երդվյալ ատենակալների աչքերով հանցագործ առաջին քաղաքացին է, որը կառաջնորդի Միացյալ Նահանգները։

Երբ Թրամփը մայիսին մեղավոր ճանաչվեց, նա նախագահության թեկնածու էր։ Այդ ժամանակ մամուլում և ամերիկյան հասարակության մեջ հարցեր առաջացան, թե արդյո՞ք հանցագործության համար մեղավոր ճանաչված անձը կարող է ընտրվել նախագահ։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի հունվարի 20-ից մինչև 2021-ի նույն օրը։ Նա 2020-ի ընտրության պաշտոնական արդյունքներով պարտվեց Ջո Բայդենին։

Չորս տարի անց, սակայն, 78-ամյա հանրապետական գործիչը պարտության մատնեց Ջո Բայդենի փոխնախագահ Քամալա Հարիսին և հունվարի 20-ին ևս չորս տարով կվերադառնա Վաշինգտոն՝ Սպիտակ տուն։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031