Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն. «Ամերիկայի ձայն»

Հունվար 04,2025 21:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի հարցով խորհրդականներ է ընտրել երկու գործարարների, որոնց հետ սերտ կապեր ունի։

Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնացին Դոնալդ Թրամփը նշանակելու է վաղեմի ընկեր Սթիվեն Վիտկոֆին։ Նա Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում հայտնի ներդրող է և պարբերաբար քարոզարշավ էր իրականացնում հօգուտ Թրամփի վերընտրության:

Նման սերտ հարաբերությունները կօգնեն Վիտկոֆին տարածաշրջանային իր առաքելությունում՝ ասում է ազգային անվտանգության գծով վերլուծաբան Էլիսոն ՄըքՄանուսը:

«Քանի որ Վիտկոֆը պետք է ճանապարհորդի, հանդիպի օտարերկրյա գործընկերների, պետությունների ղեկավարների, նախարարների, կկարողանա այնպիսի ազդեցություն ունենալ, որը [կնշանակի], թե նա խոսում է [ԱՄՆ] նախագահի անունից, ունի հեղինակություն նման միջավայրերում»,- ասել է ՄըքՄանուսը:

Անցած տարվա մայիսին Վիտկոֆը Կատարում էր՝ գովաբանելով Պարսից ծոցի այդ միապետությունը՝ տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու համար՝ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով:

«Դա զգում եմ Կատարում: Նրանք ունեին այնպիսի տնտեսություն, որը ավելի շատ միտված էր դեպի նավթաքիմիական և բնական գազին առնչվող ոլորտներ: Նրանք ընդլայնվում են: Զբոսաշրջությունը վերելք է ապրել։ Այստեղ հյուրանոցները հոյակապ են։ Ո՞վ չի վերադառնա այս տարածաշրջան»,- ասել է Վիտկոֆը:

Դիտորդները չեն բացառում, որ պետական պաշտոնում նշանակվելուց հետո Վիտկոֆը կարող է հարկադրաբար հրաժարվել Պարսից ծոցի երկրների հետ անշարժ գույքի գծով գործարքներից՝ շահերի բախումից խուսափելու համար, ինչը պահանջում են ԱՄՆ օրենքները:

«Անկասկած մտահոգություն է առաջացնում, քանի որ տեսնում ենք գործարար համայնքի ներկայացուցիչներին այնպիսի դերերում, որտեղ նրանք կարող են անձամբ հարստանալ բանակցությունների միջոցով, որոնք կարող են ավելի բարենպաստ իրավիճակի հանգեցնել որոշ երկրների համար։ Օրինակ, [Պարսից] ծոցի երկրների: Նաև՝ [հարց է, թե] ինչ կարող է այդ նշանակել նրանց առաջնահերթությունների, շահերի տեսանկյունից»,- ասել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ներկայացուցիչ Էլիսոն ՄըքՄանուսը։

Հայտնի է, որ Թրամփի նոր վարչակազմում Մասադ Բուլոսը ծառայելու է արաբական և մերձավորարևելյան հարցերով Թրամփի ավագ խորհրդական։ Նա Դոնալդ Թրամփի դստեր՝ Թիֆանիի սկեսրայրն է։

Լիբանանյան ծագմամբ ամերիկացի գործարարը նույնպես Թրամփի օգտին քարոզարշավ էր իրականացնում՝ Միչիգան նահանգում աշխատելով արաբական ծագմամբ ամերիկացիների ուղղությամբ:

Բուլոսը SCOA Nigeria-ի գործադիր տնօրենն է։ Ընկերությունը վաճառում է բեռնատարներ և ծանր տեխնիկա աֆրիկյան այդ երկրում:

Նա ծնվել է Լիբանանում, քրիստոնյա հույների ընտանիքում՝ հյուսիսային Լիբանանի Քֆար Աքքա գյուղում, ուր նրա հայրը գյուղապետ էր:

Անցած տարվա հոկտեմբերին Բուլոսը հայտարարեց, թե տարածաշրջանում հակամարտությունն իրեն թույլ չի տալիս վերադառնալ Լիբանան

«Այդ իրավիճակի պատճառով երկար տարիներ չեմ կարողացել վերադառնալ իմ հայրենի երկիր, իմ հայրենիք: Կցանկանայի վերադառնալ: Կցանկանայի, որ իմ երեխաները վերադառնան Լիբանան: Լիբանանը նախկինում հայտնի էր … որպես Մերձավոր Արևելքի Շվեյցարիա, իսկ Բեյրութը Մերձավոր Արևելքի Փարիզն էր: Ուզում ենք, որ սա վերադառնա»,- ասել է Բուլոսը։

Ինչևէ, Թրամփի մերձավորարևելյան թիմին դյուրին աշխատանք չի սպասվում, և Վաշինգտոնի օրակարգում են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանի հետ կապված, և Իսրայել – Սաուդյան Արաբիա հարաբերությունների ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031